Կանադան ապրիլը ճանաչեց Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս
2015թ. ապրիլի 24-ին Կանադայի բոլոր անկյուններից հայ համայնքի ներկայացուցիչները եկել էին մայրաքաղաք Օտտավա` Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի արարողությանը մասնակցելու։ Շուրջ 10,000 մասնակիցներ, ում միացել էին նաև ասորական, քրդական և հունական համայնքների ներկայացուցիչներ, մասնակցեցին Կանադայի խորհրդարանի շենքի առջև կազմակերպված միջոցառմանը, որին հաջորդեց երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Տարբեր տարիքի երեխաներ, կանայք և տղամարդիկ, բոլորը՝ մեկ մարդու նման, հավաքվել էին մայրաքաղաք Օտտավայում` Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և Ցեղասպանության միջազգային ճանաչում պահանջելու։
Հիշատակի արարողությանը ներկա էին Կանադայի դաշնային և շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների պաշտոնյաներ, դիվանագետներ` Արգենտինայի, Ռուսաստանի, Տրինիդադ և Տոբագոյի դեսպանատներից, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ցեղասպանությունը տեսած 106-ամյա կինը միացավ մասնակիցներին
Ցեղասպանությանն ականատես 106-ամյա Քնար Բոհջալյան-Եմենիջյանը երկու հարյուր կիլոմետր տարածություն էր կտրել և հասել Օտտավա` Ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցելու համար։
Ցեղասպանությունը վերապրած կինը մանուկ հասակում ստիպված է եղել լքել Արևմտյան Հայաստանում իր տունը, և տարբեր ինքնությունների անվան տակ, ի վերջո, իրեն հաջողվել է հասնել Եգիպտոս, որտեղ ապրել է շուրջ քառասուն տարի։ 1971-ին նա որոշում է կայացրել տեղափոխվել Կանադա` երկիր, որ գրկաբաց ընդունել էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերին, և որտեղ Ցեղասպանությունը վերապրած կինը հույս ուներ իր երեխաների համար խաղաղ կյանք ապահովել։ Քնար Բոհջալյան-Եմենիջյանը չէր սխալվել իր որոշման հարցում, քանզի 2002-ին՝ Կանադայի Սենատը, 2004-ին` Ներկայացուցիչների պալատը, ապա 2006-ին` Կանադայի Կառավարությունը պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին Ցեղասպանությունը վերապրած կինն Օտտավա էր եկել իր թոռների և ծոռների հետ` փոխանցելու իր ուղերձը, որ «իր երեխաները գնալու են իր հետքերով, և եթե հարկ լինի, ևս մեկ հարյուրամյակ կգան այստեղ, մինչև որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
Հիշատակի արարողություն՝ Կանադայի խորհրդարանի դիմաց
Հիշատակի արարողության ժամանակ հրավիրված բարձրաստիճան անձինք և պաշտոնյաներ խոսքով դիմեցին հիշատակի արարողության մասնակիցներին։
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ասաց, որ ցեղասպանության փաստի ժխտումը ճանապարհ է հարթում մարդկության հանդեպ նոր հանցագործությունների համար։ «Քրիստոնյաներին վերացնելու և Ստամբուլից մինչև Չինաստանի սահմանները համաթուրքական իսլամական կայսրություն ստեղծելու` նախապես մշակված ծրագրով քրիստոնյաներին ոչնչացնելու գործողություններ սանձազերծվեցին։ Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը ժամանակակից աշխարհում հիմք դրեց մի պրակտիկայի, որով ազգերի բնաջնջումը ոմանց կողմից դիտվում է՝ որպես նպատակներին հասնելու գործիք,- նշեց ՀՀ դեսպանը և հայ ազգի անունից շնորհակալական խոսք փոխանցեց Կանադայի կառավարությանը և ժողովրդին,- Մեր շնորհակալական խոսքն ենք փոխանցում Ցեղասպանությունը ճանաչած բոլոր կազմակերպություններին և պետություններին, և խորին շնորհակալություն ենք հայտնում Կանադային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և միջազգային ասպարեզում համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար»։
Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին խոսքով դիմեց մասնակիցներին և ասաց, որ իր գործընկերը՝ Քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը գտնվում է Հայաստանում` Ցեղասպանության զոհերի հիշատակը Երևանում հարգելու նպատակով։ Ջեյսոն Քեննին շեշտեց, որ բարոյական հասարակությունը հիշողությունը հարգող հասարակությունն է։
«Մենք այսօր այստեղ բոլորս միասին հավաքվել ենք՝ որպես կանադացիներ, որովհետև մենք հավատում ենք հիշողությանը։ Կանադան հարգում է հիշողությունը, և այսօր մենք այստեղ կանգնած հարգում ենք Ցեղասպանության դաժանությանը զոհ գնացած նահատակների հիշատակը։ Մենք հիշում ենք, և այդ հարգանքի զգացումով է, որ Կանադայի սրտում գտնվող` Ուիննիփեգի Մարդու իրավունքների թանգարանը մշտական ցուցադրություն ունի 20-րդ դարի ցեղասպանությունների վերաբերյալ, որոնց շարքում է նաև Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Կանադայի պաշտպանության նախարարը և ավելացրեց, որ պատգամավոր Բրադ Բաթը խորհրդարանում նույն օրը քննարկման է ներկայացրել մի օրինագիծ (թիվ 587), որով պետք է ապրիլը Կանադայում ճանաչվի Ցեղասպանության հիշողության, դատապարտման և կանխարգելման ամիս։ Ջեյսոն Քեննին տեղեկացրեց, որ իր խոսքից մի քանի ժամ անց պետք է խորհրդարանը քննարկի այդ նախաձեռնությունը, և վստահություն հայտնեց, որ Կանադայի կառավարությունը միաձայն այդ նախագծի օգտին է քվեարկելու։
Նախարարը շեշտեց ներկայիս և ապագա ցեղասպանությունները կանխելու համար անցյալի ցեղասպանությունները ճանաչելու կարևորությունը. «Հենց այս պահին, երբ այստեղ մեր խոսքն ենք ասում, «Իսլամական պետություն» կոչեցյալն Իրաքում և Սիրիայում ասորիների, եզդիների և քրիստոնյաների հանդեպ ցեղասպանության փորձ է իրականացնում։ Ես՝ որպես Կանադայի պաշտպանության նախարար, հպարտություն եմ զգում, որ ներկայացնում եմ մի կառավարություն, որն առանց հապաղելու՝ ռազմական ուժ է ուղարկել տարածաշրջան, որպեսզի աշխատանքներ տարվեն Իրաքում և Սիրիայում մեկ այլ ցեղասպանության կանխարգելման համար»։
Երթ՝ դեպի Թուրքիայի դեսպանատուն
Խորհրդարանի առջև ելույթներից հետո ՀՀ դեսպանը, Կանադայի պաշտպանության նախարարը և Ցեղասպանությանն ականատես եղած 106-ամյա կինը ծաղկեպսակ դրեցին անմար կրակի հուշարձանին, իսկ մասնակիցները երթով շարժվեցին դեպի Օտտավայում Թուրքիայի դեսպանատուն։
Հայ համայնքը շատ կազմակերպված էր։ Ըստ Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի Կանադայի մասնաճյուղի ներկայացուցիչների, այդ օրն ավելի քան 8,000 հայեր ավտոբուսներով եկել էին Օտտավա, սակայն քիչ չէր նաև այն մարդկանց թիվը, ովքեր իրենց սեփական մեքենաներով էին եկել մասնակցելու հիշատակի արարողությանը։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում էր շուրջ 10,000-ի։
Մարդկանց երթը շարժվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն, իսկ Ոստիկանությունն անվտանգություն էր ապահովում` ճանապարհները փակելով և երթի մասնակիցների ազատ տեղաշարժն ապահովելով։ Ամբողջ միջոցառման ընթացքում Կանադայի ոստիկանությունը բարձր մակարդակի արհեստավարժություն ցուցաբերեց, և բարյացակամորեն իրենց օգնությունն էին առաջարկում երթի մասնակիցներին։
Երթի մասնակիցները Ցեղասպանության ճանաչման կոչերով և ցուցանակներով շարժվում էին դեպի Թուրքիայի դեսպանատուն, իսկ հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հետաքրքրությունից կանգնած և դիտող կանադացիներին թռուցիկներ էին բաժանում` Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությամբ։
Խաղաղ երթի մասնակիցներին դիմավորել են ժխտողական կոչերով
Խորհրդարանի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ հայերին դիմավորել են թուրք և ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներ, ովքեր առանձնացված բարիկադների մյուս կողմից Ցեղասպանությունը ժխտող կոչերով էին հանդես գալիս։ Նրանց ձեռքի պաստառներից ոմանց վրա գրված էր. «Այդ հայերն են, որ օգնում են Իրանին», «Հայերը ստախոսներ են», «Դադարեցրե՛ք 587 օրենքի նախագիծը», և այլն։
Եբ նայում ես այս ագրեսիվ կեցվածք ընդունած ժխտողականներին, նրանց բռնած դրոշներին, կարգախոսներին և արձակած ատելությանը, հասկանում ես, որ այն, ինչ սկսվել է 100 տարի առաջ, շարունակվում է մեր օրերում նույնպես. այն շարունակվում է Ցեղասպանությունը ժխտելու և այլոց ձեռքերով տարածաշրջանի ազգային փոքրամասնություններին վերացնելու քաղաքականությամբ։
Երբ նայում ես այդ ագրեսիվ ատելությանը, հասկանում ես, որ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից սանձազերծված կոտորածի և ցեղասպանության մեթոդները նման են այն մեթոդներին, որոնք ներկայումս օգտագործվում են, այսպես կոչված, «Իսլամական պետության» կողմից` տարածաշրջանում քրիստոնյաների և այլ ազգային փոքրամասնությունների ոչնչացման միջոցով իսլամական տերություն ստեղծելու նկրտումներով։ Թուրանի դրոշին նայելով՝ հասկանում ես, որ հարյուր տարի առաջ նույնպես փորձ էր արվում անընդունելի մեթոդներով ստեղծել համաիսլամական պետություն, իսկ Հայաստանը քրիստոնյա սեպ էր` խրված այդ հսկայական տարածաշրջանում համաթուրքական պետություն ստեղծելու նկրտումների քարտեզի մեջ։
Մեր օրերում արդեն բազում անհատներ, պետություններ և կազմակերպություններ արդեն հասկանում են այս իրողությունը, և նրանցից մեկը, թերևս, իսպանացի աշխարհահռչակ տենոր Մոնսերատ Կաբալիեն է, ով իր վերջին ալբոմը վերնագրել է. «Քրիստոնության կղզի. Հայաստան և Արցախ»։ Հայ ազգն ամբողջ պատմության ընթացքում խաղաղ ապրել է տարբեր կրոններ ունեցող ազգերի հետ, սակայն 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը մի մութ էջ էր, որ հայերին դարձրեց համաթուրքական պետություն ստեղծելու ճանապարհին խրված սեպ, որն իրագործելու համար թուրքը պետք է հայերին և այլ քրիստոնյաներին ոչնչացնելու կանխամտածված քաղաքականություն վարեր` քաղաքականություն, որը շատ նման է մեր օրերում «Իսլամական պետության» նկրտումներին։
Երթի կազմակերպիչները մասնակիցներին կոչ արեցին տեղ չտալ բարիկադների այն կողմում գտնվող թուրքերի և ադրբեջանցիների բղավոցներին և շարունակել խաղաղ միջոցառումը։
Հայոց ցեղասպանության և «Իսլամական պետության» մեթոդների նմանությունը
Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված մարդկանց դիմող բանախոսներն ընդհանրություններ անցկացրեցին Օսմանյան կայսրության վայրագությունների և ներկայումս «Իսլամական պետություն» կոչվածի կողմից իրականացվող բռնարարքների մեթոդների միջև, որոնց նպատակը մեկն էր` տարածաշրջանի քարտեզի երեսից ջնջել քրիստոնյա և այլ ազգային փոքրամասնություններին։ Կանադայի քրդական համայնքի ներկայացուցիչ Մակսուն Յորդեն խոսքով դիմեց մասնակիցներին և ասաց. «Օսմանյան կայսրությունը մեկ ու կես միլիոն հայերի ջնջեց քարտեզի երեսից` նպատակ ունենալով ամբողջովին թուրքացնել Անատոլիայի շրջանը, որն այժմ ճանաչված է՝ որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն։ Մենք միջազգային համայնքից պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սա ռասայի հարց չէ, սա մշակույթի հարց չէ. սա համամարդկային հարց է»։ Նույնիսկ այսօր «Իսլամական պետությունը» Թուրքիայից աջակցություն է ստանում` առանց որևէ խոչընդոտների Թուրքիայի տարածքով իրենց մարդկային և այլ ռեսուրսները տեղափոխելով»։
Բարիկադների մյուս կողմում գտնվողները բարձրացրել էին կարմիր ցուցանակներ, որոնց վրա գրված էր. «Դադարեցրե՛ք M-587 նախագծի ընդունումը»։ Մինչդեռ թուրք և ադրբեջանցի ցուցանակ բռնողներն ավելի ու ավելի բարձր և ագրեսիվ էին բղավում, իսկ մյուս կողմում հայերը խաղաղ շարունակում էին Ցեղասպանության հիշատակի արարողությունը, լավ նորությունն իր ճանապարհին էր, որ պետք է հասներ Օտտավայում Թուրքիայի դեսպանատուն։
Շնորհակալություն Կանադայի կառավարությանը և ժողովրդին
Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված հայերին հայտնեցին, որ րոպեներ առաջ, երբ հայերը խաղաղ երթով հիշում էին Ցեղասպանության նահատակներին, իսկ թուրք և ադրբեջանցի խումբն ատելություն սերմանելով՝ փորձում էր խոչընդոտել, Կանադայի խորհրդարանը վերահաստատեց մարդու իրավունքների հանդեպ իր նվիրվածությունը և միաձայն ընդունեց M-587 օրենքի նախագիծը, որով ապրիլ ամիսը Կանադայում հռչակվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս։
Հայ մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Կանադայի կառավարությանը և ժողովրդին` երգելով Հայաստանի և Կանադայի հիմները։
Նրանք փորձեցին թաղել մեզ, բայց չգիտեին, որ մենք սերմեր էինք
Ինչպես ՀՀ դեսպան Եգանյանը նշեց, «Հարյուրամյակը վերջը չէ. հարյուրամյակը սկիզբն է։ Այն սկիզբն է ավելի ամուր հայ ազգի կառուցման, ավելի ամուր պետականություն կառուցելու, որպես ավելի պայծառ ապագայի փարոս հայ ազգի համար»։
Երբ նայում ես երիտասարդ կանադահայերի եռանդին, հասկանում ես, որ իրենց պահանջատիրության էներգիան և նվիրվածությունը ոչնչով չի զիջում իրենց ծնողների էներգիային։ Հասկանում ես, որ նույն էներգիան, առանց նվազելու, նույնկերպ ծնողներից փոխանցվում է երեխաներին։ Հասկանում ես, որ ապագայում նույնպես այս երեխաներն այստեղ են լինելու` նույն եռանդով և մեկ մարդու նման կանգնած։
Մարդիկ Կանադայի չորս կողմերից Օտտավա էին եկել ընտանիքներով, երեխաների հետ, ովքեր վաղն իրենց փոխարեն այստեղ են լինելու և դրոշակակիր են լինելու՝ հանուն պահանջատիրության, և այդ նույն էներգիան փոխանցվելու է նրանց թոռներին նույնպես, և «եթե հարկ լինի, նրանք այստեղ կգան ևս մեկ հարյուրամյակ, մինչև որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։ Ինչպես Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա կինն էր հարյուրավոր կիլոմետրեր կտրել-հասել Օտտավա՝ իր ձայնը լսելի դարձնելու համար, նույնկերպ իր երեխաները և թոռներն են վաղն այստեղ ամուր կանգնած լինելու. նրանք մեկ մարդու նման գալու են այստեղ` պահանջելու արդարություն, Ցեղասպանության ճանաչում, հիշելու Ցեղասպանության զոհերի հիշատակը և շնորհակալություն հայտնելու այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով՝ հայ որբերին փրկել են կոտորածներից, և ովքեր այսօր ճանաչում են Ցեղասպանությունը։
Նրանք փորձեցին թաղել մեզ, բայց չգիտեին, որ մենք սերմեր էինք…
ԿԱՄՈ ՄԱՅԻԼՅԱՆ
Հատուկ 168.am-ի համար