
Մինսկի խմբի լուծարում ու ՀՀ սահմանադրական փոփոխություններ․ Միրզոյանի ներկայությամբ Բայրամովը կրկնեց Ադրբեջանի պահանջները

Քիչ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկումը։
Առաջինը խոսքի իրավունքը տրվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, ով նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության ավարտից հետո Հարավային Կովկասում կարգավորման պատմական հնարավորություններ ստեղծվեցին։
Բայրամովը սկսեց պնդել, որ 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի վերջին և 2022 թվականի սկզբին, Ադրբեջանն է առաջարկել Հայաստանին սկսել կարգավորման գործընթացը և բանակցել Խաղաղության համաձայնագրի շուրջ, ուստի 2022 թվականի փետրվարին Ադրբեջանն առաջարկեց 5 հիմնարար սկզբունքներ, իսկ 2022 թվականի հոկտեմբեր ամսից կողմերը սկսեցին ֆիզիկապես ներգրավվել գործընթացում, բանակցությունների շատ փուլեր տեղի ունեցան, փաստաթղթերի փոխանակում, խոսքը սևագիր տեքստերի մասին է։
«Անցյալ ամիս երկու կողմերը երկուսուկես տարվա բանակցություններից հետո ավարտեցին բանակցել Խաղաղության համաձայնագրի տեքստը, որը գնահատում ենք՝ որպես ծայրահեղ կարևոր զարգացում և կարևոր նշաձող։
Հաջորդ քայլերի մասին, որպեսզի սա իրականացվի՝ այս գործընթացի ամբողջական վերջնականացման՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, դա Ադրբեջանի երկարատև ու հետևողական դիրքորոշումն է, որոնցից մեր հայ գործընկերները լավ տեղյակ են՝ լուծարել ապակառուցողական Մինսկի գործընթացին առնչվող ինստիտուտները, միևնույն ժամանակ իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ Հայաստանի սահմանադրությունում՝ վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Սրանք անհրաժեշտ քայլերն են, որոնցից հետո չեն լինի հավելյալ խոչընդոտներ ստորագրման համար»,- ասաց նա։