«Մոսկվան կփորձի կանխել իշխանափոխության ցանկացած լուրջ փորձ». Լիլիթ Գևորգյան
168.am-ի զրուցակիցն է զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Տիկին Գևորգյան, արդեն 5 օր «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն իր շուրջ է համախմբել հազարավոր երիտասարդների, որոնք պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, թեև դրվում են այլ պահանջներ ևս հնչող կոչերում: Ռուսաստանյան փորձագետները Երևանում տեղի ունեցողը նմանեցնում են ուկրաինական «Մայդանին»: Ձեր տպավորությամբ` ի՞նչ է կատարվում Երևանում:
– Սա դասական քաղաքացիական շարժում է: Այն շատ ավելի գրավիչ է մարդկանց համար՝ հենց ապակուսակցական լինելու և ճանաչելի առաջնորդ չունենալու պատճառով: Երիտասարդների անվախ կեցվածքը մարդկանց զգուշավոր հավատ է տվել, որ, չնայած տասնամյակների ձախողումներին, իրենք կարող են արդյունքի հասնել, եթե հավատան իրենց ուժերին, չվախենան և հետևողական լինեն, այն, ինչ տարիներ շարունակ չեն արել:
Հայաստանի երիտասարդությունը որոշել է վերջ տալ իր ձայնազուրկ վիճակին, որի մեջ հայտնվել է երկրի քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների անվերջ ձախողումների և, իհարկե, ղեկավարող նեղ շրջանակի տասնամյակից ավելի անդադար ջանքերով:
Արդյունքում՝ երկրի ամենամեծ պոտենցիալով երիտասարդ զանգվածը հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ: Նրանցից շատերն ամենևին աղքատության մեջ չեն, բայց դեմ են ապրել մի համակարգում, որ տարիների ընթացքում դարձել է էֆեկտիվ կեղեքման մեքենա և ծառայում է միայն վերնախավին: Ավելին, եթե այն չկանգնեցվի, ապա հայկական պետության հիմքերն է խարխլելու, որի նշաններն արդեն հստակ երևում են:
Այս քաղաքական մեկուսացմանը վերջ տալու քայլերից մեկը հետևողական պայքարն է Հայաստանում մոլեգնող կաշառակերության դեմ: Էլեկտրաէներգիայի գների բարձրացումը դրա լավ օրինակն է: Գների բարձրացումը պարզապես պայթեցրեց արդեն շիկացած վիճակը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն վերադարձել է իր արդեն ավանդական դարձած «պաշարված գերտերության» մտածողությանը, որի համաձայն՝ Մոսկվան զոհն է Արևմուտքի բացահայտ և թաքնված հարվածների, որոնց նպատակը Ռուսաստանի թուլացումն ու մասնատումն է:
Միանգամայն սպասելի էր, որ Հայաստանում ռուսական ընկերության դեմ շարժումը Ռուսաստանում ընկալվեց՝ որպես հերթական ուկրաինական մայդան, որը Ռուսաստանում դարձել է Արևմուտքի մեքենայությունների խորհրդանիշ: Թեև շատ ռուս քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ չեն բացառում, որ հետխորհրդային երկրներում խնդիրներ կան՝ կաշառակերության հետ կապված: Այնուամենայնիվ, Electric Yerevan-ի նման անհնազանդության շարժումները համարում են Արևմտյան գործակալների սադրանք, որ նյութվում է Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Արդյունքում՝ արդարություն պահանջող անմեղ քաղաքացիներին այդ մութ ուժերը հրահրում են հեղաշրջման: Սրանից տուժում են սովորական քաղաքացիները, նաև Ռուսաստանի քաղաքական և տնտեսական շահերը, իսկ ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի մեծ ֆիրմաները, ի վերջո, շահում են: Մինչդեռ Արևմուտքում մայդանը ժողովրդավարական ամենահզոր խորհրդանիշն է:
