Ինչպիսի՞ն կլինի կյանքը Պլուտոնի վրա
2006 թվականից Պլուտոնը հանվեց Արեգակնային համակարգի մեծ մոլորակների շարքից և այժմ կոչվում է թզուկ մոլորակ, և այս քայլը բազմաթիվ հակասություններ և բանավեճեր առաջացրեց: Անկախ նրանից, թե մարդիկ կարծում են, որ Պլուտոնը պետք է դիտարկել որպես լիարժեք կամ ոչ լիարժեք մոլորակ, մի բան հստակ է․ այն առեղծվածով լի է, և մենք չունենք ամբողջական պատկերացում, թե ինչպիսին կլինի կյանքն այնտեղ:
«Մենք երբեք չենք եղել և չենք ապրել Պլուտոնի վրա»,- Space.com-ին հայտնում է մոլորակագետ Ալան Սթերնը:
ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» (New Horizons) տիեզերանավը 2015թ. հուլիսի 14-ին առաջինը կայցելի Պլուտոն․ ոչ մի տիեզերանավ նախկինում երբեք չի հետազոտել ո՛չ այս մոլորակը, ո՛չ էլ նրա՝ մեզ հայտնի հինգ արբանյակները: «Շուտով Պլուտոնի մասին շատ ավելին կիմանանք, երբ «Նոր հորիզոններ» տիեզերանավը հասնի այնտեղ»,- ասում է Սթերնը, ով առաքելության հիմնական հետազոտողներից է:
Եթե հենց հիմա գտնվեիք Պլուտոնի վրա, ապա պետք կգար մոտ 4.5 ժամ, որպեսզի ձեր հաղորդագրությունը հասներ Երկիր: Իսկ ավելի ճշգրիտ, թե որքան ժամանակ պետք կգա մեկ հաղորդագրություն ուղարկելու համար, մեծապես կախված է Պլուտոնի տարվա տևողությունից, իսկ Պլուտոնի մեկ տարին հավասար է Երկիր մոլորակի 248 տարվան:
Պլուտոնը շարժվում է ձգված էլիպսաձև ուղեծրով, որի 20 տարին ներառվում է Նեպտունի ուղեծրի մեջ։ Այն ժամանակ, երբ Պլուտոնն ամենամոտն է Երկրին, մեկ հաղորդագրություն ուղարկելու համար կպահանջվի մոտ չորս ժամ: Բայց երբ Պլուտոնը Երկրից ամենահեռու դիրքում գտնվի, հաղորդագրությունը կարող է հասնել ավելի քան 6,5 ժամ հետո: Կախված իր ուղեծրի դիրքից՝ Պլուտոնի մակերևույթի ջերմաստիճանը կարող է տատանվել -369°-ից մինչև -387° ըստ Ֆարենհայթի (-223°-ից մինչև -233° ըստ Ցելսիուսի): Նման ջերմաստիճանային համեմատաբար փոքր տատանումները կարող են նաև ազդել թզուկ մոլորակի մթնոլորտի վրա:
Հաբլի տիեզերական աստղադիտակով արված լուսանկարները ցույց են տալիս, որ Պլուտոնի մակերեսը որոշ հատվածներում պայծառությամբ տարբերվում է, ինչից կարող ենք ենթադրել, որ թզուկ մոլորակը կարող է ունենալ բազմատեսակ բնապատկերներ: Սակայն դեռևս ոչ ոք չգիտի, թե իսկապես ինչպիսին է Պլուտոնի «երկրաձևաբանությունը» կամ «երկրաբանությունը»: Ի վերջո, պարզ չէ, թե ինչ տեսակ վտանգների կբախվենք Պլուտոնի վրա, բացի տիեզերական ճառագայթումից և ցրտից: «Մենք տեղյակ չենք, արդյոք հրաբուխներից բացի՝ այլ միջավայրային վտանգներ էլ են մեզ սպառնում»,- ամփոփեց Սթերնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոնա Ֆարմանյանը