Բաժիններ՝

Հայրենիքի պաշտպանության հարցում սեռը կապ չունի. «Առյուծն առյուծ ա, է՞գ, թե՞ որձ»

Հայրենիքին ծառայելու սուրբ պարտքը երբեք միայն տղամարդկանց առանձնաշնորհը չի եղել: Հայ կանայք միշտ մարտնչել են ուս ուսի՝ տղամարդկանց կողքին: Արցախյան պատերազմը դրա վառ ապացույցն էր: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որտեղ նա նաև նշել էր, որ Արցախյան պատերազմի ժամանակ 25 կին ծառայող են կորցրել: Կոմանդոսի կարծիքով՝ աղջիկների մասնակցությունը ոչ միայն բանակի ընդհանուր մթնոլորտի վրա է դրական ազդում, այլև աղջիկներն իրենց մարտունակությամբ ոչնչով չեն զիջում տղաներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2013 թվականին որոշում է կայացրել իգական սեռի ներկայացուցիչների ծառայության վերաբերյալ և ընդունելություն է հայտարարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում:

Այցելելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ սովորում են 7 աղջիկներ, զրուցեցինք նրանցից երկուսի և իրենց հրամանատարներից մեկի հետ:

Հրամանատար` փոխգնդապետ Արտակ Պապյանից փորձեցինք իմանալ, թե ինչ կարծիք ունի աղջիկների ծառայության վերաբերյալ:

Կարդացեք նաև

– Քանի որ ծառայությունը, բոլորիս պարտքն է հայրենիքի նկատմամբ, այն չի ճանաչում սահմաններ, և չկա սեռի տարբերություն: Կա մի մասնագիտություն` հայրենիքի պաշտպան լինելը, որ մեր աղջիկներն ընտրել են իրենց համար:

– Արդյո՞ք աղջիկները զիջում են ինչ-որ հարցերում տղաներին:

– Աղջիկները զիջում են տղաներին միայն մի փոքր ֆիզիկական պատրաստվածության հարցերում, իսկ ուսման առումով նրանք շատ լավ պատրաստված են, որոշ չափով էլ տղաներից լավ առաջադիմություն ունեն: Գործնական պարապմունքների և նորմատիվների հանձնման ընթացքում ավելի մեղմ ենք վերաբերվում աղջիկներին, որպեսզի կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները:

IMG_0129

– Ձեր կարծիքով՝ աղջիկների ծառայությունը պետք է այլընտրանքայի՞ն, թե՞ պարտադիր լինի:

– Հայրենիքին ծառայելը բոլորի սրբազան պարտքն է: Աղջիկներին, ովքեր ծառայում են հայրենիքին, շատ բարձր ենք գնահատում, սակայն չեմ կարծում, որ նրանց ծառայելը պետք է պարտադիր լինի:

– Ծառայության ընթացքում ավելի շատ աղջիկնե՞րն են թերանում, թե՞տղաները:

– Ծառայության ընթացքում թերացումներ չեն լինում, այն միշտ իր հունով ընթանում է: Տարբերություն չենք կարող դնել, տղանե՞րն են թերանում, թե՞ աղջիկները, քանի որ բոլորը ծառայում են մի նպատակի համար: Այս պարագայում պետք է ամեն ինչ ճիշտ լինի:

– Ո՞րն է Ձեր կոչն աղջիկներին, ովքեր դեռ պետք է ընդունվեն ինստիտուտ:

– Օգտվելով առիթից՝ բոլոր աղջիկներին, ովքեր ցանկություն ունեն ընդունվել մեր ռազմական ինստիտուտ` կոչ եմ անում, որ օրինակ վերցնեն մեր կուրսանտ աղջիկներից, գան, սովորեն և, ստանալով սպայի կոչում՝ դառնան հայրենիքի իսկական պաշտպան:

Կուրսանտներից մեկը Սեդա Սադյանն է, ով սովորում է Ռազմական ինստիտուտում 2014 թվականից: Նա Տավուշի մարզից է: Սեդան այն աղջիկներից է, ում մեջ շատ մեծ է մարտական և հայրենասիրական ոգին: Իր խոսքում նա նշեց՝ «հարկ եղած դեպքում՝ առաջիններից մեկը հենց ես կլինեմ, որ կբարձրանամ դիրքեր»:

