
Որևէ հայտ չի ներկայացվել. ներդրումային ֆոնդերին կառավարության մասնակցությունը կանոնակարգող իրավական ակտն ուժը կորցրած կճանաչվի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել կառավարության 2024 թ. հունվարի 18-ի N 93-Լ որոշումը, որով հավանության է արժանացել ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին ծրագիրը: Որոշման կարգավորումներով նախատեսվել է կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեք միլիարդ դրամը։
Նշվում է՝ թեպետ որոշմամբ սահմանված նպատակները կարևոր են, այնուամենայնիվ, ընտրված եղանակով և տրված կարգավորումներով դրանց հասնելն անհնար է։ Այսպես, որոշման կարգավորումների համաձայն, էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է հաստատվի ֆոնդի փայերի ձեռքբերման օրինակելի պայմանագիր և ֆոնդի կառավարչի հայտով նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկելով ներկայացված հայտը պետք է այն բավարարի՝ կնքելով օրինակելի պայմանագիրը։ Մինչդեռ ֆոնդերին, հատկապես 1 մլրդ ԱՄՆ դոլար կառավարող կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերին մասնակցությունը չի կարող իրականացվել ֆոնդի մասնակցի կողմից սահմանված օրինակելի պայմանագրով և ընթացակարգով։ Ֆոնդերն ունեն իրենց կանոնները, ընթացակարգերը և յուրաքանչյուր նոր մասնակցի մասնակցությունը սահմանվում է հենց այդ կանոններով, ֆոնդի կառավարչի և մյուս մասնակիցների համաձայնությամբ սահմանված պայմանագրի պայմաններով, հետևաբար որոշմամբ առաջարկվող մեխանզիմը չի կարող գործել։ Խնդրահարույց է նաև սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը։
Բացի դա, ծրագրի շահառու կարող են լինել այն ներդրումային ֆոնդերը, որոնք ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումներ են կատարում։ Հետևաբար ստացվում է, որ ստեղծվող կամ գործող ֆոնդի կանոններով կամ այլ փաստաթղթով պետք է ամրագրվի, որ ֆոնդը կարող է ներդրումներ կատարել միայն որոշմամբ սահմանված ոլորտներերում՝ մշակվող արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի ընկերություններում։ Մինչդեռ որոշման չափանիշներին բավարարող ֆոնդի կառավարիչները ծախսերի տեսանկյունից նպատակահարմար չեն համարում միայն Հայաստանի ընկերություններում ներդրումներ կատարելու համար առանձին ֆոնդի գրանցումը։
Բացի այդ, ընտրված ոլորտները խիստ սահմանափակ են և որոշման մեջ ընդգրկված չեն ներդրողների տեսանկյունից այնպիսի հետաքրքիր ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և այլն։ Այս առումով հարկ է նկատել, որ նույն ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը չունի ոլորտային որևէ սահմանափակում և այս պահին ներդրումներ ունի 7 տարբեր ոլորտների ընկերություններում։ Որոշման մեջ ոլորտային նման սահմանափակումը պայմանավորված է եղել լիազորող նորմի առկայությամբ և չունի տնտեսական հիմնավորվածություն։
Որոշումն ունի նաև մի շարք տեխնիկական թերություններ, անորոշ ձևակերպումներ, պարզ չէ, թե «ներդրողի կողմից առնվազն երկու հարյուր հիսուն միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերում» արտահայտության դեպքում խոսքը ֆոնդի կառավարչի կողմից ներդրված գումարի, թե ֆոնդի բոլոր մասնակիցների ընդհանուր ներդրումների մասին է և այլն:
Նշվում է, որ 2025 թ. ապրիլի 10-ի դրությամբ ծրագրին դիմելու որևէ հայտ չի ներկայացվել։
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի անորոշ, ոչ հստակ ձևակերպումներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության համար պարտականություններ սահմանող իրավական ակտը»։