Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի նվազ հնչեղ, բայց առավել վտանգավոր տեսակը

Ապրիլի 8-ին հայաստանյան լրահոսում տեղ գտավ մի տեղեկություն, որը, իհարկե, բոլորովին «մրցունակ» չէր այն ներքաղաքական թոհուբոհի համատեքստում, որ ծավալվում է Հայաստանի տեղեկատվական միջավայրում:

Մինչդեռ տեղեկությունն առնչվում էր Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցի, մի շարք առումներով: Տեղեկությունն այն մասին էր, որ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված ընկերությունների և հանքարդյունաբերողների միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք հանդիպել են ՏԿԵՆ փոխնախարարին:

«Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է, և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական»,- ասված է հանդիպման մասին տարածված հաղորդագրության մեջ:

Քննարկման մանրամասները հայտնի չեն, սակայն պետք է հուսալ, որ նախատեսվող փոփոխությունները Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղը կդարձնեն առավել պաշտպանված՝ այդպիսով առավել պաշտպանված դարձնելով Հայաստանը:

Կարդացեք նաև

Իսկ պաշտպանություն հասկացությունն այստեղ կիրառելի է բառի բուն և պատկերավոր իմաստներով:

Ընդամենն օրեր առաջ Ադրբեջանում ձևավորված, այսպես ասած, բնապահպանական կոալիցիան անգլերեն լեզվով կազմել է տեղեկություններն ու, այսպես կոչված, քարտեզ այն մասին, թե «ինչպես և ինչքան է Հայաստանի հանքարդյունաբերությունը աղտոտում Կովկասի շրջակա միջավայրը»:

Սա, իհարկե, նոր երևույթ չէ, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով, հորինված, նենգափոխված տեղեկություններով թիրախավորում է Հայաստանի տնտեսական կարողունակության առանցքային սեկտորը՝ հանքարդյունաբերությունը: Բայց այն հանգամանքը, որ դա նոր չէ, բոլորովին չի նվազեցնում մտահոգությունը: Որովհետև Ադրբեջանի համար դա հետևողական քաղաքական, անգամ ռազմաքաղաքական գիծ է:

Հայաստանի հանդեպ Ադրբեջանի առավելապաշտության քաղաքականությունը չի չափվում միայն ռազմական շանտաժով, քաղաքական նախապայմաններով: Ոչ պակաս ագրեսիվ քաղաքականություն է վարվում Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ դրա արդյունաբերական ներուժի դեմ, որի առանցքը կազմում է հանքարդյունաբերությունը: Այդ ագրեսիվ քաղաքականությամբ Ադրբեջանը փորձում է լուծել միանգամից մի քանի խնդիր:

Ցանկացած պետություն կարողանում է պաշտպանական համակարգ կառուցել այնքան, որքան թույլ է տալիս տնտեսությունը: Իսկ տնտեսությունն իրեն շատ բան կարող է թույլ տալ միայն արդյունաբերական շոշափելի ներուժ ունենալու դեպքում: Թիրախավորելով Հայաստանի արդյունաբերական ներուժի «կորիզը»՝ հանքարդյունաբերությունը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանը զրկել թե՛ տնտեսական արդյունքի մի հսկա մասից, թե՛ նաև պաշտպանական կայուն ծախսերի շոշափելի հնարավորություններից:

Միևնույն ժամանակ, կան այլ թիրախային խնդիրներ:

Օրինակ, Հայաստանի տնտեսության հսկան, թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդեննային կոմբինատը, ըստ էության, ապահովում է Սյունիքի դեմոգրաֆիական կայունությունը: Թիրախավորելով Հայաստանի հանքարդյունաբերությունը, Ադրբեջանն ունի Սյունիքը դատարկելու նպատակ: Թե ինչո՞ւ է հետապնդում այդպիսի նպատակ, ավելորդ է խոսել:

Բաքվի պրոպագանդան լծվել է նաև Հայաստանում ներդրումային մեկ այլ խոշոր հանքարդյունաբերական ծրագրի դեմ արշավի՝ Ամուլսար:

Շաբաթներ առաջ այս առնչությամբ եղավ դրական որոշում, որ ծրագիրը վերջապես կարող է աշխատել և ապահովել տնտեսական էֆեկտ, նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դարձյալ ռազմավարական նշանակություն ունեցող ռեգիոնում՝ Վայոց ձորում: Ադրբեջանական պրոպագանդայի միջոցներից մեկը տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների միջոցով կազմել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մի հանգամանալից պրոպագանդիստական տեղեկանք, որն անկասկած փորձելու են առաջ մղել առավելագույն թափով, Հայաստանում առանց այդ էլ 2018-ից ի վեր արգելափակված այդ խոշոր ներդրումային ծրագրի իրագործման խափանումը շարունակելու համար:

Այդ ագրեսիվ քաղաքականությամբ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, Ադրբեջանն ունի նպատակ նաև առաջացնել Հայաստանի հանդեպ ներդրումային խոր անվստահություն:

Եվ այդ ամենն այն դեպքում, որ Ադրբեջանն ինքը բազմաթիվ հանքարդյունաբերական պայմանագրեր է կնքում օտարերկրյա խոշոր ներդրողների հետ, ըստ էության, առանց որևէ բնապահպանական բծախնդրության շահագործելով իր տարածքում, ինչպես նաև օկուպացված Արցախում եղած հանածոները:

Ահա այդ ֆոնին չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանում գործի իրապես բովանդակային և համակարգված մեխանիզմ՝ պետական կառույցների և հանքարդյունաբերական սեկտորի ներկայացուցիչների միջև, որը պատրաստ կլինի ընդհուպ միջազգային մակարդակում ապահովել Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեկտորի համապարփակ և կայուն պաշտպանությունը:

Ըստ անհրաժեշտության, այդ մեխանիզմը, թերևս, պետք է ներառի նաև հասարակական սեկտորին: Սա ևս կարևոր է, որպեսզի այդ դաշտը չմնա ազատ, և այդ տեղը չլրացնեն կասկածելի հետագիծ ունեցող և Հայաստանում «հյուրախաղեր» անցկացնող «բնապահպաններ», որոնք շրջակա միջավայրի և հանրային առողջության պաշտպանության հռչակագրերի ներքո՝ իրականում ոչ մի այլ բան չեն պաշտպանում, քան Հայաստանի տնտեսական կենսունակության հանդեպ ադրբեջանական ագրեսիայի նարատիվները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս