Արևմուտքը չի կողմնորոշվել Հարավային Կովկասի հարցում, քանի որ խրտնած է ռուսական ներկայությունից. Թրեյսի Ջերման
168.am-ի զրուցակիցն է Չեչնիայում շարունակվող հակամարտությամբ, կովկասյան և Կենտրոնական Ասիայի անվտանգությամբ, հետսովետական երկրներում էներգետիկ հիմնահարցերով զբաղվող, Լոնդոնի «Քինգզ» քոլեջի դոկտոր Թրեյսի Ջերմանը:
– Տիկին Ջերման, նախորդ տարվանից սրվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, թեև կողմերը հրադադարի պայմանագիր են ստորագրել 1994թ.: Ձեր կարծիքով` ինչո՞ւ հակամարտության գոտում իրավիճակը միանգամից սրվեց, թեև նախկինում ևս արձանագրվում էին լարվածության փուլեր: Բացի հակամարտող կողմերից, կոնֆլիկտում արտաքին հետաքրքրված խաղացողներ Դուք տեսնո՞ւմ եք:
– Ես չեմ կարող ասել, որ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հարցում հետաքրքրված կողմ կա: Մենք պարզապես տեսնում ենք, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն է ավելի ուժեղացել, բայց ես չեմ կարծում, որ պատերազմի վերսկսումը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ դրանով Ադրբեջանը կկորցնի խոշոր միջազգային ներդրումներ և արևմտյան ներկայություն Ադրբեջանում:
Կարծում եմ, որ եթե խոսում ենք արտաքին խաղացողներից, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանը շատ կարևոր խաղացող է: Ռուսաստանը խաղացող է, որն ունի հզոր ազդեցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ: Եթե Ռուսաստանը որոշի, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն կկարգավորվի: Ռուսաստանը կկարողանա կողմերին մոտեցնել, սակայն ներկայումս հիմքեր չունեմ պնդելու, որ նման բան տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ չկա նման մտադրություն, ուստիև իրավիճակը բավականին վտանգավոր է:
– Ըստ Ձեզ` ՌԴ ներկայիս նպատակը հակամարտությունը պարզապես սրված վիճակում պահե՞լն է:
– Ռուսաստանը պնդում է, որ իր քաղաքականությունը հավասարակշռված քաղաքականություն է, երկու կողմին էլ մատակարարում է զենք՝ հանդիսանալով սպառազինության մատակարարման աշխարհի առաջատարներից մեկը: Դրանով իսկ լավ բիզնես է անում, գումարներ է աշխատում, այսինքն` Ռուսաստանը պրագմատիկ է, թեև դրանով կողմերը չափազանց ռազմականանում են, ինչն է՛լ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը: Սա և՛ բիզնես, և՛ քաղաքական տեսակետից ձեռնտու է Ռուսաստանի համար, քանի որ Հարավային Կովկասում արևմտյան պասիվության ֆոնին հաստատում է իր հզոր ազդեցությունը:
– Թվում էր` ուկրաինական ճգնաժամը պետք է դաս դառնար Արևմուտքի համար, որը, ըստ մի շարք միջազգայնագետների, այսուհետ պետք է ամրապնդեր իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ այն թուլացած էր: Հավասարակշռությունը կոտրված է Հարավային Կովկասում՝ ևս: Արևմուտքը դիտարկո՞ւմ է այն վերականգնելու հնարավորությունը:
– ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ինչ-որ առումով խրտնել են ռուսական ամուր ներկայությունից ինչ-ինչ տարածաշրջաններում: Ես չեմ կարծում, որ հակառակն անելու քաղաքական կամքը չկա, պարզապես այս կառույցներում չկա կոնսենսուս, թե ինչպես առաջ շարժվել՝ Հարավային Կովկասում ավելի լայնորեն ներգրավվելու հարցում: Դա է խնդիրը: Կարծում եմ, որ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամային իրավիճակի պայմաններում ավելի շատ է խոսվում Հարավային Կովկասում և, հատկապես՝ հետսովետական տարածքում Արևմուտքի ավելի ակտիվ ներկայության մասին: Սակայն կա մեկ այլ կարծիք շատ երկրների շրջանում, որ պետք է փորձել պահել լավ հարաբերություններ Մոսկվայի հետ: Տեսակետների լուրջ տարբերություն կա Արևմուտքում: Ես լիահույս չեմ, որ Հարավային Կովկասում արևմտյան ներգրավման հարցը մոտ ապագայում լուծվելու է: Այսինքն` կոնսենսուսի բացակայությունը խոչընդոտում է:
– Այդ դեպքում Հարավային Կովկասի երկրներն ինչպե՞ս պետք է հաղթահարեն ռուսական ճնշումները և ամբողջությամբ չհայտնվեն ռուսական ուղեծրում:
– Սա դժվար հարց է: Մենք գիտենք, թե ինչպիսի վտանգներով է լի իրավիճակը Վրաստանում, Հայաստանում: Վրաստանը հանձնառու է իր՝ ՆԱՏՕ անդամակցության ցանկությանը, ԵՄ-ին ինտեգրացիային…: Հայաստանը պետք է շատ դժվար որոշում կայացնի արտաքին քաղաքականության իր ուղղղության վերաբերյալ: Ամենալավը, ինչ կարող են անել, արևմտյան կառույցներին հնարավորինս մերձենալն է, դրանով իսկ ստեղծելով որոշակի հավասարակշռություն, բայց իրավիճակն իսկապես բարդ է, քանի որ Արևմուտքն այսօր չի կողմնորոշվել այս հարցում: