Հայաստանը՝ շինարարական օֆշոր
Վերջին օրերի ընթացքում տնտեսական դաշտում ամենաբուռն քննարկվող թեմաների շարքում «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների փոփոխություններն էին, որոնք արդեն ժողովրդի մեջ հասցրել են ստանալ «խոպանչիներին հարկելու օրենք» անվանումը։
ԱԺ արտահերթ նիստում թեժ քննարկումներից հետո այս փոփոխություններն ընդունվեցին. կողմ էր միայն ՀՀԿ-ն։
Նախաձեռնությունն այնքան հապշտապ բերվեց ԱԺ, որ շատերը չէին էլ հասցրել հասկանալ` ինչ է այն իրենից ներկայացնում։ Ու անգամ ԱԺ քննարկումներից հետո շատ հարցեր մութ մնացին շատերի համար։ Ընդհանուր ընկալումն այս էր` դրսում օրինական աշխատող «խոպանչի» Պողոսը եկամտային հարկ վճարելու է ոչ թե այլ երկրի, այլ Հայաստանի բյուջե` 13% դրույքաչափով (ՀՀ-ում եկամտային հարկի նվազագույն դրույքաչափը 24.4% է)։
Ու սկսվեցին հարցերը` արդյոք ՌԴ-ի հետ համաձայնեցվա՞ծ է այս ամենը, քանի որ դա նշանակում է` Ռուսաստանի բյուջեից կտրել ու բերել մեր բյուջե։ Կամ` դա նշանակում է` հարկել խոպանչիներին։ Կամ` դա նշանակում է ստիպել, որ մարդիկ երկրից գնան, քանի որ գնացողների համար ավելի ցածր հարկ է սահմանվում։
Ամեն ինչ խճճվեց այն պատճառով, որ բոլորը կենտրոնացան միայն 13% եկամտային հարկի վրա, իսկ շահութահարկի մասն անտեսվեց։ Մինչդեռ այս երկու փոփոխությունները ներառված էին մեկ փաթեթում, իսկ եկամտային հարկի փոփոխությունը (կամ, եթե կուզեք, «խոպանչիներին հարկելու օրենքը») բխում է հենց շահութահարկից։ Որպեսզի հասկանանք այս նախաձեռնության ողջ հմայքը, պետք է ավելի ետ գնանք։
Ուրեմն, կառավարության նախաձեռնությամբ այս տարվա սկզբին նախ` «Շահութահարկի մասին» օրենքը փոփոխվեց, և շահութահարկը 20%-ի փոխարեն՝ 2% սահմանվեց կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր ունեցող ընկերությունների համար, որոնց արտահանման կամ ՀՀ տարածքից դուրս կատարված աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է տարեկան առնվազն 50 մլրդ դրամ։ Ընդ որում, օրենքում հատուկ շեշտվում էր, որ խոսքը վերաբերում է «ՀՀ տարածքում արտադրված ապրանքների» արտահանմանը։ Կառավարությունը` իր իսկ հիմնավորմամբ, այս կերպ ցանկանում էր աջակցել ՀՀ արտադրող-արտահանողներին։
Դա չաշխատեց։ Համեմայնդեպս, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը «Արմենիա» հ/ը եթերում խոստովանեց, որ դեռ ոչ մի ընկերություն չի ցանկացել օգտվել այս արտոնությունից։
Ու կառավարությունը որոշեց ավելի գայթակղիչ դարձնել «ակցիան»։
Այս վերջին փաթեթով նախ` օրենքից հանեց «Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը։ Սա նշանակում է, որ տեսական հնարավորություն է բացվում վերաարտահանման համար։ Այսինքն` կապ չունի` հայկակա՞ն ապրանք ես արտահանում, թե՞ ուզբեկական։ Կարելի է ընկերությունը բացել այստեղ, Ուզբեկստանից ներմուծել ու հետո արտահանել, ասենք, Վրաստան։
Երկրորդ` արտահանմանը միացրեցին նաև շինարարությունը։ Օրենքը լրացվեց մի պարբերությամբ, որի համաձայն` 20%-ի փոխարեն` 5% շահութահարկ է սահմանվում կառավարության հավանությանն արժանացած ծրագրեր իրականացնող ընկերությունների համար, եթե վերջիններս գործունեություն են իրականացնում շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում և, բացառապես` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։
Այսինքն` տեսնելով, որ նախկին փոփոխությունն արդյունք չի տալիս` խոշոր արտահանողներ չեն հայտնվում, կառավարությունը վերցնում ու արտոնությունների դաշտ է մտցնում նաև շինարարներին։ Իսկ ի՞նչ կապ ունի շինարարությունն արտահանման հետ։ Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնությունը «գկխթանի շինարարական ծառայությունների արտահանմանըգ»: Կարճ ասած, կառավարությունը հետաքրքիր ձևակերպմամբ շինարարությունը դարձրել է արտահանելի ոլորտ։
Իսկ հիմա պարզ ու մարդկային լեզվով ներկայացնենք, թե ինչ է սա նշանակում։ Փոփոխության շնորհիվ` ռուսաստանյան շինարարության շուկայում աշխատող գործարարը կարող է գալ, Հայաստանում ընկերություն գրանցել, բրիգադ հավաքել ու այդ ընկերությամբ մասնակցել ՌԴ շինարարական մրցույթներին` որպես օտարերկրյա ծառայություն մատուցող։ «Քյարը» կլինի այն, որ ՌԴ-ում 20% շահութահարկ վճարելու փոխարեն` 5% կվճարի Հայաստանում։ Վատ առաջարկ չէ` շինարարական ընկերություններին շահագրգռելու համար, եթե չլիներ մի «բայց»…
Բանն այն է, որ Ռուսաստանում եկամտահարկը 13% է, իսկ Հայաստանում` 24.4-36% (ըստ աշխատավարձի մեծության)։ Այսինքն` շահութահարկի առումով գործարարին Հայաստանի հարկային դաշտն է ձեռնտու, իսկ աշխատողների եկամտահարկի առումով` Ռուսաստանինը։ Պետք է նաև այդ տարբերությունը վերացնել, որ գործարարի համար Հայաստանում ընկերություն գրանցելը շահավետ լինի։
Ու այստեղ ՀՀ կառավարությունն ասում է` եղբայր, մենք հատուկ քո աշխատողների համար «զեղչ» կանենք, որ չնեղվես։ Ու փոփոխության է ենթարկում նաև եկամտային հարկի օրենքը։
Ավելացվում է այսպիսի դրույթ. «Այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 13 տոկոս դրույքաչափով»:
Այսինքն, համարվում է, որ այս արտոնության տակ ընկած աշխատողը ֆիզիկապես աշխատում է Ռուսաստանում, սակայն համարվում է հայկական ընկերության աշխատող և հարկվում ՀՀ օրենսդրությամբ։ Պարզապես` ավելի ցածր դրույքաչափով։
Հիմա պա՞րզ է` ինչ է ուզում անել կառավարությունը։ Ուզում է դրսում շինարարություն իրականացնող ընկերությունները գրանցվեն Հայաստանում ու շարունակեն աշխատել դրսում։ Ձեռքի հետ էլ` ՀՀ քաղաքացիների համար աշխատատեղ բացեն արտերկրում։ Ժողովրդի լեզվով ասած` կառավարությունն ասում է` եկեք մեզ մոտ գրանցվեք, ավելի քիչ շահութահարկ վճարեք, իսկ եթե մեր աշխատուժն էլ օգտագործեք` դրա համար էլ արտոնյալ պայմաններ կստեղծենք։ «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»,- նշված է հիմնավորման մեջ։ Պատկերավոր ասած, կառավարությունը ցանկանում է «շինարարական օֆշոր» ստեղծել Հայաստանում։
Լավ, իսկ ի՞նչ կշահի Հայաստանը, եթե մի քանի խոշոր շինարարական կազմակերպություններ որոշեն օգտվել այս արտոնությունից ու գրանցվեն Հայաստանում։ Առաջին` պետբյուջեն կստանա լրացուցիչ հարկային եկամուտներ` 5% շահութահարկ և 13% եկամտային հարկ։
Գումարները մեծ չեն լինի, քանի որ խոսքը վերաբերելու է մի քանի հարյուր (կամ «քարը տրաքի»` մի քանի հազար) աշխատողների։ Սակայն ամբողջ հմայքն այն է, որ ՀՀ բյուջեն այդ գումարը կստանա «օդից», ի հաշիվ` ՌԴ բյուջեի։ Ի՞նչ կշահի ընկերությունը։ Ավելի քիչ հարկեր կմուծի։ Ի՞նչ կշահի շարքային քաղաքացին։ Արտագնա աշխատանքի հնարավորություն։ Կարծես բոլորը շահում են, այդպես չէ՞։
Ու այդ դեպքում առաջ է գալիս ամենամեծ հարցը` եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ կառավարությունն այս կերպ հապճեպ ներկայացրեց այդ օրենքը` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելով։ Ինչո՞ւ կառավարության նիստերի օրակարգում փաթեթը տեղ չգտավ։ Ինչո՞ւ չեն հրապարակվել Էկոնոմիկայի ու Ֆինանսների նախարարությունների եզրակացությունները, թե որքան լրացուցիչ հարկային մուտքեր է ակնկալում բյուջեն։ Չէ՞ որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունները «լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե` չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում»:
Այս թերությունների պատճառով էլ շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ իրականում խոսքը վերաբերում է դրսում աշխատող ՀՀ քաղաքացիներին։ Սակայն նման բան չկա։ Խոսքը վերաբերում է կոնկրետ այն մարդկանց, ովքեր աշխատանքի կանցնեն կառավարության հավանությանն արժանացած շինարարական ընկերություններում ու նրանց հետ պայմանագրի համաձայն` կմեկնեն արտագնա աշխատանքի։
Լավ, իսկ ո՞վ է կորցնում։ Կամ ի՞նչ է կորցնում։ Որքան էլ ցավալի լինի, կորցնում է Հայաստանը ու կորցնում է մարդուն։ Այսինքն` արտահանման խթանում ասելով` կառավարությունը նկատի ունի առաջին հերթին` մարդու` ՀՀ քաղաքացու արտահանումը։ Իսկ շատ կոպիտ ասած` սա նշանակում է հետևյալը։ Կառավարությունը դրսի ֆիրմաներին ասում է` մենք ձեզ տալիս ենք շահավետ շահութահարկ, իսկ եթե աշխատուժն էլ վերցնեք` բոնուս կստանաք` ավելի ցածր եկամտահարկի տեսքով, որ աշխատավարձի հաշվում մրցունակ լինեք։ Սա նման է, երբ խանութում զեղչով հեռուստացույց եք գնում ու ստանում նվեր` միքսեր։ Մեծ հաշվով` այո` ՀՀ բյուջեն կարող է մի քանի միլիոն դոլար ավելի շատ ստանալ` հարկերի տեսքով։ Սակայն մոտեցումն է ցավալի։
Պատկերացրեք մի անկյալ մարդ, որը չի աշխատում, ունի 2 երեխա, ու յոլա են գնում կնոջ աշխատավարձով։ Երեխաներից մեկն ամեն օր գնում է, հարևանի դպրոցական երեխային խնամում, օգնում, որ տնային աշխատանքները կատարի։ Հետո հարևանները գալիս են ու իրար հետ ընթրում։ Կերակրում են այդ երեխային։ Ու ընտանիքի հայրը, աշխատանք գտնելու փոխարեն, հարևանին առաջարկում է երեխային գիշերն էլ պահել իր տանը` որ բոլոր գործերում օգնի։ Ու փոխարենը` իրեն մի քանի կոպեկ փող տա` ընտանիքը պահելու համար։
Մոտավորապես նույն բանն է։ Պետությունը փոխանակ մտածի` ինչպե՞ս անի, որ սեփական քաղաքացիները երկրի ներսում գործ ունենան ու չմտածեն դրսում հանապազօրյա հաց վաստակելու մասին, մտածում է` ինչպե՞ս անենք, որ մարդիկ գնան, ու մեզ էլ մի քանի դրամ բաժին հանեն, որ թոշակ բաժանենք ու ծառայողական մեքենաները թարմացնենք։ Խնդիրն այն չէ, որ խոպանչին չի տուժում։ Խնդիրը պետության մոտեցման մեջ է` լրացուցիչ ավելի գումար բերելու մոտեցման։ Ու մյուս կողմից էլ` սա ցույց է տալիս, թե որքան վատ վիճակում է տնտեսությունը, որ արդեն փրփուրներից ենք կախվում։
Իհարկե, ոմանք կասեն` սխալ համեմատություն է։ Կասեն` իշխանությունն անկյալ մարդու նման չի, իշխանությունն աշխատում է, տարբեր նախաձեռնություններ է մշակում, օրենքներ է փոխում, փորձում է աշխատատեղեր ապահովել։ Բայց որ այդ անկյալ մարդուն հարցնեք` ինքն էլ պակաս չի չարչարվում նորմալ վաստակելու համար։ Բազմոցին նստած` «Գինդում» աշխատանքի հայտարարություններն է թերթում` ձեռքի հետ էլ ֆիլմ նայելով ու խաչբառ լուծելով։