
Ղրղզստանի նախկին նախագահը կձերբակալվի երկիր վերադառնալու դեպքում

Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը կձերբակալվի այդ երկրի տարածքում հայտնվելուց անմիջապես հետո։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը:
Մեկնաբանելով երկրի Սահմանադրական դատարանի տարածած հայտարարությունն այն մասին, որ նախկին նախագահն իրավունք ունի մասնակցել իր նկատմամբ հարուցված գործերի վերանայմանը՝ Կամչիբեկ Տաշիևը նշել է, որ ՍԴ-ի վերջին որոշումը որևէ կերպ չի առնչվում գործող իշխանությանը, հետևաբար, Ղրղզստան վերադառնալու դեպքում Կուրմանբեկ Բակիևը կձերբակալվի սահմանը հատելուց անմիջապես հետո։
Հատուկ ծառայության ղեկավարը նշել է, որ Սահմանադրական դատարանը անկախ կառույց է, իսկ Բակիևի նկատմամբ Գերագույն դատարանի վճիռը մնում է ուժի մեջ։ Նախօրեին Ղրղզստանի Սահմանադրական դատարանը հայտարարություն էր տարածել՝ հնարավոր համարելով երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի նկատմամբ հարուցված գործերի վերանայումը՝ նրա անմիջական մասնակցությամբ։
Կուրմանբեկ Բակիևը Ղրղզստանի նախագահն է եղել 2005-2010 թվականներին՝ իշխանության գալով «Կակաչների հեղափոխության» արդյունքում։ 2010 թվականին պաշտոնանկ էր արվել և մեկնել Բելառուս։
2014-ին Բիշքեկի կայազորային զինվորական դատարանը Բակիևին մեղավոր ճանաչելով Բիշքեկում 2010 թվականի ապրիլի 7-ին ցուցարարների գնդակահարությունը կազմակերպելու գործով՝ նրան հեռակա կարգով դատապարտել էր ցմահ ազատազրկման։
2016 թվականին Ղրղզստանի Գերագույն դատարանը նախկին նախագահի ցմահ ազատազրկումը փոխարինել էր 30 տարվա ազատազրկմամբ։
2023 թվականին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Բակիևին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ Կումտորի ոսկու հանքի հետ կապված կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Գերագույն դատարանի նախորդ վճռով նախատեսված պատժաչափի հետ մասնակի համադրմամբ՝ Բակիևը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։
Ձերբակալության դեպքում նա պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում՝ գույքի բռնագրավմամբ։ Նա նաև երեք տարի ժամկետով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: