Բաժիններ՝

Պայքարն է սկսում Արթուր Ալեքսանյանը

Սլովակիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը չեմպիոնական գոտեմարտեր կանցկացնեն, Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի: Մինչեւ եզրափակիչներ պայքարը կսկսի Արթուր Ալեքսանյանը, Հայաստանի եւս 4 ըմբիշ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կպայքարի 4-րդ չեմպիոնության համար: Եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Ռամազ Զոիձեի հետ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը չեմպիոնի տիտղոսի համար կմրցի Եվրոպայի ոսկե, արծաթե, բրոնզ մեդալակիր, թուրք Կերեմ Կամալի հետ:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի վրացի Վախթանգ Լոլուայի հետ:

Կեսօրի մրցահերթում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից մրցագորգ դուրս կգան Կարապետ Մանվելյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, 60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը որակավորման փուլում կհանդիպի լեհ Օլիվիեր Սկրժիպչակին:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն, ուկրաինացի Օլեկսանդր Գրուշինն է:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Տոկիոյի եւ Փարիզի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (67 կգ), Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ուկրաինացի Պարվիզ Նասիբովի հետ:

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը էստոնացի Ռիչարդ Կարելսոնն է:

Ապրիլի 11-ին մեկնարկային գոտեմարտերում պարտված Կարեն Խաչատրյանն (87 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130 կգ) սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս