Բաժիններ՝

Գյուղատնտեսության վրա հույս դնելու «օգուտը»

Թեպետ Հայաստանի արտահանողները հիմնականում այս տարվա սկզբից են դժգոհում ռուսաստանյան շուկա արտահանելու դժվարություններից` պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ, վիճակագրությունը վկայում է, որ խնդիրներ իրականում սկսվել են դեռ նախորդ տարվանից։

Գաղտնիք չէ, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքում առյուծի բաժինը զբաղեցնում են սննդամթերքը, խմիչքը (առաջին հերթին` կոնյակը) և միրգ-բանջարեղենը։ Մաքսային ծառայության կողմից հրապարակված` արտաքին առևտրի ցուցանիշները 2014 թվականի համար բացահայտում են տխուր պատկերը, որն առկա է ՌԴ արտահանման ոլորտում։

Հայաստանից Ռուսաստան արտահանման մեջ առավել մեծ կշիռ ունեցող 10 ապրանքախմբերից 6-ի դեպքում անկում է գրանցվել։ Այսպես, Հայաստանից Ռուսաստան մրգերի արտահանումը (ծիրան, բալ, կեռաս և այլն) 2014 թվականին գումարային արտահայտությամբ նվազել է 58.8%-ով կամ 9.7 միլիոն դոլարով։ Արտահանվել է ընդհանուր առմամբ 6.8 միլիոն դոլարի միրգ` 2013 թվականի 16.5 միլիոն դոլարի դիմաց։ Բնեղեն արտահայտությամբ անկումն ավելի զգալի է` 74.9% կամ 16.3 հազար տոննա։ Ձկնեղենի արտահանումը նվազել է 1.6 տոկոսով և կազմել 16.5 միլիոն դոլար։ Կոնյակի արտահանումը նվազել է 13.4%-ով կամ 20.4 միլիոն դոլարով։ Կարտոֆիլի արտահանումը նվազել է 54.4%-ով, խեցգետնակերպերինը` 6.9%-ով։

Ինչո՞վ է այս ամենն ուշագրավ։ Բանն այն է, որ բնապահպանական կազմակերպությունները և մի շարք տնտեսագետներ մշտապես հորդորում են հրաժարվել արդյունաբերությունից և շեշտը դնել գյուղատնտեսության վրա։ Ասենք, հանքանյութ արտահանող երկրի փոխարեն` դառնալ մեղր կամ այլ գյուղմթերք արտահանող երկիր։ Բացի հարցի բնապահպանական կողմից` այս տեսակետի կողմնակիցներն իրենց մոտեցումները հիմնավորում են նաև տնտեսական բնույթի փաստարկներով։ Այսինքն` հանքանյութերի և, մասնավորապես, մետաղների գները խիստ զգայուն են միջազգային ցնցումների նկատմամբ։ Ու եթե երկրի արտահանման ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ապա ճգնաժամերը և մետաղների գների անկումը բավականին ցավոտ են հարվածում մեր տնտեսությանը։ Ու ըստ այդմ` ավելի լավ է մասնագիտանալ գյուղմթերքի վրա։

Կարդացեք նաև

Կրկին նայենք ցուցանիշներին։ Հանքարդյունաբերության արտադրանքի արտահանումը նույնպես նվազում է ունեցել, սակայն շատ ավելի թույլ տեմպով։ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները կրճատվել են 3.3%-ով և կազմել 393.8 միլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում, օրինակ, բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 25.2%-ով։

Հիմա աչքի անցկացնենք այս տարվա հունվար-փետրվարի ցուցանիշները։ Պատրաստի սննդի արտադրանքի ընդհանուր արտահանումը նվազել է 43.9%-ով, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումը` 60.1%-ով։ Հանքահումքային արտադրանքի արտահանումն այս նույն ժամանակահատվածում նվազել է 5.4%-ով։ Սննդամթերքն ու գյուղմթերքն արտահանվում են հիմնականում Ռուսաստան, իսկ հանքահումքային արտադրանքը` Եվրամիության երկրներ։

Իհարկե, վիճակագրական այս ցուցանիշների հրապարակումից հետո Էկոնոմիկայի նախարարությունը շտապեց մեկնաբանել, որ այս ցուցանիշներն ամբողջական չեն և դեռ պետք է ճշգրտվեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Արդեն 3.5 ամիս է` Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ արտաքին առևտրի մասին ստույգ տվյալներ դեռ չեն հրապարակվել։ Այսինքն` դեռ պետք է սպասենք, մինչև հնարավոր լինի փաստերի վրա հիմնված նորմալ եզրահանգումներ անել։

Սակայն մինչ այդ, համադրելով ՌԴ պաշտոնական վիճակագրության տվյալներն ու առանձին խոշոր արտահանողների հայտարարությունները, կարող ենք չկասկածել, որ դեպի ՌԴ արտահանումն ու մասնավորապես` գյուղմթերք/սննդամթերքի արտահանումն ունենալու է երկնիշ անկում։

Հիմա ո՞ր ճյուղն է ավելի խոցելի` գյուղատնտեսությո՞ւնը, թե՞ հանքարդյունաբերությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գյուղմմթերքի դեպքում մշտապես առկա է նաև անբարենպաստ եղանակային պայմանների ռիսկը։

bab-gyux-nkar01Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտն առաջնահերթ համարողներին, թերևս, կհետաքրքրի, որ առանց այն էլ Հայաստանում գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում չափազանց մեծ է։ Համաշխարհային բանկի տվյալներով` 2013 թվականին գյուղատնտեսությունը կազմել է համախառն ներքին արդյունքի 21.9%-ը։

Այդ ցուցանիշով մենք հարևանություն ենք անում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Կոտ Դգիվուարը, Գանան, Կոնգոն և այլն (տես՝ նկար 1)։ Իսկ աշխարհում կա այսպիսի օրինաչափություն` որքան երկիրը զարգացած է, այնքան փոքր է գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ։

Օրինակ, Գերմանիայում այդ ցուցանիշը 1% է, ԱՄՆ-ում` 1.3%, Ավստրալիայում` 2.4%4 և այլն։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 2013 թվականին համաշխարհային տնտեսության մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը 1% է։ Այդ թվում, բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշ՝ ընդամենը 1% է, միջին եկամուտ ունեցող երկրներինը` 10%, ցածր եկամուտ ունեցող երկրներինը` 26%։ Այսինքն` գյուղատնտեսության տեսակարար կշիռը խոսում է նաև երկրի զարգացածության մակարդակի մասին։

Իսկ ինչպես երևում է Նկար 2-ից` մեր տարածաշրջանում և ԵՏՄ անդամ երկրների շարքում գյուղատնտեսության ամենամեծ տեսակարար կշիռը Հայաստանում է։ Այս ցուցանիշով մենք առավել մոտ ենք աֆրիկյան երկրներին։

Ընդ որում, 2000 թվականի համեմատ գյուղատնտեսության տեսակարար կշիռը Հայաստանում նվազել է ընդամենը 3.6 տոկոսային կետով` 25.5%-ից հասնելով 21.9%-ի։ Գյուղարտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 4.7 անգամ` 480 միլիոն դոլարից հասնելով 2.28 միլիարդ դոլարի։

bab-gyux-nkar02

 

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ադրբեջանի ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը նվազել է 11.4 տոկոսային կետով և այժմ կազմում է 5.7%։ Վրաստանում այդ ցուցանիշը կրճատվել է 11.4 տոկոսային կետով (այժմ` 9.4% է), Ղազախստանում` 3.8 տոկոսային կետով (այժմ` 4.9%)։

Սակայն դա չի նշանակում, որ այս երկրներում գյուղոլորտն անկում է ապրել։ Հակառակը` նույն Ղազախստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2000 թվականի համեմատ աճել է 7.1 անգամ։ Որովհետև ընդհանուր առմամբ այդ երկրի ՀՆԱ-ն է աճել ավելի քան 12 անգամ (2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 2000 թվականի ցուցանիշից բարձր է եղել 5.5 անգամ)։

Այս ամենը նշանակում է, որ տարիներ շարունակ խոսելով գիտելիքահենք ու արդյունաբերական տնտեսություն կառուցելու մասին` մենք աստիճանաբար վերածվել ենք գյուղատնտեսական երկրի։ Այսինքն` հարկավոր է ձգտել առաջին հերթին` գյուղատնտեսության տեսակարար կշռի նվազեցմանը։ Սակայն ոչ թե` գյուղատնտեսությունը կրճատելու, այլ` մյուս ոլորտները զարգացնելու հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս