Վրաստանի բնակչությունն ավելացել է

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թիվը կազմել է 3 մլն 704 հազար 500 մարդ` 9900-ով ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները, ըստ aliq.ge-ի՝ հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Ըստ վիճակագրական ծառայության՝ ուշագրավ է, որ 2024 թվականին գրանցվել է բացասական բնական աճ (-4,488) և դրական միգրացիոն մնացորդ (միգրացիոն սալդո) (14,386):

Geostat-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 61.5%-ը բնակվում է քաղաքային բնակավայրերում։ Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության մեկ երրորդից ավելին։

Տեղեկության մեջ նշված է` 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ 0-14 տարեկանները ընդհանուր բնակչության մեջ կազմում են 19.2%, աշխատունակ տարիքի բնակչությունը (15-64 տարիքային խումբ)` 64.2%, իսկ 65 և բարձր տարիքի բնակչությունը` 16.6%։

«2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1 մլն 780.600, իսկ կանանցը՝ 1 մլն 923.900: Վրաստանի բնակչության 48%-ը տղամարդ է, իսկ 52%-ը՝ կին։

Նախորդ տարվա համեմատ 2024 թվականին կյանքի տևողությունը գրեթե անփոփոխ է մնացել և կազմել է 74.9 տարի. տղամարդկանց համար՝ 70.5 տարի, իսկ կանանց համար՝ 79.3 տարի։

2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության միջին տարիքը 39 է»,- նշված է Geostat-ի տեղեկության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս