Ծափեր՝ առանց «շաբաշի»
Արդեն 3 օր է` սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչ-արձագանքը` ուղղված System of a Down խմբի անդամներին և ընդհանրապես սփյուռքահայությանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին տեղի ունեցած համերգի ժամանակ SOAD-ի երգիչ Սերժ Թանգյանը ՀՀ իշխանություններին կոչ արեց քայլեր ձեռնարկել երկրի վիճակը բարելավելու, ինստիտուցիոնալ անարդարությանը վերջ տալու և արտագաղթը կանգնեցնելու ուղղությամբ։
«Ա1+»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն էր խնդրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, ով բավականին վրդովված տոնով պատասխանել էր. «Քննադատելն ամենահեշտ խնդիրն է։ Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա։ Ուրեմն բարի եղեք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, ու մարդիկ չգնան։ Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ` 1000 դոլար հաշվեհամար բացի բանկում։ Մեզ փող չտա, բանկում փող դնիգ բոլորը, ով հնարավորություն ունի, թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին։
Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան։ Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»։
Իսկ երեկ թեման ավելի է զարգացել։ Հրանուշ Հակոբյանն ասել է, որ բանկերում ներդրումներ անելու գաղափարն առաջացել է 2013 թվականին` բանկերի և ֆինանսիստների հետ հանդիպման ժամանակ: «Գաղափարն այդ ժամանակ է ծնվել, դա նորություն չէ։ Ես շնորհակալ եմ լրագրողներից, որ այսպիսի աղմուկ բարձրացրեցին, որ սփյուռքում վերհիշեն։
Օրեր առաջ ես բարեգործականի ժողովին նույն միտքը խոսեցի և բանկային համակարգին հզորացնելու… որովհետև մենք դրանով իրենց չենք վնասում, հակառակը` իրենք տոկոսներ են ստանում, և զբոսաշրջությունն է զարգանում։ Կարծում եմ` բարեգործականի 300 հոգին հոտընկայս ծափահարեց»,- ասել է Հ. Հակոբյանը` խորհուրդ տալով բանկերից ճշտել, թե իր այդ կոչից հետո բանկերում ներդրումներ եղե՞լ են, թե՞ ոչ։
Այս առումով տիկին Հակոբյանը բավականին անկեղծ է։ Բանկում փող դնելու կոչը պարզապես պահի տակ ասված խոսք չէր։ Ավելին, դա Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված կարգախոսներից մեկն է` «Բանկային հաշիվ ունեցիր հայրենիքում»։ Իհարկե, կարգախոսի մեջ նախընտրելի գումարի հստակ չափը նշված չէ։ Պարզ ասած, Սփյուռքի նախարարությունը վաղուց է որդեգրել սփյուռքահայերից գումար խնդրել-պահանջելու գործելաոճը։
Մենք որոշեցինք հետևել տիկին Հակոբյանի խորհրդին և տեսնել, թե նրա կոչն ինչպե՞ս է ազդել սփյուռքահայերի վրա։ Որքանո՞վ են ավելացել սփյուռքահայերի ավանդները ՀՀ բանկերում։ Նախարարն այդ կոչն արել է 2013-ին։ Հետևաբար` 2014-ի ընթացքում դրա արդյունքը պետք է երևար։ ՀՀ ԿԲ 2014թ. դեկտեմբեր ամսվա տեղեկագրի համաձայն` ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ավանդների մեծությունը 2013 թվականի դեկտեմբերին կազմել է 463.6 միլիարդ դրամ։ Ուղիղ մեկ տարի անց` 2014 թվականի դեկտեմբերին, այդ գումարը կազմել է 437.8 միլիարդ դրամ։ Այսինքն` ոչ ռեզիդենտները (այդ թվում` սփյուռքահայերը) հայկական բանկերում պահվող իրենց գումարների չափը 1 տարվա ընթացքում կրճատել են 25.8 միլիարդ դրամով կամ 5.5%-ով։ Փաստորեն, ստացվում է, որ տիկին Հակոբյանի կոչը հակառակ ազդեցություն է ունեցել։ Ծափ տալիս են, բայց փող` ոչ։ Ո՞վ կմտածեր։
Իսկ ինչո՞ւ չեն տալիս։ Չէ՞ որ իրոք օգնություն չենք խնդրում` դա մնում է իրենց փողը։ Չէ՞ որ ասում ենք` ՀՀ բանկային համակարգը կայուն է։ Չէ՞ որ մեզ մոտ տոկոսադրույքներն ավելի բարձր են, և գումարներն այստեղ պահելով` այդ մարդիկ ավելի շատ եկամուտ կարող են ստանալ։ Թերևս, ավելի լավ կլիներ, եթե Հրանուշ Հակոբյանը կոչը կրկնելուց առաջ փորձեր նախ` այդ «ինչու»-ի պատասխանը գտնել։ Շատ ավելի լավ կլիներ, եթե նա ավելի ետ գնար` մինչև 2008-2009 թվականները, և փորձեր հասկանալ` ինչո՞ւ իր նախկին ղեկավարի` Տիգրան Սարգսյանի նույնատիպ կոչն անտեսվեց։ Նախկին վարչապետը ճգնաժամի ժամանակ կոչ էր անում սփյուռքահայերին և օտարազգիներին` գումարները տեղափոխել ՀՀ բանկեր, քանի որ (ըստ նրա) ՀՀ բանկային համակարգն ամուր էր և «անվտանգության կղզյակ էր»։ Այդ կոչը, մեղմ ասած, անտեսվեց։
Ու քանի որ, ինչպես երևում է, մեր պաշտոնյաները չեն էլ փորձում հասկանալ, թե ինչու են իրենց խոսքերն օդում մնում, մենք մի քանի հնարավոր տարբերակներ առաջարկենք։
Միգուցե կոչին չեն հետևում, որովհետև կոչ անողն ի՛նքը պետք է վստահություն ներշնչի։ Միգուցե տվյալ դեպքում Հրանուշ Հակոբյանը վստահություն չի՞ ներշնչում (ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանը և մյուսները)։ Ոչ թե` որպես անհատ, այլ` որպես ՀՀ իշխանական համակարգի մաս։ Չէ՞ որ նա այդ կոչը հնչեցնում է ոչ թե` որպես ՀՀ քաղաքացի տիկին Հրանուշ, այլ` որպես սփյուռքի նախարար։
Կամ միգուցե որևէ երկրի բանկում փողերը պահելու համար պետք է վստահություն ներշնչի այդ երկրի կառավարման ողջ համակա՞րգը։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են, որ օրենքը գործում է, որ դատաիրավական համակարգ կա, ենթակառուցվածքներ կան և երկիրն առաջ տանելու կամք։ Միգուցե չե՞ն տեսնում։
Իսկ միգուցե ինքներդ հակառա՞կ օրինակ եք ծառայում` ձեր միլիոնները պահելով դրսի բանկերում։ Միգուցե մի բան գիտեք, որ չեք վստահում ՀՀ բանկային համակարգին։ Կարող է, չէ՞, այդպես մտածել Սփյուռքում ապրող ցանկացած հայ։
Թերևս այսքանը` բուն կոչի մասով։
Սակայն, քանի որ խոսքը վերաբերում էր Սփյուռքի նախարարին, փորձենք հասկանալ` ի՞նչ է անում նրա ղեկավարած գերատեսչությունն ընդհանրապես։ Ինչո՞վ է զբաղվում Սփյուռքի նախարարությունը, ո՞րն է դրա նպատակը, ինչի՞ համար է այն ընդհանրապես ստեղծվել։
Այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք չգիտի այս հարցի պատասխանը։ Անգամ ստեղծողները։ Օրինակ` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am) ներկայացված են ՀՀ բոլոր նախարարությունները, և յուրաքանչյուրի համար 2-3 տողով նշված է դրա կոնկրետ առաքելությունը։ Ասենք` Էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՀՀ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը, Առողջապահության նախարարությունը` առողջապահության բնագավառում քաղաքականությունը, և այլն։ Իսկ գիտե՞ք` ինչ է նշված Սփյուռքի նախարարության դեպքում։ Ոչինչ նշված չէ։
Անգամ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելով` չես կարողանում հասկանալ` ինչի՞ համար է այս նախարարությունը։
Բայց նորմալ ֆինանսավորվում են, ու գեղեցիկ անուններով հոդվածների ուղղությամբ գումարներ ծախսում։ Ու շատ դեպքերում` անհասկանալի նպատակներով։ Օրինակ, գումար են հատկացնում ՀՀ պետական օրհներգը խտասկավառակների վրա ձայնագրելու և դրանք սփյուռքահայերին բաժանելու համար։ Ու դա` էլեկտրոնային այս դարում, երբ 5-6 տարեկան երեխան կարող է 2 րոպեում համացանցից ներբեռնել օրհներգն իր համակարգչի կամ պլանշետի մեջ։ Իմա՞ստը։
Կամ, «Աշխատանք սփյուռքի համայնքների հետ» հոդվածով պետբյուջեի հաշվին ծախսվել է ավելի քան 14 միլիոն դրամ։ Ի՞նչ աշխատանք։ Բացվածքում ներկայացված են մանրամասները` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը` Լիսաբոն, Հրանուշ Հակոբյանի այցը` Բարսելոնա, Հրանուշ Հակոբյանի այցը` Բրյուսել, ՀՀ սփյուռքի նախարարի օգնական Արուսյակ Ներսեսյանի գործուղումը` Փարիզ, և մի շարք այլ գործուղումներ (ընդ որում, պետբյուջեով առանձին 6.8 միլիոն դրամ էլ ծախսվել է 8 գործուղումների համար)։
Մեկ-երկու հասկանալի ծրագրից բացի` մյուսներն անհասկանալի ու անիմաստ են թվում։ Այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ ահագին չարչարվել են` Սփյուռքի նախարարության գոյությունն արդարացնելու համար։ Ու փորձել են ասելիքի պակասը լրացնել հոգեցունց բառերով։ 17 էջանոց հաշվետվության մեջ 28 անգամ հանդիպում է «հայ» բառը, 28 անգամ` «հայկական» բառը, 10 անգամ` «համահայկական» բառը ու, իհարկե, «հայ ինքնություն», «հայապահպանություն» ու նման այլ բառեր` որտեղ հնարավոր է խցկել։ Արդյունքում` ձևակերպումները երբեմն հասել են ծայրահեղության։ Ասենք, «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի նպատակն է` «աջակցել սփյուռքահայության լեզվամշակութային ուծացման դեմ պայքարինգ»։ Պարզվում է` սփյուռքահայերը ուծացման լուրջ վտանգի առաջ են, սակայն Սփյուռքի նախարարությունը հերոսաբար նրանց փրկում է` մոտ 80 միլիոն դրամ ծախսելով այդ նպատակի համար։
Էլ չենք խոսում աղմուկ հանած «աշխարհահռչակ աստղագետին» ընդունելու և մեծարելու խայտառակ պատմության, սփյուռքահայերին 100 բարձ նվիրելու անհասկանալի նախաձեռնության ու նման մյուս միջոցառումների մասին։
Ու այս ամենի ֆոնին` Հայաստան են գալիս մի քանի աշխարհահռչակ հայեր, որոնք հաշված օրերի ընթացքում 1000 անգամ ավելի շատ գործ են անում հայապահպանության, հայի ինքնության ամրապնդման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, քան Սփյուռքի նախարարությունը` իր գոյության 7 տարիների ընթացքում։
Ու այսքանից հետո, երբ այդ մարդիկ մի թեթև քննադատություն են հնչեցնում (ընդ որում` սրտացավությամբ), անմիջապես հետևում է մուննաթ-պատասխանը` խոսելու փոխարեն` 1000 դոլար փող դրեք այսինչ օլիգարխի բանկում։ Այն, որ մարդիկ միլիոնավոր դոլարների օգուտ տվեցին Հայաստանին` միայն PR տեսանկյունից, դա հաշիվ չէ։
Կարևորը` «քեշ» փողն է, որը հնարավոր է «ֆռռացնել», 24%-ով վարկ տալ սեփական քաղաքացիներին կամ ֆինանսավորել իրենց իսկ բիզնեսները, հետո դուրս տանել ու դնել շվեյցարական կամ Կիպրոսի բանկերի հաշվեհամարներին։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՀՀ ողջ իշխանությունն է այսօր Սփյուռքի նախարարության վիճակում, քանի որ նրա հիմնական առաքելությունը Սփյուռքը հզորացնելն է։ Այնպես անելը, որ ՀՀ քաղաքացիները երկրից մեկնեն և համալրեն հայկական Սփյուռքը։ Ահա այս «սփյուռքի նախարարությունը» փայլուն կատարում է իր գործը։