Գերմանիան Եվրոպայի անունից հաղորդագրություն ուղղեց Թուրքիային. Քաղաքագետ
«Սեփական շահերն ու աշխարհաքաղաքական շահերը շատ որոշիչ են, և պատահական չէ, որ Հայաստան եկել էին այն երկրների նախագահները, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Բոլորիս հասկանալի է` Սերբիայի և Կիպրոսի խնդիրը, Պուտինն էլ ունի իր աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք պետք է նրբորեն վերլուծել, քանի որ նախապատվություն է տվել Հայաստանին, ոչ թե Թուրքիային»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Անդրադառնալով Ֆրանսիային, նա նշեց, որ Ցեղասպանության հարցում որոշակի դեր ունեն այնտեղ ապրող հայերը և երկրի կողմից Մերձավոր Արևելքում վարվող քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահի շուրթերով «ցեղասպանություն» բառի արտաբերմանն ու Բունդեստագի որոշմանը, քաղաքագետը նշեց. «Պետք է հասկանան՝ ինչ երկրի հետ գործ ունեն, և ինչ որակական փոփոխությունների կարող է այն ենթարկվել:
Եթե հիշենք Երկրորդ համաշխարհային պատերազմը, և՛ Ճապոնիան, և՛ Գերմանիան փոփոխությունների ենթարկեցին իրենց դասագրքերը, պետական կառուցվածքը և մեղքն իրենց վրա վերցնելով՝ ժողովրդավարական երկրներ դարձան և տնտեսական զարգացում ապրեցին: Այս հարցում Թուրքիային պետք է համեմատել Ճապոնիայի և Գերմանիայի հետ, Թուրքիայի դասագրքերից պետք է սկսվեն փոփոխությունները, քանի որ իրենց ունեցած արժեքներով Եվրամիություն մտնել հնարավոր չէ: Գերմանիան Եվրոպայի անունից այս հաղորդագրությունն ուղղեց Թուրքիային»:
Քաղաքագետի կարծիքով՝ միջազգային հանրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո սպասելու է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի արձագանքին, արդյո՞ք Թուրքիան կարողանալու է վերափոխվել: Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայերին, սակայն հիմնական շահառուն քրդերն են, ապագայում առաջ է գալու քրդերի ինքնավարության և անկախության հարցը: «Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման հիմնական կողմնակիցները քրդերն են, իրենց ինքնապաշտպանության գլխավոր մեխանիզմներից մեկն էլ սա է: Հետևաբար՝ պատահական չէ, որ Թուրքիան վախենում է «ցեղասպանություն» բառից, որովհետև հետագայում քրդերի կոնտեքստում իրենց տարածքային ամբողջականության խնդիրն է առաջանում»,- ասաց Ս. Դանիելյանը: