Հռիփսիմե տատի ծաղկազրույցը
Հռիփսիմե տատը ծաղիկների կապոցը փաթաթում է թերթի մեջ, տոպրակով ծածկում ու քթի տակ խոսում կակաչների, վարդերի ու մյուս բույսերի հետ: Հետո դնում է սեղանի տակ ու շարունակում իր գործը: «Էնքան սիրուն են, սիրտս չի տանի, որ էսպես թողնեմ: Կտանեմ տուն, ջրի մեջ կդնեմ, ու կբացվեն»,- ասում է Հռիփսիմե տատը, նայում իր ընտրած ծաղիկներին ու ժպտում: Փունջը հավաքել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարյուր-հազարավոր ծաղիկներից. գեղեցիկներից մի մասն իրեն է պահել, մյուս մասն առանձնացրել է այնպես, ինչպես Ծաղկահավաքի կարգն է պահանջում` ցողուններն ու ծաղկաթերթերը՝ իրենց բաժիններում, մոմլաթե տոպրակները, ժապավեններն ու բնության մեջ չշրջանառվող մյուս նյութերը` աղբի մեջ: Իր գործը լավ գիտի, դեռ մի բան էլ իր շուրջը հավաքված երիտասարդներին է սովորեցնում: Առաջին անգամը չէ, որ մասնակցում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» կազմակերպած Ծաղկահավաքին:
Արդեն հինգ տարի է՝ ապրիլի 24-ին անմար կրակի մոտ հավաքված ծաղիկները ոչ թե աղբ են դառնում ու այրվում, այլ` հավաքվում, վերամշակվում ու դառնում թուղթ կամ պարարտանյութ` «Հիշողության պուրակի» համար: Հռիփսիմե տատը միայն անցյալ տարի չի կարողացել մասնակցել Ծաղկահավաքին, այդ մասին խոսելիս էլ անպայման նշում է, որ պատճառը հարգելի էր՝ մարդ էր մահացել:
Ծաղկահավաքի մասին ոչ լուրերից է իմացել, ոչ էլ թերթերից, երիտասարդներից շատերի պես էլ սոցիալական կայքերում չկա. «Պարտադիր չի՝ ապրիլի 24-ը լինի, որ մարդիկ գան Ծիծեռնակաբերդ: Ես տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ: Մի անգամ էլ եկա, տեսա, որ ծաղիկները հավաքում, մշակում են, միացա իրենց»:
Վստահեցնում է, որ ինքն է կռահում, թե ամեն տարի որ օրը կլինի Ծաղկահավաքը, եթե չի հաջողվում կռահել` հարցնում է, հետաքրքրվում ու ամեն անգամ միանում Ծաղկահավաքն իրականացնող կամավորական խմբերին ու անհատներին:
Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի ծաղիկներն անհամեմատ ավելի շատ էին, այդ պատճառով Ծաղկահավաքն իրականացավ ոչ թե սովորականի պես՝ մեկ, այլ երկու օրով` ապրիլի 27-ին ու 28-ին: Հռիփսիմե տատին երկրորդ օրն արդեն գրեթե բոլորն են ճանաչում: Զամբյուղներով ծաղիկներ բերող տղաներն ամենագեղեցիկ վարդերն իր մոտ են բերում, վստահեցնում, որ կանեն այնպես, ինչպես տատիկը կասի, ամերիկացի կամավորներն էլ «շնորհակալություն», «խնդրեմ», «բարև» ու սովորած մյուս բառերի շարքում ավելացնում են տատի անունը` «Հռիփսիմեն», ինքն էլ ծիծաղում է, տղաներին քաջալերում, որ հայերեն սովորեն:
Եղանակն ամպում է, միասին իջնում ենք ճանապարհով, անունս արդեն հիշում է, ուրախանում, որ լավ աշխատեցինք: Վերջում խնդրում եմ, որ մի քիչ իրենից պատմի: Մի պահ նայում է դեմքիս ու ծիծաղելով ասում. «Հիմա ինձ հարցաքննելո՞ւ ես»: Գլխով բացասական նշան եմ ցույց տալիս, երկուսս էլ ժպտում ենք: Մի քիչ հետո նորից եմ հարցնում: Այս անգամ կեսկատակ-կեսլուրջ հարցնում է. «Ի՞նչ պատմեմ քեզ»: «Քո մասին պատմի մի քիչ, տատի»,- նորից խնդրում եմ տատիկին: Ժպտում է, ծաղիկների կապոցը ձեռքով ճոճում ու, գուցե առանց գիտակցելու՝ անուղղակիորեն իր մասին պատմում ամենակարևորը. «Ծաղիկներից մյուս ծաղիկների ու ծառերի համար կեր են պատրաստելու, գիտես՝ ինչ լավ կլինի, չէ՞»:
Մարիամ Եղիազարյան