Բաժիններ՝

«Մենք արդեն հաղթել ենք». Հովհաննես Թոքմաջյանը՝ ՀՊՃՀ ռեկտորի առաջիկա ընտրությունների մասին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ռեկտորի ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը:

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Հ. Թոքմաջյանից հետաքրքրվեց, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունն արդեն որոշել է, որ ռեկտոր է լինելու Ոստանիկ Մարուխյանը, ի՞նչ եք կարծում՝ Ձեր կոլեգաներն արդյոք կքվեարկե՞ն Ձեր օգտին, թե՞ կկատարեն այն հրահանգը, որը նրանց տրված է: Ի պատասխան՝ Հ. Թոքմաջյանն ասաց. «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ իշխանությունների համար արդեն որոշված է՝ ում սատարեն: Ես կարծում եմ, որ եթե չունենայի մեր խորհրդի և կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության աջակցությունը, ես 25 տոկոսն էլ չէի ստանա, որովհետև այս ամբողջն ազդում է նրանց վրա էլ»:

Հարցին՝ արդյոք Ձեզ հետ տեղի ունեցած հայտնի սկանդալը չե՞ք համարում «իշխանությունից որևէ մեկի ձեռքի գործ», և չե՞ք վախենում արդյոք, որ իշխանությունը կհասնի իր նպատակին, Հ. Թոքմաջյանն այսպես պատասխանեց. «Ես վստահել եմ մեր իշխանությանը ու շարունակելու եմ վստահել՝ չլինելով կուսակցական, կարծում եմ, որ որևէ իշխանական տաբուի հարց այստեղ չկա, կա ընդամենը անբարոյական շահարկում»:

Ըստ նրա՝ ինքն արդեն հաղթել է՝ անկախ ռեկտորի առաջիկա ընտրությունների արդյունքներից. «Խորհրդում 32 մարդ կա՝ նրանք են ընտրելու ռեկտորին՝ իրավական առումով, բայց բարոյական տեսանկյունից ընտրողը ժողովուրդն է, մեր կոլեկտիվն է, և այդ տեսանկյունից ես հաղթել եմ»։

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ ի՞նչ կանեք, եթե, այնուամենայնիվ, չհաղթեք, Հ. Թոքմաջյանը պատասխանեց, որ կոլեկտիվի հետ միասին շարունակելու են ոտքի կանգնեցնել Պոլիտեխնիկը. «Մենք արդեն հաղթել ենք, քանի որ ոչ ոք այլևս չի կարող դոկտորին ստորացնել, ոչ ոք չի կարող դոկտորի վրա գոռալ: Ասելով, որ հաղթել եմ՝ ես դա նկատի ունեմ»:

Հ. Թոքմաջյանը կարծում է՝ ինքը կհավաքի այնքան ձայն, ինչքան անհրաժեշտ է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս