«Բելառուսի հետ ԵՄ-ն որոշակի առաջընթաց է փորձում գրանցել, ավելին կանի ՀՀ-ի համար»

Հարցազրույց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկի հետ

– Պարոն Գերասիմչուկ, թեև ամիսներ առաջ Ֆեդերիկա Մոգերինին և Յոհանես Հանը պնդում էին, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը պրոյեկտի մասնակից երկրներին առաջարկելու է այն ամենը, ինչին նրանք հավակնում են, մամուլում Ռիգայում կայանալիք գագաթաժողովի նախագծից արտահոսքեր են տարածվում, համաձայն որոնց՝ գագաթաժողովի ընթացքում ԱլԳ առաջատարներ համարվող Մոլդավան, Վրաստանը և Ուկրաինան չեն ունենալու որևէ առաջընթաց, չնայած ԵՄ-ի պահանջած բարեփոխումները փորձել են իրականացնել։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը, որ Ռիգայի գագաթաժողովի օրակարգը փոփոխությունների է ենթարկվել` տպավորություն ստեղծելով, թե ԵՄ-ն «քնեցնում է» ծրագիրը։

– Մեկ ամիս առաջ ինձ հաջողվեց լինել Ռիգայում և մի շարք հանդիպումներ ունենալ Ռիգայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստում են գագաթաժողովը։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ԵՄ-ի հիմնական ուղերձն այդ գագաթաժողովի ժամանակ լինելու է այն, որ «Արևելյան գործընկերություն» պրոյեկտը մի ծրագիր է, որը հաջողվել է` չնայած որոշակի խնդիրների, և ներկայումս Լատվիան` որպես ԵՄ նախագահող երկիր, հին Եվրոպայի գործընկեր երկրները փորձում են պահպանել ԱլԳ-ն, ջանում են ապացուցել իրենց և շրջապատող աշխարհին, որ ԱլԳ բոլոր երկրները, ոչ միայն ասոցիացվածները, պետք է ապագայում ևս շարունակեն ԵՄ-ի հետ համագործակցությունը նույն ձևաչափում։

Մի կողմից` սա անհրաժեշտ է, որպեսզի արդարացված լինեն ներկայումս ներդրված ջանքերն ու միջոցները` ֆինանսական և քաղաքական, մյուս կողմից` այսպիսի մոտեցմամբ ԵՄ-ն ցույց է տալիս, որ չի փակում իր դռները նաև Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի առջև` հնարավորությունների պատուհանը նրանց համար բաց թողնելով։ Այն երկրները, որոնք հավանում են ծրագիրը (դրանք մասնավորապես Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրներն են), ենթադրում են, որ եթե ներկայումս վերաիմաստավորվի կամ վերաձևափոխվի Արևելյան գործընկերություն ծրագիրը` և լինեն էական փոփոխություններ այս ձևաչափի կառուցվածքում, ապա հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ կկորի։ Գոյություն ունի մեխանիզմային համագործակցություն, և դիտարկվում է դա ևս մեկ անգամ վերամշակելու հարցը։

Ծրագրի հնարավորությունները կմեծանան, երբ ԵՄ նախագահությունն անցնի Սլովակիային, Էստոնիային, իսկ դա կլինի ոչ մոտ ապագայում։ Այսպիսի մոտեցում է ընտրվել ԵՄ-ի կողմից։

– Այս մոտեցումն ինքնին չի՞ նպաստում ծրագրի տապալմանը` հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Դուք այս մոտեցումները ճի՞շտ եք համարում։

– Վրաստանի և Ուկրաինայի դիրքորոշումների էությունն այն է, որ մեր երկրները, անկասկած, շատ բան են արել ԵՄ-ի հետ մերձեցման համար և, իհարկե, հույս ունեին շատ ավելի բարձր արդյունքներ արձանագրել Ռիգայի գագաթաժողովում։ Բայց այսօր արդեն հասկանալի է, որ այդ գագաթաժողովը լինելու է Վիլնյուսից հետո ԱլԳ երկրների արձանագրած արդյունքների գնահատում միայն։ Իհարկե, մենք կցանկանայինք լսել ինչ-որ հաճելի խոսքեր, օրինակ, ինչը կվերաբերեր վիզաների ազատականացմանը և գործընկերության հեռանկարներին ԵՄ-ի հետ։

Բայց ակնհայտ է, որ ոչ մեկին, ոչ մյուսին չպետք է սպասել։ Մյուս կողմից` եվրոպական չինովնիկները պնդում են, որ Վրաստանի և Ուկրաինայի համար վիզաների ազատականացումը կապված է բացառապես տեխնիկական հարցերի հետ, և ոչ մի քաղաքականություն այդտեղ չկա, ազատականացումը կարող է ամրագրվել ցանկացած պահի, և անպայման չէ, որ այն տեղի ունենա հենց գագաթաժողովի ընթացքում։ Ուստի այն, որ Ռիգայում մենք դա չենք ստանա, չի նշանակում, որ մենք դա չենք ստանա մինչև տարեվերջ։

– Այնուամենայնիվ, Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ԵՄ-ն, ըստ էության, հաշվի չի առնում այն, որ Ուկրաինան պատերազմի մեջ է և չի կարողացել համապատասխան բարեփոխումներն ավարտին հասցնել, ինչը բնական է, և, փաստորեն, ԵՄ-ն որևէ հարցում չի ընդառաջում Ուկրաինային։

– Հարցն այն է, որ ԵՄ-ի հետ բանակցությունները միշտ խնդրահարույց են եղել և կան, քանի որ ԵՄ-ն ունի իրավիճակի սեփական տեսլականը, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդավան ունեն իրավիճակի իրենց տեսլականը։ Սա այն իրավիճակը չէ, որ կողմերից որևէ մեկը կպարտվի, մյուսը կստանա ամեն ինչ։ Ենթադրում եմ, որ կոմպրոմիսի հնարավորություններ մինչ այսօր կան մեր համագործակցության մեջ։ Իհարկե, մենք հիասթափված ենք, որ ԵՄ-ն հաշվի չի առնում այն, որ Ուկրաինան պատերազմ է ապրում։

Միևնույն ժամանակ` Կիևը հասկանում է, որ ԵՄ-ն ոչ միայն գեղեցիկ կառույց է, արժեքային համակարգի բնօրրան, այլև ընթացակարգերի մի շղթա, որի շնորհիվ էլ ԵՄ-ն հաղթահարել է բազում ճգնաժամեր։ Այդ ընթացակարգերը որևէ մեկը չի փոխի` հանուն Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի։ Մենք ըմբռնումով ենք մոտենում այդ հարցին, ուստի համոզված եմ, որ կողմերը շարունակելու են կոմպրոմիսներ փնտրել, և արդյունքում մենք կհասնենք ավելի լավ արդյունքների։

– Հնարավո՞ր է, որ ԵՄ-ն պարզապես ցանկանում է հաշվի առնել Ռուսաստանի ցանկությունները ևս` դանդաղեցնելով ԵՄ-ԱլԳ երկրներ մերձեցումը, որպեսզի ապագայում Մոսկվան խնդիրներ չառաջացնի։

– Բնականաբար, Ռուսաստանի կարծիքը հաշվի է առնվում Բրյուսելում։ Բայց հասկանալի է նաև այն, որ ԵՄ-ն, թեև ասում են, որ հոգնել է ԱլԳ խնդիրներից, զգալի հոգնել է Ռուսաստանից։ Եթե նախկինում ԵՄ-ն ջանում էր ականջալուր լինել Ռուսաստանին, ընդունել առաջարկներ, փնտրել համագործակցության նոր մոտեցումներ, ապա ԵՄ-ում այսօր ավելի ու ավելի շատ է բարձրանում ջղաձգությունը և նյարդայնությունը, քանի որ կա գիտակցում` ինչ էլ որ առաջարկեն, Ռուսաստանը դրան դեմ է լինելու։ Այս մոտեցման պայմաններում, երբ Ռուսաստանի կողմից կա միայն բացասական վերաբերմունք, միայն բարդանում են հարաբերությունները։

Եթե նախկինում Մերկել-Պուտին հարաբերությունները ջերմ էին, ապա ներկայումս զգալի է Մերկելի ջղաձգությունը Պուտինի նկատմամբ։ Լարվում են հարաբերությունները Ռուսաստան-ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև։ Այսինքն` ԵՄ-ն Ռուսաստանին լսում է, բայց Ռուսաստանի վերջնագրերին ընդառաջ ԵՄ-ն չի գնա։ Այսինքն` ԵՄ-ն հասկացել է, որ ժամանակն է նաև սեփական բնավորությունը ցույց տալու համար։

– Արդեն երկար ժամանակ պրոյեկտը վերաիմաստավորման փուլում է, միգուցե նաև ուկրաինական պատերազմի հետևանքով ծրագրի վերջնական տեսքը չի հստակեցվում։ Ներկայիս տեսքով պրոյեկտն ապագա ունի՞, ըստ Ձեզ։

– Ռիգայի գագաթաժողովը մեզ ցույց կտա, որ ունենք որոշակի առաջընթաց. երեք երկրներ ստորագրել են համաձայնագրեր, մյուս երեքը շարունակում են բարեփոխումներ իրականացնել։ Կարծում եմ, որ լինելու են տեխնիկական բնույթի առաջարկներ մյուս երեք երկրների` Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի համար, Բելառուսի ևս, քանի որ այդ երկիրն իրեն դրսևորեց` որպես միջնորդ երկիր` արժանանալով որոշակի քաղաքական բոնուսների ԵՄ-ի կողմից։

Ինձ թվում է, որ ԱլԳ-ն ԵՄ օրակարգ կվերադառնա 2016 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին, երբ ԵՄ նախագահությունը ստանձնի Սլովակիան, որը բավականին նվիրված է ԱլԳ երկրներին, 2018 թվականին լինելու է Էստոնիան, գագաթնակետը 2019 թվականն է լինելու, երբ նախագահելու է Ռումինիան, որը մշտապես հանդես է եկել Մոլդավայի` ԵՄ անդամակցության օգտին, և միգուցե հանդես գա այդ դիրքից բոլոր ԱլԳ երկրների համար։ Դա մեզ համար շատ մեծ ժամանակ է` չորս տարի, որի ընթացքում ցանկացած բան կարող է պատահել, բայց տեսնենք, միգուցե Բրյուսելի երկարաժամկետ պլանավորումն ավելի հաջողակ ստացվի, քան մենք ենք պատկերացնում։

– Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսն ասել է, որ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար` հաշվի առնելով ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունը։ Հաշվի առնելով այն, որ նույնիսկ ԱլԳ առաջատար երկրների հետ չի լինելու առաջընթաց, ապա որքանո՞վ է հնարավոր, որ Հայաստանի հետ անակնկալ տեղի ունենա։ Տեսակետ կա, որ ԵՄ-ն Հայաստանի դեպքում «հանգիստ է», քանի որ խնդիրներ չեն լինի` հաշվի առնելով այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ չի ստորագրի որևէ փաստաթուղթ` առանց Մոսկվայի համաձայնության։ Միգուցե սա՞ է պատճառը, որ Հայաստանի հարցում հստակություն կա։

– Ես հոռետես չէի լինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում։ Բելառուսի հետ ԵՄ-ն որոշակի առաջընթաց է փորձում գրանցել։ Այսինքն` կա հնարավորության պատուհան, չնայած Բելառուսի նախագահին համարում էին Եվրոպայի վերջին բռնապետը, Բելառուսը ՌԴ-ի հետ ընդհանուր սահման ունի, սերտ համագործակցում է ՌԴ-ի հետ։ Համագործակցության հնարավորությունը շատ ավելի մեծ է Հայաստանի դեպքում` չնայած ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը։

Տեսանյութեր

Լրահոս