Ձևաչափի փոփոխման փորձը կարող է հանգեցնել Ղարաբաղյան բանակցային գործընթացի աղճատման. Կարասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ռուսաստանը՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբում հանախագահող երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հակամարտության կարգավորումը մեզ համար ունի առաջնահերթ նշանակություն՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը և մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունը:

Հակամարտող կողմերին աջակցելը դասվում է ռուսական արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին: Այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում: Հենց այդ պատճառով էլ կարգավորման տարբեր փուլերում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ավելի քան 30 հանդիպումներն անցկացվել են եռակողմ ձևաչափով՝  Ռուսաստանի մասնակցությամբ:

Այդ ճանապարհին նշանակալից  իրադարձություններն էին 1994 թվականին հրադադարի ու 1995 թվականին հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը, որոնք ընդունվել են Ռուսաստանի միջնորդությամբ, 2008 թվականի Մոսկովյան հռչակագիրը, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջին և դեռևս միակ փաստաթուղթն է, որի վրա առկա են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ստորագրությունները:

Ս. Սարգսյանի ու Ի. Ալիևի վերջին հանդիպումը Վ. Պուտինի մասնակցությամբ տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 10-ին Սոչիում: Քաղաքական կարգավորումից բացի, քննարկվել են նաև կողմերի միջև լարվածության սրմանն առնչվող հարցեր: Հանդիպման անհապաղ արդյունքը դարձավ զինված դիմակայության մակարդակի էական անկումը, որը հակամարտության գոտում բռնկվել էր հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին և հանգեցրել էր զգալի թվով մարդկային զոհերի:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի ակտիվ մասնակիցներն են Գերմանիան ու Թուրքիան, ապա նրա առաջադրանքը հակամարտող կողմերին աջակցելն է: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ միջնորդները կարող են օգնել, «թիկունք կանգնել», առաջարկել հանգուցալուծման տարբերակ, սակայն բուն կարգավորումը կախված է ոչ թե նրանցից, այլ՝ կողմերից:  Դա յուրաքանչյուր կարգավորման աքսիոմն է, և տվյալ դեպքում՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառություն չէ:

Կարծում եմ, որ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում կուտակվել  է միջնորդական բացառիկ փորձ: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբանկատությունը՝ ձևաչափի փոփոխման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի աղճատմանն ու կողմերի դիրքորոշման հետընթացին»:

Տեսանյութեր

Լրահոս