Առաջարկվում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց ներկայանալու ժամկետը
Այսօր ԱԺ նիստում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը, որով առաջարկվում է 2013 թ. դեկտեմբերի 1 ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը:
Հ.Հակոբյանի խոսքով՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` խուսափելով քրեական հետապնդումից` չեն վերադառնում Հայրենիք. «Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն hինգերրորդ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում»:
Ըստ նախարարի՝ ամեն տարի 9000 և ավելի երիտասարդներ՝ զինակոչիկներ, հետախուզվում են, և 3 տարում հետախուզվողների թիվը հասել է շուրջ 30 հազարի: Հակոբյանը նշեց, որ օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:
Հակոբյանի խոսքով՝ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից, և արդեն տարեկան 1000 քաղաքացներ օգտվել են օրենքի ընձեռած հնարավորություններից: 2013 թվականին, օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թվականին և հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե դեռ քանի՞ տարի պետք է այս օրենքը թողնեն ուժի մեջ:
Հ.Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտությունը կա, շատ մարդիկ էլ գալիս ծառայում են, իսկ շատերը 1-2 տարեկանում գնացել են. «Շատերը նույնիսկ հայերեն էլ չեն խոսւմ, էլ ուր մնաց հայրենիքի առջև իրենց պարտքը կատարեն: Չէի ուզենա, բայց ստիպված ենք երկարաձգել»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց ընդհանրապես ժամկետը հանել: Սակայն նախարարը նշեց, որ ժամկետը չեն կարող չնշել. «Ժամկետի իմաստն այն է, որ ում 27-ը լրացել է՝ գան Հայաստան: Առանց ժամկետի խփում ենք բանակի խնդիրներին»: