
Սխալ պատրաստված պրոթեզը, պապիլոմավիրուսը, ծխելը՝ գլխի և պարանոցի շրջանում քաղցկեղի պատճառ
Պարանոցի և գլխի շրջանում ուռուցքները գնալով ավելի հաճախակի են դառնում, սակայն դրանց մասին դեռևս քիչ են տեղեկությունները։ Ինչպե՞ս են զարգանում, որո՞նք են ախտանշանները։ Այս մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սերգեյ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Հայկ Բաբայանի հետ։
– Բժի՛շկ, ո՞ր դեպքում են գլխի և պարանոցի շրջանում ուռուցքներ զարգանում։
– Գլխի և պարանոցի զոնան ներառում է շատ մեծ համակարգային դաշտ, ինչն էլ պարունակում է տարբեր անատոմիական միավորներ, որոնք իրարից գրեթե ամեն ինչով տարբերվում են։ Դրանք են՝ բերանի խոռոչը, քթի խոռոչը, ակնակապիճը, պարանոցը՝ իր ամբողջ անատոմիական առանձնահատկություններով։ Նշված հատվածներում հանդիպող ուռուցքները կարող են բացարձակ տարբեր լինել իրարից։
– Գլխի շրջանում առկա ուռուցքի մասին ո՞ր ախտանշաններն են ահազանգում։
– Այստեղ կարևոր նրբություն կա․ գլխի և պարանոցի ուռուցքաբանության մեջ չի մտնում նեյրովիրաբուժությունը, որը գանգի խոռոչն է ներառում, ուղեղի կիսագնդերը, ողնուղեղը։ Մենք զբաղվում ենք մնացած զոնաների ուռուցքներով։ Հիմնական կլինիկական նշանները, որոնք բոլորը նկատում են, արյունահոսությունն է և ցավը։ Արյունահոսությունը կարող է լինել քթից, բերանի խոռոչի ինչ-որ հատվածից, որտեղ կարող է տեղակայված լինել ուռուցք, օրինակ, լեզվի, քիմքի շրջանում։
– Գլխացավերը, որոնք անգամ ցավազրկող դեղորայքի դեպքում չեն անցնում, արդյո՞ք հուշող տարբերակ են։
– Կախված կլինիկական նշաններից։ Եթե պարբերաբար են, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել։ Բոլորիս մոտ լինում են գլխացավեր՝ այս կամ այն պատճառով․ քիչ սնվել, քիչ քնել, հոգեհուզական վիճակ, գերծանրաբեռնվածություն։ Ամեն գլխացավից չէ, որ պետք է վախենալ, սակայն, երբ տեսնում ենք, որ այդ գլխացավերը պարբերաբար տատանվում են, շատանում ու հարցը ոչ մի կերպ չի լուծվում՝ միանշանակ պետք է դիմել բժշկի։ Հետազոտությունները կժխտեն կամ կհաստատեն կանխատեսումները։
– 2022թ․ վիճակագրական տվյալներով՝ 2443 հոգու մոտ բերանի խոռոչի, կոկորդի, ըմպանի քաղցկեղ է հաստատվել, և 84 տոկոսը տղամարդկանց մոտ է։ Սա ինչո՞վ է պայմանավորված։
– Ամենակարևոր ֆակտորն ալկոհոլի և ծխախոտի օգտագործումն է, որը մեր երկրում, ցավոք, չարաշահվում է։ Ու հենց դրանով պայմանավորված՝ տղամարդիկ գերազանցում են կանանց։ Երկրորդ պատճառը կարող է լինել Էպշտեյն-Բարի վիրուսը, մարդու պապիլոմավիրուսը, որի հետ հիմնականում կապված են քթըմպանի, բերան-ըմպանի ուռուցքները։ Պապիլոմավիրուսը սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների շարքից է, ու հիմնականում տուժում են երիտասարդները։
Կան որոշակի հետազոտություններ, որտեղ նկարագրված են թմրանյութի որոշ տեսակներ, որոնք հիմնականում օգտագործվում են իսլամական երկրներում։ Թմրանյութի պարկերը, որոնք շրթունքի անցման ծալքում տեղադրվում են ու օրվա ընթացքում անընդհատ նիկոտինի պաշար են ապահովում, անընդհատ լորձաթաղանթի հետ անմիջական շփման մեջ են գտնվում, և այդ հատվածում հավանական է՝ առաջանան ուռուցքներ։
– Պասիվ ծխողները մեխանիկորեն հայտնվո՞ւմ են ռիսկի գոտում։
– Ո’չ։ Օրական երկու տուփ ծխախոտին համարժեք պասիվ ծխող երևի չի լինի։ Հենց ծխողի մոտ առաջնային գոլորշին սկսում է մեխանիկորեն վնասել լորձաթաղանթը։
– Կա տեսակետ, որ ազդեցություն ունեն վատ պատրաստված պրոթեզները․ այդպե՞ս է։
– Այո’, ցավոք, նման բան կա։ Շատ հաճախ է հանդիպում։ Սխալ պատրաստված պրոթեզները կամ ատամների սուր եզրերը, որոնք կոտրվում և երկար ժամանակ չեն բուժվում և անընդհատ առաջացնում են թշի, լեզվի տրավմաներ, ամիսների ընթացքում այդ մեխանիկական տրավման վերածվում է խոցի, որի բջիջներում սկսում է առաջանալ չարորակացում և խոցն արդեն վերափոխվում է չարորակ ուռուցքի։
– Այսինքն, պրոթեզը ցավեցնում է, չեն դիմում բժշկի, դա՞ է խնդիրը։
– Այո՛։ Ցավեցնում է, իսկ ցավի պատճառը վնասումն է։ Մեր ազգը սիրում է դիմանալու պրոցեսը, որն այնքան էլ լավ չէ։ Կարելի է դիմանալ մեկ շաբաթ, բայց ոչ ամիսներ։ Այն արդեն հանգեցնում է մեծ բարդությունների։ Պրակտիկայում շատ ենք հանդիպում նման դեպքերի։ Բուժառուները մեզ դիմում են արդեն այն ժամանակ, երբ ուռուցքը 3-4-րդ փուլում է։
– Գլխի և պարանոցի շրջանում ուռուցքներն արա՞գ են զարգանում, թե՞ այն տարիներ է տևում։
– Հաշվի պետք է առնել լոկալիզացիան։ Այն ներառում է դեմքի, պարանոցի մաշկը։ Պարանոցում կարելի է առանձնացնել վահանաձև գեղձի ուռուցքները, կերակրափող-ըմպանային հատվածի ուռուցքները, շնչափողի խնդիրները։ Ինչպես գիտենք՝ վահանաձև գեղձի ուռուցքները մինչև 100 տոկոս բուժվում են ու շատ երկար ժամանակահատվածում են առաջանում, կարող են սկզբում կլինիկական նշաններ չունենալ։ Բայց քթըմպանի, բերանի խոռոչի ուռուցքը կարող է շատ արագ զարգանալ։ Օրինակ, եթե ակնակապճում կա ուռուցք, մեծանալով՝ սեղմելու է պատերն ու հանգեցնելու է ակնագնդի շարժի, սա էլ իր հերթին՝ բերելու է երկտեսության։ Եթե սեղմի տեսողական նյարդին, ապա կարող են տեսողական խանգարումներ լինել։ Այսինքն, կան ագրեսիվ զոնաներ և ուռուցքներ։
– Նախապես հնարավո՞ր է հետազոտություն կատարել, խնդիրը բացահայտել։
– Այս պարագայում օգտագործում ենք սքրինինգային մեթոդներ։ Լավ կլինի, որ մարդիկ տարին երկու անգամ անցնեն ԿՏ հետազոտություն, որի ժամանակ, երբ նկատվեն որոշակի անատոմիական տարբերություններ, շեղումներ, զոնան կոնկրետ կհետազոտվի։
Քանի որ ուռուցքաբանները չեն հանդիսանում առաջնային օղակ, առաջին զոնան ստոմատոլոգներն են, ովքեր կարող են հայտնաբերել այդ ուռուցքները, իսկ մյուսը պոլիկլինիկաների ուռուցքաբաններն են, ովքեր կարող են ճիշտ ուղղորդել։ Սա եթե ոչ՝ կանխարգելմանը, գոնե՝ վաղ հայտնաբերմանը կնպաստի։
– Դեպքերի մեծամասնությունը ո՞ր փուլում են հայտնաբերվում։
– 3-րդ և 4-րդ փուլում։ Դրանք տեղային տարածված ուռուցքներն են կամ հեռակա մետաստազավորված ուռուցքները, որոնք հատուկ բուժում են պահանջում։ 1-2-րդ փուլերում հնարավոր է բուժումն ավարտել միայն վիրահատական միջամտությամբ։
– Վերջերս գիտական հոդվածներից մեկում նշվում էր, որ ամեն օր մեկ բաժակ սուրճը կամ թեյն օգնում են խուսափել գլխի և պարանոցի հատվածում ուռուցքների առաջացումից։ Հնարավո՞ր է։
– Չեմ կարծում։ Մեր ազգը սրճամոլ է, և եթե այդպես լիներ՝ ուռուցքի ինդեքսը կիջներ զրոյի։
– Շատ է խոսվում արևի ճառագայթների ազդեցությամբ պայմանավորված ուռուցքների աճի մասին, որքանո՞վ է հավանական։
– Դա արդեն վաղուց ապացուցված է։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուղիղ ազդեցություն ունեն մաշկի վրա ու խթան են հանդիսանում որոշ տեսակի ուռուցքների առաջացման մեջ։ Դրանցից է մելանոման, տափակ բջջային քաղցկեղը, բազալ քաղցկեղը, որոնք հաճախ հանդիպում են բաց զոնաներում։ Ճառագայթների ուղիղ ազդեցության տակ են գտնվում ձեռքերը, դեմքը։ Դեմքին հաճախ հանդիպող հատվածը ստորին շրթունքն է, որն ավելի հարմար դիրք է գրավում ճառագայթ կլանելիս, քան վերին շրթունքը։
Մարդիկ, ովքեր աշխատում են դաշտերում և 8 ժամ արևի ճառագայթների ներքո են, նրանց մոտ հավանականությունն ավելի բարձր է, քան փակ տարածքներում աշխատողներինը։
– Բուժման բոլոր եղանակները ՀՀ-ում կիրառվո՞ւմ են, որովհետև հաճախ ենք լսում, որ մարդիկ այդ նպատակով արտերկիր են մեկնում։
– Հաճախ մեկնում էին, ցավոք, հիմա էլ կա ինչ-որ տոկոս, որ մտածում է՝ ՀՀ-ում բժշկությունն այն մակարդակի վրա չէ, որ կարողանան սպասարկել։ Բայց մենք ունենք երևի այն ամենը, ինչ կա արտերկրում։
– Վերջնական բուժում հնարավո՞ր է, թե՞ տարիներ է տևում։
– Պաթոլոգիաների ժամանակ կարելի է հասնել արդյունքի, երբ բուժառուն դիմում է 1-ին, 2-րդ փուլերի ժամանակ։ Այդ ժամանակ կարող ենք խնդիրը լուծված համարել՝ մի քանի տարի հիվանդին հետազոտելուց և մշտապես իրեն հսկողության տակ պահելուց հետո։ Գոնե 5 տարի, որից հետո կարելի է բուժառուին ապաքինված համարել։ Ավելի ուշ փուլերի ժամանակ այդ տակտիկան չի գործում։ 3-րդ, 4-րդ փուլերում ուռուցքները շատ մեծ հավանականություն ունեն մետաստազավորվելու ուրիշ տեղ, օրինակ՝ թոքեր, լյարդ, ներքին օրգաններ։ Այս դեպքում բուժառուին ապաքինված համարելն անհնար է։ Եթե անգամ ունենք տեղային տարածված ուռուցք, որին փորձում ենք ճնշել քիմիաճառագայթային բուժմամբ, այդ բուժառուները պետք է միշտ հսկողության տակ մնան, շատ ուշադիր լինեն իրենց օրգանիզմում յուրաքանչյուր փոփոխությանը։
– Գլխի ուռուցքները միանգամի՞ց են զարգանում։
– Կապ ունի բարորակ և չարորակ լինելու հետ։ Բարորակ ուռուցքները զարգանում են շատ դանդաղ՝ տարիների ընթացքում, տարեկան կարող են 1-2 միլիմետր մեծանալ, չեն ցավում, կլինիկական ոչ մի նշաններ չկան, հիմնականում բորբոքվում են, որի ժամանակ հնարավոր է՝ ինչ-որ ցավ լինի։
Իսկ չարորակ ուռուցքներն ավելի արագ են զարգանում, մեծանում, ավելի շատ են կլինիկական նշանները՝ արյուն, ցավ։ Շրջակա հյուսվածքների կարմրությունը կարող է խոսել դրա մասին։
– Հետևաբար, ինչի՞ն պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն՝ խնդիրներից խուսափելու համար։
– Առաջինը պետք է ուշադրություն դարձնեն այդ զոնաներում անատոմիական փոփոխություններին․ արտափքված գոյացություններ, ցավ, արյունահոսություն։ 2024թ․ միացանք եվրոպական միջազգային շարժմանը, որն ուղղված էր գլխի և պարանոցի հատվածում ուռուցքների վերաբերյալ իրազեկմանը։ Տարեվերջին հրապարակված տվյալներով՝ 8,5 միլիոն մարդ, որը հետագայում կդառնար բուժառու, իրազեկվել էր այս ամենի մասին։ Հուսով եմ՝ ՀՀ-ում բուժառուների շրջանում իրազեկման շնորհիվ ուռուցքները վաղ կհայտնաբերվեն, ու հետո կարիք չի լինի ավելի ծանր բուժում ստանալ։
– Հիշո՞ւմ եք ամենաբարդ վիրահատությունը, որը կատարել եք։
– Բարդ վիրահատությունները շատ են, բայց կան վիրահատություններ, որոնք հիշում ենք։ Բարդ անատոմիական զոնաներում աշխատելիս պետք է ուշադիր լինել, կյանքի համար կարևոր անատոմիական միավորները չվնասել։ Օրինակ, կարևոր են ներքին քնային զարկերակները՝ պարանոցի վրա, թափառող նյարդը, ներքին գծային երակը։ Երիտասարդ աղջկա մոտ ախտորոշվել էր հազվադեպ հանդիպող երկկողմանի գոյացություն, և վիրահատության ժամանակ ապրումները, որոնք կային, հնարավոր չէ մոռանալ։ Վիրահատական խնդիրները, որոնք ուներ, պետք է շատ արագ լուծեինք, հակառակ դեպքում հնարավոր էր, որ բուժառուի կյանքին վտանգ սպառնար։