– Սե՛դա, ինչպե՞ս եք կայացրել ռազմական ինստիտուտում սովորելու որոշումը:

– Որոշումը կայացրել եմ մոտ մեկ տարի, այսինքն՝ մտածել եմ այդքան ժամանակ: Հայրս դեմ էր, որ ես գամ էստեղ, մայրս՝ նույնպես: Ասում էին. «աղջկա գործ չի, նստի տանը՝ գործ արա»: Հայրս մինչև վերջ պայքարում էր, որ չգամ այստեղ, բայց քանի որ ես շատ համառ էի, համոզեցի ծնողներիս: Հիմնականում ինձ օգնել է մեր դպրոցի զինղեկը, խոսել է հորս հետ ու ասել է, որ թողնեն ես գամ ու սովորեմ ռազմական ինստիտուտում: Դրանից հետո եկանք ծնողներիս հետ, թղթերը տվեցի, ու էդպես որոշումս կայացավ:

– Իսկ ինչո՞ւ հենց ռազմական ինստիտուտ:

– Միշտ սիրել եմ ռազմական գործը, քանի որ ես սահմանամերձ գյուղից եմ: Իմ մոտով միշտ անցել են էդ կրակոցները, տեսել եմ մարդկանց տագնապը և զգացել էդ պահերը:

– Հե՞շտ եք հարմարվել ինստիտուտում վաղ արթնանալուն, խիստ կարգ ու կանոնին:

– Սկզբում ամիսուկես փորձաշրջան ենք անցել, վեցն անց կեսին արթնանում էինք, ու չեմ բողոքել, որ շուտ ենք արթնանում:

– Ո՞ր ռազմական մասնագիտությունն եք Դուք ընտրել:

– Կոնկրետ մասնագիտություն հիմա չեմ ընտրել, դեռ ժամանակ կա, բայց ավելի հակված եմ հետախույզ կամ դիպուկահար դառնալու:

IMG_0104

– Ձեր կարծիքով՝ աղջիկների ներկայությունը ռազմական ինստիտուտում կարևո՞ր է:

– Շատ կարևոր է: Ես կասեի, որ այս որոշումը պետք է շուտ ընդունեին: Արդեն տարբերությունը զգում է ինստիտուտի անձնակազմը, փոխվել է իրենց բառապաշարը և պահվածքը: Ուսման մեջ նույնպես տարբերություն կա, քանի որ աղջիկներն օգնում են տղաներին:

– Հե՞շտ է տղաների հետ ծառայել: Նրանք Ձեզ որպես հավասարը հավասարի՞ են ընդունում:

– Բնականաբար, չեն կարող ընդունել մեզ՝ ինչպես հավասարը հավասարին, տղաներ են, ի վերջո, իրանք: Բայց դե փորձում են մեզ ինչ-որ հարցերում օգնել, իսկ որոշ հարցերում էլ ասում են. «էս ձեր տեղը չի»:

– Սե՛դա, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է կրել զինվորական համազգեստը:

– Մի խոսք կա՝ «մենակ զինվորական հագուստ կրելուց՝ զինվորական չես դառնա», ու հաստատ զինվորական հագուստը պետք է կրես արժանավայել կերպով, ոչ թե ուղղակի հագնես ու ասես, որ զինվորական ես:

IMG_0073

– Սեռը կապ ունի՞, երբ հայրենիքի պաշտպանության հարց բարձրանա:

– Եվս մի խոսք կա՝ «առյուծն առյուծ ա, է՞գ, թե՞ որձ», հիմա ինձ համար էլ կապ չունի՝ աղջի՞կ, թե՞ տղա: Հայրենիքի պաշտպանությունը բոլորինս ա:

– Դասերին զուգընթաց ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

– Ինստիտուտի տարածքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, որոնց ակտիվորեն մասնակցում եմ, հարկ եղած դեպքում` ասմունքում:

– Սե՛դա, կցանկանայի՞ք, որ կուրսանտ աղջիկների թիվն ավելանա ռազմական ինստիտուտներում:

– Այո՛, հիմա մոտենում են ավարտական քննությունները, մեր աղջիկներին, ովքեր ուզում են ընդունվել այս ինստիտուտ, կո՛չ եմ անում, մի վայրկյան անգամ թող չմտածեն այս մասնագիտությունն ընտրելու:

Մյուս կուրսանտը 17 տարեկան Արմինե Գրիգորյանն է, ով ծնվել է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում: Նա մինչ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտ ընդունվելը մասնակցել է «նախնական զինվորական պատրաստություն» առարկայի օլիմպիադաների, որտեղ լինելով առաջատար՝ մրցանակներ է վաստակել: Այդ ռազմական խաղերն առավել վճռորոշ դեր են կատարել նրա ընտրության մեջ:

– Արմինե՛, Ձեր կարծիքով՝ աղջիկների ծառայությունը պետք է պարտադի՞ր, թե՞ այլընտրանքային լինի:

Armine_Grigoryan– Անկեղծ ասած, Հայաստանը չեմ համարում այնպիսի զարգացած պետություն, որն արդեն կարող է ընդունել աղջիկներին՝ որպես պարտադիր ծառայության մասնակից: Կարծում եմ, որ մի որոշ ժամանակ հետո պարտադիր կլինի, բայց ես այնուամենայնիվ համարում եմ, որ այլընտրանքայինը ճիշտ է:

– Ռազմական ինստիտուտում սովորելու Ձեր որոշումն ինչպե՞ս ընդունեցին ընտանիքում:

– Հայրս ոգևորել է, օգնել է ինձ, մայրս մի փոքր մտավախություն ուներ, սակայն հետո համակերպվեց:

– Ձեզ չխանգարե՞ց այն հանգամանքը, որ պետք է հրաժարվեիք շպարից, աքսեսուարներից:

– Քաղաքացիական կյանքում շպար և աքսեսուարներ չեմ օգտագործել և կախվածություն չեմ ունեցել, այնպես որ դժվար չի:

– Մինչ ռազմական ինստիտուտ ընդունվելն ինչ-որ մարտարվեստով զբաղվե°լ եք:

– Ճիշտ այդպե՛ս (ծիծաղում է.- Լ.Դ.): Արևելյան մարտարվեստով եմ զբաղվել: Հայրս էր պարապում ինձ հետ դեռ երրորդ դասարանից:

– Ո՞ր ռազմական ուղղությունն եք ընտրել:

– Դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, որ կարող ենք մասնագիտական ընտրություն կատարել, այնպես որ, չեմ շտապում: Կարծում եմ, որ կընտրեմ մոտոհրաձգային մասնագիտությունը:

– Մեր ազգի, հիմնականում՝ տղամարդկանց մոտ, կարծիք կա, որ աղջիկները չպետք է ծառայեն, և դա աղջկա գործ չի: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Իմ կարծիքով՝ նրանք ճիշտ չեն, քանի որ աղջիկներ կան, որ գերազանցում են նրանց և՛ ֆիզիկապես, և՛ ուսման առումով: Հարկ եղած դեպքում ես անգամ դիրքեր կգնամ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա կյանքը, երբ ընտանիք կազմեք, արդյո՞ք զինվորական կնոջ համար դժվար չի լինի համատեղել երկուսը միասին:

– Եթե ամուսինը զինվորական մասնագիտություն ունենա, խնդիրներ չեն լինի, հակառակ դեպքում համատեղելը դժվարություններ կառաջացնի:

– Ի՞նչ խորհուրդ կտաք մեր աղջիկներին, ովքեր դեռ նոր պետք է ընդունվեն ինստիտուտ:

– Դիմորդ աղջիկներին խորհուրդ կտամ, որպեսզի միայն ցանկությամբ չառաջնորդվեն, առաջնահերթությունը տան իրենց սկզբունքներին, իրենց բնավորությանը և իրենց էությանը համապատասխան լինելուն: Եթե միայն զինվորական համազգեստը սիրելով ընտրեն այս մասնագիտությունը, դժվարությունների առաջ կկանգնեն: Օրինակ, ես շատ եմ սիրում այն, բայց զուտ սիրելու համար չի, որ եկել ու սովորում եմ այստեղ:

ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիամաքսի»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս