22:43 18.04.2015 | «Ինձ մենակ մի թող». իր Ֆբ էջում գրել է վթարից մահացած զինծառայող Արտյոմ Թորոսյանի սիրած աղջիկը
Սառնակունքում դեռ չեն սպիացել զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվամբ գյուղին հասցված վերքերը. ողջ գյուղը դեռ սգում է, ցավում, ափսոսում: Կսկիծն ու մորմոքը բազմապատկվեցին. հանապազօրյա հացը իր բազկի ուժով ստեղծող մի ընտանիք եւս սեւ ու սուգ հագավ: Այս անգամ Գրիշայի համադասարանցին է՝ նրա ընկերն ու եղբայրը, ում հետ 12 տարի դպրոցական նույն նստարանին էին նստել:
Արտյոմ Գերասիմի Թորոսյան. Ծնվել է 1995 թվականին, Սառնակունք գյուղում: Երեք եղբայրներից ավագն էր, շրջապատված անսահման հոգատարությամբ, հավասարակշիռ էր, պատրաստակամ, ընկերասեր, բարի, ժպտերես ու խոհեմ: Լավ առաջադիմությամբ ավարտել էր Սառնակունքի միջնակարգ դպրոցը, դարձել Երեւանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ուսանող, բայց, ավաղ, ընդամենը մեկ կիսամյակ կարողացավ վայելել ուսանող լինելու հաճույքը:
Դպրոցական դասընթացին զուգահեռ մասնակցել էր նաեւ վարորդական դասընթացների եւ ձեռք բերել վարորդական վկայական:
Երբ 18 ամյա պատանին զորակոչվեց հայկական բանակ, ծառայում էր Վանաձորի Ն զորամասում, նրան վստահեցին ՊԲ-ին ամրագրված մեքենաներից մեկի ղեկը: 16 ամիս իր զինվորական պարտքը հպարտորեն կատարած երիտասարդը երբեւէ չէր տրտնջացել, ծառայել էր սիրով ու նվիրումով, արժանացել զորամասի հրամանատարության գովեստներին ու խրախուսանքներին, իսկ լավ ծառայության համար մոտ 2 ամիս առաջ լրացուցիչ արձակուրդ էր ստացել եւ եկել հայրենի գյուղ, տեսակցել բոլոր հարազատներին, բարեկամներին, գյուղացիներին, ուսուցիչներին ու ընկերներին, բայց, ավաղ, վերջին անգամ:
Սգում է Սառնակունքը, սգում է իր կորցրած զավակի համար, այն համալսարանականի համար, ով գնաց դեպի հավերժություն…
Անուշավան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սառնակունքի դպրոցի տնօրեն