
Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի

Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։
Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։
Կանադան բազմաթիվ ցավակցական հաղորդագրություններ է ստացել աշխարհի տարբեր երկրների և կառույցների ղեկավարներից, որոնց թվում են Ֆիլիպինների նախագահ Բոնգբոնգ Մարկոսը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և այլք։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ողբերգությունը տեղի է ունեցել Կանադայում մարտի 28-ին նախատեսված դաշնային ընտրություններից երկու օր առաջ։