Բաժիններ՝

Անդրեյ Տարկովսկի

Տարածությամբ սահմանափակված ներքին ժամանակը
Նվիրվում է մեծ ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու 75-ամյակին, որն իր առաջին ֆիլմը` «Ջութակ եւ սահադաշտ», մասամբ նկարահանել է Երեւանում, եւ որի գեղագիտական կոնցեպցիան ձեւավորվել է այնպիսի կինոռեժիսորների նեղ շրջանակում, որտեղ Սերգեյ Փարաջանովն անկրկնելի էր:

Ստեղծագործելու եւ առօրյա կյանքի միջեւ նա տեսողական խորհրդանիշներ էր գտնում, որոնք ոչ այն է՝ կյանքից էին վերցված, ոչ այն է՝ գեղարվեստական երեւակայությունից: Նա ապրում էր ժամանակի մեջ, որը մերթ ընդլայնվում էր` հեռանալով դեպի անցյալը, մերթ մղվում էր դեպի ապագա` մոտեցնելով ներկան: Հոգեվիճակի առումով ժամանակներն անհանգիստ էին եւ՛ մտածող մարդու, եւ՛ խելագարի, եւ՛ երեխայի համար: Ժամանակը հերմետիկ փակված էր օտար աչքից ոչ թե այն պատճառով, որ ռեժիսորը վախենում էր ճիշտ չհասկացվել, այլ այն, որ ժամանակը նրա համար բազմաչափ էր: Անդրեյ Տարկովսկու համար ոչ այնքան զգացումների, որքան մտքերի բարոյական լինելն է գեղարվեստական եւ մարդկային աշխարհի կարեւորագույն բաղադրիչը: Հենց բարոյականությունն է ստեղծում նրա հոգեւոր եւ ինտելեկտուալ որոնումների տարածությունը: Նա իր գործընկերներից միակն է, որ խոսում է փիլիսոփայական փոխաբերություններով, որոնց ներսում ընկած է ինտելեկտուալի հոգեւոր թրթիռը: Տարածական ժամանակը նրա համար ընդամենը մի սյուժետային գիծը մյուսից տարբերելու արտաքին ձեւ է: Արտահայտվելով բանաստեղծի խոսքերով` նա գրել է «գիրք բանաստեղծությանը», այսինքն` նա ամեն մի նոր ֆիլմով ընդամենը բացահայտում կամ ուսումնասիրում է իր մեկընդմիշտ ընտրած` մարդու հոգեւոր եւ հոգեբանական աշխարհը: Նա արարում է սեփական ժամանակը` սեղմված մինչեւ խորհրդանիշի աստիճանի: Այն հոսող ջրի մեջ է, ծառերի փայտե երակների, քամու մեջ, որը տարուբերում է խոտերը` բարձր եւ տագնապահույզ:

Հերմետիկորեն գոյություն ունեցող ժամանակը նրա ստեղծագործությունների մեջ` իբրեւ կերպար եւ իբրեւ վկա, փորձում էր հաղթահարել նրա հոգու անծայրածիր տարածությունը, որտեղ այդ ժամանակն ընկնում էր ամեն անգամ: Նրա` արարող Տարկովսկու համար, վերլուծության կառուցվածքը, փոխաբերական տրամաբանությունն ամեն անգամ անսպասելի է ծագում` փոխելով սովորական դատողությունների իմաստը, որի հակատրամաբանությունը հենց կադրում կյանքի ըմբռնումն է: Բարոյականությունը նեղացնում է նրա որոնումների սահմանը մինչեւ սյուժե-խորհրդանիշ` վերակերտելով ժամանակը՝ երբեմն պատմական իրադարձության, երբեմն արտասովոր փաստի, մարդու կամ նրա շրջապատի կենսագրության, եւ ցայտուն կերպով կամ անուղղակիորեն բացահայտում մարդկային ճակատագրերի ուղին: Դժվարին, դաժան ճանապարհը նրա ըմբռնումն է, լռությունն ու անդորրը` նրա մտքի պայծառացումը, ծիծաղն ու ինքնակեղեքումը` նրա մաքրագործումը… Տարկովսկու համար բարոյականությունն ավելին է, քան արժանահավատությունը, ճշմարտությունը, արդարությունը կամ չարի եւ բարու պայքարը… Ի՞նչ եք կարծում, դա ազգային կյանքի՞, մարդկությա՞ն, թե՞ մարդու կյանքի իմաստի որոնումն է: Եվ չնայած թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, թե՛ երրորդը կան նրա գեղարվեստական աշխարհում, սակայն նրա համար ամենակարեւորը որոնումների մյուս ափ դուրս գալն է: Անգամ «Անդրեյ Ռուբլյովը» կամ «Սոլյարիսը» ընդամենը մեջբերումներ են կամ ժամանակի բարդ կառուցվածքի նշաններ, ժամանակի, որ նրա ստեղծագործության մեջ սեղմված է տարածությամբ: Այդ նշաններն ընդամենը առիթ են արտաժամանակյա մտորումների համար: Այո, նա ձգտում է ավելի շատ սինթեզի, եւ հոր բանաստեղծություններն օգնության են գալիս, ինչպես մի ժամանակ օգնության էին հասել որմնանկարներն ու սրբապատկերները… Նա արարիչ է, որը գիտակցում է իր պատասխանատվությունը չգոյության առջեւ, պատասխանատվությունը մահվան առջեւ, արդար բարու, կյանքի ամենակարեւոր բաղադրիչի`ամենայն գոյի նկատմամբ կարեկցանքի անհետանալու առջեւ:

Հենց բարոյականությունն էր հնարավորություն տալիս Վարպետի ամեն մի ֆիլմին ամեն ինչի մեջ թեմա գտնել, որ դառնում էին նրա վերլուծության եւ արարման ձեւի բովանդակությունը: Նրա գեղարվեստական մտածողությունը բացահայտվում էր յուրաքանչյուր նոր գործում, յուրաքանչյուր նոր մտահղացման մեջ: Եվ ինտելեկտուալ հարստացումը դարձավ հոգեւոր կտակ: Բայց որտե՞ղ է ապրում նրա հոգին: Չէ՞ որ իրականում նա ոչ մի ֆիլմ չի նկարել ժամանակակից Ռուսաստանի մասին: Եվ այդ ի՞նչ տարածություն էր, որ ապրում էր նրա մեջ, եւ ի՞նչ տարածություն էր շրջապատում նրան: Մի բան կարելի է հաստատ ասել. Անդրեյ Տարկովսկին ապրել եւ հասունացել է մի ինտելեկտուալ միջավայրում, որտեղ ներքին ազատությանը զգայուն տարածություն էր հատկացված:

Կարդացեք նաև

Ռեժիսորի ստեղծագործական ուղին (լայն իմաստով) սկսվում է ոչ թե նորաձեւ ու միանգամայն ժամանակակից մասնագիտություն ընտրելուց (նա մի տարի սովորել է արեւելագիտականում), այլ աշխարհն ու մարդուն` իբրեւ կյանքի կարեւորագույն սուբյեկտներ, ընկալելուց: Տարկովսկու նման ստեղծագործողները գիտակցում են իրենց ստեղծագործական ուղին ավելի շուտ, քան սկսում են իրականում ստեղծագործել: Ինքնաճանաչումը գարնանային առվակների նման թափանցում է նրա դեռ չձեւավորված, սակայն հարազատ հոգի գտնելու ձգտող հոգու բոլոր անկյունները: Փոքրիկ մարդն ամենաառաջին իսկ քայլերից սկսում է ապրել իրական արժեքների մթնոլորտում: Իսկ եթե նա հետագայում ստեղծագործելու ուժ է գտնում, որոշակի կամք, բնությունից օժտված է բավականին խելքով, միանգամայն բնական կերպով սկսում է ձեւավորվել իբրեւ ստեղծագործող անհատականություն: Այդ բնականության մեջ կան դրական եւ բացասական կողմեր, քանզի մի կողմից` նրան կարող է կուլ տալ այն մշակութային միջավայրը, որտեղ ապրում է` դառնալով նրա կույր հետեւորդը կամ մեկնաբանը, մյուս կողմից` նա կարող է միանգամայն անհիմն կերպով մերժել այդ նույն մշակույթի ռացիոնալ դրույթներն ու մտքերը: Տարկովսկին իր ծնողներից, նրանց գաղափարներից, հոր պոետական գեղագիտությունից բավականին բան է վերցրել, բայց միաժամանակ նա յուրովի զարգացրել է այդ գաղափարներն այլ բնագավառում` կինոյում` հասցնելով դրանք ավարտուն գեղարվեստական ոճի: Եվ կինոն կյանքի ու արվեստի նոր ըմբռնում տվեց: Ամենայն հավանականությամբ, միջազգային ճանաչում ձեռք բերած «Իվանի մանկությունը» ֆիլմի համար առաջարկված սցենարը նրա կողմից լուծված էր խորհրդային այն կինոյի գեղագիտության շրջանակներում, որը ոգեշնչվել էր իտալական նեոռեալիզմից:

Երիտասարդ մարդուն, ապագա կինոռեժիսորին, որը մեծացել էր նշանավոր բանաստեղծ Արսենի Տարկովսկու ընտանիքում եւ օրինաչափ կերպով հայտնվել առաջադեմ ստեղծագործող երիտասարդության էպիկենտրոնում, աշխարհընկալման ընտանեկան փորձը ոչ միայն չխանգարեց, այլեւ նոր կողմերով հարստացրեց նրա որոնող միտքը: Տեղեկատվության տոտալ սահմանափակումների պայմաններում Տարկովսկին միայն նման միջավայրում կարող էր ստանալ կարեւոր եւ նրա աշխարհընկալման ու գեղարվեստական գեղագիտության համար այնքան անհրաժեշտ տեղեկատվություն ժամանակակից արեւմտյան մշակույթի մասին: Խրյուշչովյան ձնհալն այդ երիտասարդներին ռոմանտիկա եւ հարաբերական ազատություն տվեց, որը կարծես թե հերիք էր լիարժեք ինքնաճանաչման եւ ինքնահաստատման համար: Այո, երկիրը միաժամանակ ազատվում էր ստալինիզմից, սակայն մյուս կողմից՝ այն սկսում էր սահմանել ստեղծագործական ազատության նոր չափանիշներ, որոնք նեղ էին թվում իսկապես մեծ անհատականություններին:

Սակայն նկարիչների, գրողների, կոմպոզիտորների եւ դերասանների, ճարտարապետների, կինոռեժիսորների, նրանց հետ՝ նաեւ գիտնականների երիտասարդ սերունդը վճռականորեն էր տրամադրված թե՛ այդ ազատության սահմանների, թե՛ նոր հասարակության կառուցման գործում արվեստի դերի ու տեղի ընկալման նկատմամբ: Այսպիսով, պայքարը դեռ առջեւում էր: Շատերը դա ապացուցեցին սեփական կյանքով, իսկ երկիրը` իր փլուզմամբ: Սակայն այդ փլուզումը շատ-շատերն այդպես էլ չտեսան, այդ թվում եւ՝ Տարկովսկին: Այո, դա հասարակության մի նոր շերտ էր` կրթված, ազատամիտ, բավականին ակտիվ եւ իր շահերը պաշտպանել կարողացող: Թեեւ այդ սերնդի վառ ներկայացուցիչներից շատերը լքեցին երկիրը` իրենց մեկնումը գնահատելով եւ՛ որպես հուսահատ քայլ, եւ՛ որպես սեփական ընտրության կարեւոր ակցիա: Եվ այնուամենայնիվ, այդ սերունդը դարձավ նոր հասարակության հիմքը, որին իշխանությունը փորձում էր մասնատել եւ հարմարեցնել սեփական չափանիշներին: Սակայն, ինչպես գիտենք, պայքարը դաժան էր, իսկ երբեմն՝ նաեւ ողբերգական: Այդ ստեղծագործողներին գիտնականները հետագայում կոչելու էին «վաթսունականներ»:

Անդրեյ Տարկովսկին խորհրդային դարաշրջանի տարօրինակ ֆենոմենի եւ համաշխարհային մշակույթի վառ ներկայացուցիչն է:

2007թ., հունիս 1
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս