
Ումի՞ց և ի՞նչ նվերներ են ստացել Գլխավոր դատախազը, ՊՆ նախարարն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ վերջերս ազատված տեղակալն այս ամիս

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացել է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակի հաղթանակը խորհրդանշող կարմիրբանակային զինվորի պատկերով հուշանվեր-արձանիկ։ Նվերի մասին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված ձևաթղթից տեղեկանում ենք՝ նվերը ստացվել է փոստային ծառայության միջոցով, իսկ դրա՝ ստացողի կողմից գնահատված արժեքը 60․000 դրամ է։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ապրիլին ձևաթուղթ է ներկայացրել հունվար ամսին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Էդիկ Հակոբյանից նվեր ստացած «Գնոմոն» ապրանքանիշի ձեռքի արծաթյա, ոսկեզօծ ժամացույցի մասին։ ԿԿՀ համապատասխան ձևաթղթում նշվում է՝ նվերը տրվել է կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցություն ապահովելու համար, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 33-ամյակի առթիվ, արժեքը գնահատվել է 170.000 դրամ։
Էդիկ Հակոբյանը Սասուն Խաչատրյանի՝ sms-ով հեռանալուց հետո Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր, այժմ՝ նախագահի տեղակալ։ Ասում են՝ այս պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի վաղեմի ծանոթն է, «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար, նրա անունը նաև առնչվում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանավորման հետ։
Մեկ այլ՝ պալյոտ 26-09 մեխանիզմով, արծաթապատ ժամացույց էլ նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ վերջերս ազատված տեղակալ Մուշեղ Բաբայանը։ ԿԿՀ ներկայացրած ձևաթղթում նվերի արժեք է նշվել շուրջ 170.000 դրամը, իսկ նվեր ստանալու հանգամանք՝ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ ծառայությունը։
Շուրջ 2 շաբաթ առաջ տեղեկացրել էինք՝ աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, որը 2022 թվականի հոկտեմբերին էր նշանակվել պաշտոնի, երբ նախագահը դեռ Սասուն Խաչատրյանն էր։
Այս տարվա մարտի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ էր ընտրվել Արթուր Նահապետյանը, և, փաստորեն, նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ ամիս չանցած՝ տեղակալն ազատման դիմում է գրել։
Նկատենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 դրամը: