Ցեղասպանության ճանաչումը բխում է հենց Թուրքիայի ու թուրք ժողովրդի շահերից

Մեր զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության
ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի պապի կողմից մատուցված պատարագն ի՞նչ ազդեցություն ունեցավ` քաղաքական, բարոյահոգեբանական և այլ առումներով:

– Հռոմի պապի պատարագն առաջին հերթին` ունի բարոյական նշանակություն, քանի որ նա երկրի վրա Հիսուսի փոխանորդն է (Vicarius Christi)` համաձայն Հռոմի կաթոլիկ եկեղեցու, և նրա հոտը 1.2 մլրդ կաթոլիկներ են: Պապ Ֆրանցիսկսիի բարոյական ու խիզախ քայլի վերափոխումը քաղաքական կապիտալի` Ցեղասպանության ճանաչումն է այն երկրներում, որտեղ բնակչության մեծամասնությունը կաթոլիկներ են (դա ոչ միայն Լատինական և Կենտրոնական Ամերիկան է, այլ նաև ԵՄ-ի ու Աֆրիկայի երկրները), ինչը կախված է հայկական դիվանագիտության և սփյուռքի կազմակերպությունների գործունեությունից:

– Հռոմի պապի խոսքերն ու Վատիկանում պատարագը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, կարծես, նոր փուլ ու որակ են հաղորդում:

– Անխոս: Դժվար է գերագնահատել այն ազդակը, որ այդ ճանաչումով տվեց Պապ Ֆրանցիսկոսը: Որոշ իմաստով` այն ավելի ծանրակշիռ է, քան Ցեղասպանության քաղաքական հետևանքների մասին վերապահումներով մյուս ճանաչումները: Անհրաժեշտ է հստակ մշակված և համակարգված գործունեություն` այդ ձնագունդը մեծ ձնահյուսի վերածելու համար: Հոռետեսներից ես հաճախ եմ տեսակետ լսում, այդ թվում և` հայկական, որ մինչև Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, այդ բոլոր ճանաչումները ոչ մի նշանակություն չեն ունենա:

Վերջերս այդպես արտահայտվեց Ցեղասպանության համեմատաբար նոր փորձագետներից մեկը` Թոմ դե Վաալը, ամերիկյան հանրային ռադիոյի եթերում Դայան Ռիմի ծրագրում: Այդ հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում: Հենց արտաքին ճնշումներն են հարուցում թուրքական անհատականության խթանումը` անհամատեղելիության ճանապարհով, երբ բախվում են հերքման սուտն ու ակնհայտ ճշմարտությունն այն երկրներում, որոնք ունակ են բարոյական արժեքները վեր դասել կարճաժամկետ շահերի այսրոպեական արդյունքներից: Այդ ցնցումը բերում է նրան, որ հետզհետե ավելի շատ թուրքեր են հասկանում իրենց ինքնության վրա պետական ստի քայքայիչ ազդեցությունը: Հանցագործությունը մերժելու գնով Թուրքիայի բարյացակամ վերաբերմունքը «գնելու» փորձերը համեմատելի են բարոյական կոռուպցիայի վատագույն դրսևորումների հետ:

– Պատարագը պատճառ դարձավ Թուրքիայի ու Վատիկանի միջև դիվանագիտական սկանդալի: Ինչպե՞ս կգնահատեք սա:

– Թուրքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է ճանաչման գործընթացի հետևանքները, այստեղից էլ գալիս է նրանց հիստերիկ ռեակցիան: Հարկավոր է նրանց օգնել` հնարավորինս շատ սխալներ անել այդ ճանապարհին:

– Պապի խոսքերը բացասական արձագանք ստացան նաև ռուսաստանյան որոշ շրջանակներում: Ըստ Ձեզ` ի՞նչ է սա նշանակում:

– Բացասական արձագանքը գալիս էր ռուսական որոշակի շրջանակներից` ոչ թե հենց Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, այլ Պապի կողմից ֆաշիզմի և ստալինիզմի հավասարեցումից: Մեզ հարկավոր է ռուսական գործընկերներին բացատրել, որ պետք է «կոտլետներն առանձնացնեն ճանճերից»: Պատրիարք Կիրիլը Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել է 2010 թ. մարտին Ծիծեռնակաբերդ իր այցելության ժամանակ: Մնում է մի փոքր գործ` ինչո՞ւ նա էլ պատարագ չմատուցի: Թող դա լինի Երևանի ռուսական եկեղեցում:

– Մինչ այժմ Կրեմլը չի հաստատել, թե արդյոք ապրիլի 24-ին ՌԴ նախագահը լինելո՞ւ է ՀՀ-ում, թե՞ ոչ: Խոսակցություններ կան, որ Պուտինը ՀՀ է գալու նախքան ապրիլի 24-ը, իսկ այդ օրը լինելու է Թուրքիայում: Հնարավոր համարո՞ւմ եք դա, և այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել ռազմավարական գործընկերոջ վարքը, ու ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը:

– Ես սովորաբար ձեռնպահ եմ մնում շահարկումները մեկնաբանելուց: Սակայն, եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանը կարող է համարժեք պատասխանել իր հանդեպ այդպիսի անհարգալից վերաբերմունքին: Նախագահ Սարգսյանը և հայ վետերանները պետք է հրաժարվեն մայիսի 9-ին Մոսկվայում շքերթին մասնակցել և տոնակատարություն կազմակերպեն Երևանում: Այդ սցենարի դեպքում Մոսկվային հղվելիք ազդակը պետք է շատ հստակ լինի` մենք չենք պատրաստվում զբաղվել պատմության սրբագրմամբ, սակայն ակնկալում ենք, որ ռազմավարական գործընկերը, որը համտեսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերի դառնությունը, կհրաժարվի տնտեսական շահի համար մասնակցել պատմության թուրքական սրբագրմանը:

Ընդ որում, այդպիսին պետք է լինի ազդակը նաև մյուս երկրների համար, օրինակ` Բրիտանիայի:

– Ձեր կարծիքով` Թուրքիան ե՞րբ կընդունի Ցեղասպանության փաստը:

– Դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ աշխարհում Ցեղասպանության ճանաչման հեղեղը լիովին անիմաստ կդարձնի մերժման գինը, և թուրքերի կրիտիկական զանգվածի համար ինքնաճանաչման և արտաքին ճանաչման միջև խզումը կդառնա անտանելի, ու նրանք կհասկանան, որ Ցեղասպանության ճանաչումը բխում է հենց Թուրքիայի ու թուրք ժողովրդի շահերից: Հասկանալի է, որ այդ գործընթացը չունի հստակ ժամկետներ, սակայն մենք կարող ենք այն մոտեցնել, եթե մեզ համար յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ն իր էներգետիկայով ու հզորությամբ լինի այնպիսին, ինչպիսին 100-րդ տարելիցն է:

Տեսանյութեր

Լրահոս