Սրանք երկուսն էլ չափազանցված նկարագրություններ են, և երկու կողմերի պրոպագանդայի արդյունքն են: Եթե նման գաղափարախոսական պայքար չլիներ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ապա նույնիսկ անհեթեթ կլիներ վերլուծել, թե արդյո՞ք Electric Yerevan-ը մայդան է: Իհարկե, իբրև լայնածավալ քաղաքացիական շարժումներ, որ սկսվեցին հատկապես կաշառակերության դեմ պայքարի պահանջով, նմանություններ կան: Բայց, Հայաստանի շարժումը տարբերվում է մայդանից նրանով, որ այն շարունակում է մնալ ապակուսակցական: Եվ ամենակարևորը, ի տարբերություն ուկրաինացիների, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման որևէ հարց չի դրվում:
Ուկրաինացիները բացահայտ հակառուսական դիրքորոշում ունեին, պահանջելով, որ իրենց ղեկավարությունը ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Նրանք ռուսական ազդեցությունն էին համարում իրենց երկրում տիրող չարիքների արմատը: Հայաստանի ցուցարարներն ավելի զգույշ են այդ առումով, եթե անգամ գիտակցում են Ռուսասատանի վատ ազդեցությունը երկրի քաղաքական և տնտեսական առողջության վրա:
Ամեն դեպքում, արտաքին քաղաքական կուրսի վերանայման հարցը դեռ չկա, քանի որ շատերը շարունակում են դիտել Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները՝ իբրև Հայաստանի անվտանգության երաշխիք: Բացի այդ, ՈՒկրաինայի տխուր ճակատագիրն ու Արևմուտքի դանդաղ և թույլ արձագանքն ուկրաինական ճգնաժամին շատերի համար օրինակ է՝ հույսն օտարների վրա չդնելու և շարժումն արտաքին քաղաքականության հետ չխառնելու համար:
– Ռուսաստանյան ԶԼՄ-ների, փորձագետների անդրադարձից ակնհայտ է դառնում, որ ՌԴ-ն, փաստորեն, վախենում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը կարող է վերաճել շատ ավելի մասշտաբային պայքարի, որը կարող է լուրջ խնդիրներ ու պահանջներ առաջադրել, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ: Հատկապես ի՞նչն է, ըստ Ձեզ, մտահոգում ՌԴ-ին:
– Ռուսաստանին պետք է հնազանդ Հայաստան, որն արտաքին քաղաքականության առումով կունենա ձևական անկախություն, իսկ տնտեսական և անվտանգության առումով լրիվ կախված կլինի Մոսկվայից: Մոսկվան գրեթե հասել է իր նպատակին: Ռուսաստանի ամենամեծ մտահոգությունն իշխանափոխությունն է Հայաստանում` առանց իր օրհնանքի: Նոր և ժողովրդին պատասխան տվող իշխանություններն անխուսափելիորեն դեմ դուրս կգան Ռուսաստանի պետական և նաև տնտեսական շահերին, որոնք ամրագրվել են Հայաստանում ոչ թափանցիկ ձևով: Էներգետիկ ոլորտում վիճակը դրա վառ օրինակներից է:
Այսինքն՝ Ռուսաստանի պետական շահերը հակասում են Հայասատանի քաղաքացիական շարժման շահերին: Սա լուրջ արգելք է այն հայ քաղաքացիների համար, ովքեր ներկայիս քաղաքական համակարգի և իշխանության պայմաններում այլևս չեն ցանկանում կամ չեն կարողանում ապրել: Բայց անհաղթահարելի արգելք չէ:
Հայաստանում ծավալվող շարժումն անպատվաբեր է Ռուսաստանի համար: Այն մերկացնում է Ռուսաստանի հետ սերտանալու վտանգները, հատկապես՝ տնտեսական առումով: Հայաստանյան դեպքերը ցույց են տալիս, որ տնտեսական և քաղաքական միությունը Ռուսաստանի հետ ոչ միային շահավետ չէ, այլ որոշ դեպքերում՝ նույնիսկ վնասակար է: Հիշեցնեմ, որ Հայաստանի Մաքսային Միություն և ԵՏՄ մտնելու հիմնական փաստարկներից մեկը հենց տնտեսական շահավետությունն էր:
Ավելին, ավելի անպատվաբեր է Ռուսաստանի համար, որ հենց ռուսական ընկերության ենթադրյալ կաշառակեր վարքագծի պատճառով սկսվեց ժողովրդական շարժում, որը դեռ կարող է նաև հակառուսական դիրք գրավել, եթե Մոսկվան կոշտ դիրք բռնի և խրախուսի կամ նույնիսկ աջակցի ներկայիս հայկական իշխանություններին՝ ցուցարարների նկատմանբ բռնություն գործել:
– Ռուսաստանցի փորձագետներից մեկը պնդեց, որ ՌԴ-ն երկար չի հանդուրժի անկայունություն Երևանում, թեև պետք է օգտվի իրավիճակից և վերացնի Հայաստանում հակառուսական տրամադրությունները: Ինչպիսի՞ն է լինելու ռուսական արձագանքը գործողությունների տեսքով, այսինքն` ոչ պաշտոնական մակարդակում:
– Մոսկվան կփորձի կանխել իշխանափոխության ցանկացած լուրջ կազմակերպված փորձ: Գրեթե վստահ եմ, որ նման զարգացումների դեպքում ռուսական ԶԼՄ-ներն Էլ ավելի կաղճատեն իրականությունը՝ ներկայացնելով շարժումն իբրև Արևմուտքի կողմից ֆինանսավորվող փոքրաթիվ անկայուն երիտասարդների կողմից բռնի հեղաշրջման փորձ: Սա կարող է հող պատրաստել բացահայտ կամ քողարկված միջամտության համար:
2014-ին ՈՒկրաինայում իշխանափոխությունից անմիջապես հետո ՀԱՊԿ-ի ժողովներից մեկում Ռուսաստանի ներկայացուցիչը հստակեցրեց, որ այսուհետ չեն հանդուրժելու հեղաշրջումներ ԱՊՀ երկրներում: Դրանք կանխելու համար առաջարկվեց արագ արձագանքման հատուկ ուժերի ստեղծում: Ես դեռ որևէ փաստ կամ հաղորդագրություն չեմ տեսել, որ նման միջամտություն կլինի, չնայած մամուլում որոշ չհիմնավորված հաղորդագրություններ եղել են: Նման միջամտության հավանականությունը շատ քիչ է հիմա, քանի որ դա կարող է ծանր և կանխատեսելի հետևանքներ ունենալ:
Հայաստանի վրա Ռուսաստանը շատ ավելի հզոր լծակներ ունի ազդելու, քան ՈՒկրաինայի վրա, երբ մայդանը նոր էր թափ հավաքում: Բայց ամեն դեպքում՝ Մոսկվան կփորձի լինել ավելի զգուշավոր, փոխզիջումների կգնա իրավիճակն արագ նորմալացնելու համար:
Հակառակ շատ հայաստանցիների և նաև ռուսների այն կարծրացած կարծիքին, թե Հայաստանն ապրում է միայն Ռուսաստանի բարերար հովանավորության շնորհիվ, ռուսական քաղաքական առաջնորդները գիտեն, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի, ուստի նրանք պատրաստ են փոխզիջումներով որոշ ոչ համակարգային խնդիրներ լուծել:
Բայց Ռուսաստանը կշարունակի մնալ ներկայիս արատավոր համակարգի սատարողը և իր բոլոր լծակները կօգտագործի քաղաքական երկրաշարժը կանխարգելելու համար:
– «Ո՛չ թալանին» շարժումը շատ ավելի լուրջ պահանջներ դնելու ներուժ ունի՞:
– Անխոս: Սա համակարգի դեմ ուղղված շարժում է: Հայաստանում թե քաղաքական, թե տնտեսական համակարգը բուրգի տեսք ունի: Այն կեղեքիչ է, որտեղ բուրգի վերնախավը շարունակաբար կատարելագործում է իշխանությունն իր ձեռքում պահելու ձևերը և զրկում է մյուս քաղաքացիներին պետության կառավարման, տնտեսության մեջ բաժին ունենալու հնարավորությունից:
Ի վերջո, ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, համակարգը երկիրը վերածում է ոստիկանական միապետության: Պատահական չէ, որ Հայաստանի ներքին գործերի համար հատկացվող բյուջետային ծախսերը վերջին տարիներին շարունակում են աճել, փոխարենը՝ այլ սոցիալական ծախսերը նվազում են: Նման համակարգը դուրս է մղում միջին խավին ևս: Միջին խավը որոշ տնտեսական հնարավորություններ ունի, բայց նրանց բիզնեսը պաշտպանված չէ բուրգի վերնախավի հարձակումներից:
«Ո՛չ թալանին» շարժումը միավորում է գրեթե բոլորին, ովքեր բուրգի վերևում չեն և ուզում են արմատական փոփոխություններ: Շարժումը նաև գրավիչ է, քանի որ երիտասարդական է և հայտնի, առավել ևս, նախկինում իշխանության մեջ եղած կասկածելի քաղաքական բեռ ունեցող առաջնորդներ չունի:
Նման խաղաղ անհնազանդության շարժումների հաղթանակի գրավականը, ըստ իս, հետևողականությունն է և ամուր հավատը հաջողության, չնայած հնարավոր փոքր պարտությունների: Կարևոր է նաև ունենալ ճկուն մարտավարություն: Ի վերջո, առաջ կգան նաև առաջնորդներ, բայց կարևորն առաջնորդների լայն թիմ ունենալն է, այն կօգնի շարժմանն անհատականացումից խուսափել:
Պետք է նշել, որ «Ո՛չ թալանին» շարժման խորհրդանիշները, պատգամները և խաղաղ մոտեցումը, չնայած Ոստիկանության բռնություններին, շատ տպավորիչ են և շատ նման այլ հաջող քաղաքացիական շարժումների: Մայդանն ի նկատի չունեմ:
– Ըստ Ձեզ` ի՞նչ ուղիով կընթանա պայքարը, եթե պահանջները չիրականացվեն:
– Որքան էլ զարմանալի հնչի, իրադաձությունների ելքը թելադրողը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ ՀՀ իշխանություները, այլ «Ո՛չ թալանին» շարժումը, ինչքան էլ այն փխրուն և դիլետանտ թվա:
Նման քաղաքացիական շարժումները կարող են շատերին նույնիսկ անլուրջ, տարերային, զգացմունքային և հետևաբար՝ թույլ թվալ: Բայց վերջին 6-7 տասնամյակների տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ հենց այս տեսակի խաղաղ շարժումներն են ամենահաջողը, համեմատած լավ կազմակերպված և նաև զինյալ պայքարի ձևերին:
Համառ և աննահանջ պայքարի դեպքում, անգամ նոր բռնությունների դեպքում, «Ո՛չ թալանին» շարժումը կարող է հասնել իր նպատակներին: Պարզապես այն կարող է երկար տևել:
– Ձեր կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ուղղված են պահանջները, ինչպե՞ս կվարվի:
– Կարծում եմ՝ առաջին քայլերն ուղղված կլինեն Մոսկվային վստահեցնելու, որ շարժումը հակառուսական չէ, այլ ՀԷՑ-ի հետ կապված խնդիրների արդյունք: Վարագույրի հետևում գուցե նաև որոշ խնդիրներ լուծվեն, ներառյալ՝ Հայաստանի ֆինանսավորման մեծացումը:
Բայց արագ զիջումներ երևի չեն լինի սակագնի հարցում, քանի որ իշխանությունները հասկանում են, որ այդ փոքր հաղթանակը կարող է ցուցարարներին ոգևորել՝ ավելի լուրջ պահանջներ դնեն, ներառյալ՝ նախագահի հրաժարականը:
Իշխանությունները կփորձեն արգելել մշտական ցույցը, շատ հավանական է, որ այն կցրվի ուժի կիրառմամբ: Բայց սա կլինի այն ժամանակ, երբ ցուցարարների թիվը սկսի նվազել: Բայց նաև փորձ կարվի, ռուսական կողմի հետ միասին, որոշ կադրային փոփոխություններ կատարել ՀԷՑ-ում, փորձել բանակցել ցուցարարների հետ:
Եթե անգամ շարժումն ավելի ընդլայնվի և հզորանա, չեմ կարծում, որ Ս. Սարգսյանն ինքնակամ հրաժարական կտա: Համակարգը շատ ավելի ագրեսիվ կդառնա, եթե զգա, որ իր գոյությունն իսկապես վտանգված է: Վերջում նորից կուզեմ ասել, որ այն քաղաքացիական շարժումը, որն ունի հստակ պահանջներ, աննահանջ ու համառ է, կարող է անհավանական արդյունքների հասնել:
Հ. Գ. Նշենք, որ հարցազրույցը պատրաստվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ Կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: