Առանց Ցեղասպանության ճանաչման՝ Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի և քաղաքակիրթ աշխարհի մասը. Ֆրեդո Մասիմո Կաստալդո

«Թուրքիան չի կարող եվրոպական երկիր դառնալ` չճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու մաս չկազմելով քաղաքակիրթ աշխարհին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆրեդո Մասիմո Կաստալդոն, ով մասնակցել է օրերս ԵԽ-ում ընդունված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բանաձևի մշակման աշխատանքներին:

Այդ փաստաթղթում եվրապատգամավորները ոչ միայն դատապարտում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլև կոչ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերացնել հետևանքները՝ ցույց տալով այդ արդյունքին հասնելու ուղիները համապատասխան առաջարկների միջոցով:

Ֆրեդո Մասիմո Կաստալդոն նշեց, որ պատրաստելով բանաձևը՝ լիահույս են եղել, որ դա ինչ-որ կերպ կփոխի Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը: Իտալացի քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունն առաջին ցեղասպանությունն էր՝ ընդունված միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից, թեև, ըստ նրա, հուսահատեցնող է այն, որ Հայոց ցեղասպանությունից նույնիսկ մեկ դար անց քննարկվում է, թե տեղի ունեցածը ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ:

«Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն ու տեսակետը շատ հստակ է: Կարևոր էր այդ տեսակետը ևս մեկ անգամ հիշեցնելն ու վերահաստատելը՝ բարձրացնելու համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոգին՝ շատ կարևոր մի հույսով, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագան այլ, ավելի կառուցողական է լինելու»,- ասաց Կաստալդոն: Վերջինս մի շարք մանրամասներ հայտնեց բանաձևի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Կաստալդոյի փոխանցմամբ` դժվար է եղել եվրոպացի խորհրդարանականների հետ բանակցել այդ փաստաթուղթը, քանի որ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամներ դեմ են եղել, կամ այդքան էլ հանձնառու չեն եղել աշխատել այդ ուղղությամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու կամ թուրքական լոբբիի ազդեցության տակ գտնվելու հետևանքով: «Բայց մենք դժվարությամբ հաջողեցինք, կարծում եմ, որ հաջողեցինք մի շատ կարևոր քայլ՝ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, Եվրոպայի, այլև ողջ աշխարհի համար»,- նկատեց նա: Խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ներկայիս դրության մասին, նա ասաց, որ այդ հարաբերություններն այսօր լավագույն փուլում չեն, քանի որ նախկինում Թուրքիան ցանկանում էր դառնալ ԵՄ անդամ՝ փորձելով մոտենալ նաև ԵՄ արժեքներին, սակայն այդ կամքը վերջերս   կարծես վերացել է:

«Բայց, ամեն դեպքում, եթե նույնիսկ այսօր Թուրքիան չի ձգտում ԵՄ-ի ուղղությամբ, միշտ ասվել է մեր բանաձևերում, որ այդ ուղղությամբ բանակցությունները հաջողելու համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ամենամեծ քայլերից մեկը կլիներ, դա կլինի ԵՄ-ին պարտավորեցնող քայլ, այլապես Թուրքիան չի կարողանա դառնալ Եվրոպական երկրների ու քաղաքակիրթ աշխարհի մի մասը: Կարծում եմ, որ պատմական պահերն ի վերջո նրանց կմղեն իրականացնելու այդ քայլը: Մենք խորապես համոզված ենք, որ եվրոպական երկիրը պետք է ամբողջությամբ լինի եվրոպական, համամարդկային արժեքների, եվրոպական վարքագծի, մարդու իրավունքների պաշտպանության կրողը: Դա պետք է սկզբունք լինի նաև մեր թուրք գործընկերների համար»,- ասաց Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

 

Տեսանյութեր

Լրահոս