«Սրանք էթնիկական մուտանտներ են. մասշտաբային աղետ են նախապատրաստում Հայաստանի համար». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է, որ Փաշինյանը վերջին շրջանում շատ է գործածում սոցիալ-հոգեբանություն տերմինը, բայց այնպիսի կոնտեքստներում, որոնց հետ այն կապ չունի:

«Լավ կլինի՝ մի քիչ ուսումնասիրի, հետո նոր այն գործածի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով «Քաղաքացու օրվա» առիթով Փաշինյանի ուղերձին, ասաց նա:

Իր ուղերձում Փաշինյանը նշել էր. «Հեղափոխությունից առաջ պետությունն էր Քաղաքացու տերը, Հեղափոխությունից հետո Քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ-հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ»։

Կարինե Նալչաջյանն այստեղ տեսնում է պատասխանատվության ուղղորդում դեպի ժողովուրդը. «Այսինքն՝ այն, ինչ իրենց ձեռամբ տեղի է ունենում, ժողովուրդն է տերը: Եթե գա այն բաղձալի օրը, երբ հասնի նրա պատասխանատվություն կրելու պահը, նա ասելու է՝ ժողովուրդն է ինձ ընտրել, թեպետ այդ ասածի հիմքերը խախուտ են: Այդ խմբակի դիրքորոշումն այդպիսին է, չեն դադարում ժողովրդի անունը տալ: Նրանք կորցրել են իրենց սոցիալական հենարանը, բայց շարունակում են ասել՝ ժողովուրդը»:

Կարդացեք նաև

2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացան Երևանի 29-ամյա բնակչուհի Սոնա Մնացականյանը և նրա դեռևս չծնված երեխան: Հարուցված քրեական գործով մեղադրյալ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը գտնվում է ազատության մեջ:

Հոգեբանի դիտարկմամբ՝ այս ողբերգական տարելիցին պետք է գոնե դա հիշեին իշխանությունները, բայց նրանցից բարոյական ապրումներ չի սպասում. «Նրանք դուրս են եկել այն փուլից, երբ քողարկում էին իրենց իրական դեմքը»:

Կարինե Նալչաջյանի համոզմամբ՝ գործող իշխանությունների թրքասիրությունն ակնհայտ է.

«Ակնհայտ է, որ իրենք ծառայում են թուրքին: Բայց իրենք արդեն գործում են իրենց խելքով: Ես նկատում եմ, որ ՔՊ-ական խաժամուժը մի տեսակ առանց իրար հերթ տալու՝ Նիկոլի համար ականջահաճո ինչ-որ բան է ուզում ասել: Տպավորություն է, որ սրանք հիմա գործում են Նիկոլի ինտելեկտով և թելադրանքով: Ընդ որում՝ այնտեղ ինտելեկտուալ հրետանի ունեն, որը նստած՝ Դաշնակցություն է վարկաբեկում, Ցեղասպանության ուրացման, այն կասկածի տակ դնելու վերաբերյալ բաներ են ասում, բայց դա ապարդյուն է: Իրենց կերպարը պարզ է: Ես հաճախ եմ ասել, որ մեր հասարակությունը զոհի է վերածվել, բայց աստիճանաբար մեր ժողովուրդը շտկում է ողնաշարը»:

Նա տպավորություն ունի, որ գործող իշխանության ներկայացուցիչները վաղուց մուտացիայի են ենթարկվել.

«Սրանք էթնիկական մուտանտներ են, մուտացիայի են ենթարկվել և հոգեբանորեն թշնամական տիրույթում են, թշնամական քաղաքականություն են վարում հայի նկատմամբ: Ես տպավորություն ունեմ, որ իրենք մասշտաբային աղետ են նախապատրաստում Հայաստանի համար, և արդեն հիմիկվանից զբաղված են այդ գալիք աղետի պատասխանատուներ փնտրելով, ասում են՝ ընդդիմությունն այսինչ բանն է ասում՝ Ադրբեջանը կհարձակվի, դրոշը այրեցին՝ Ադրբեջանը կրակեց, այսինքն՝ իրենք նախապատրաստում են աղետ, նշանակում են պատասխանատուներ, ինչը նրանց բնույթին հարիր է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս