«Օբամայի՝ «ցեղասպանություն» ասել-չասելը ոչինչ չի փոխի». Հարութ Սասունյան

«ԱՄՆ-ը վաղուց ընդունել է Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չգործածելու մասին տեղեկություններին: Հարութ Սասունյանը հիշեցրեց, որ նախագահի մակարդակով ԱՄՆ-ը արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին հռչակագիր է ստորագրել Ցեղասպանության մասին, ամերիկյան Կոնգրեսը երկու անգամ ճանաչել է Ցեղասպանությունը բանաձևով: «Պետք չունենք Օբամային: Օբամայի ասելը-չասելը ոչինչ չի փոխելու, որովհետև մենք ճանաչում ունենք նախագահի և Կոնգրեսի մակարդակով: Մենք պետք է զբաղվենք իրական պահանջատիրությամբ, ինչն է՝ գնալ դատարան և պահանջել այն բոլոր կորուստները, որոնք ունեցել ենք` անձնական, համայնքային և հողային»,- ասաց Սասունյանը:

Վերջինիս համոզմամբ՝ դա հեշտ գործ չէ, քանի որ նախադեպերը շատ չեն, սակայն անհնար չէ: «Բարդ գործ է, քանի որ չենք արել նման գործ, չենք պատրաստել մասնագետների, մարդկանց և փաստաթղթերը: Պետք է անմիջապես սկսենք, որպեսզի մի հարյուր տարի ևս չվատնենք պարզապես Ցեղասպանության մասին խոսելու վրա»,- նշեց Հարութ Սասունյանը:

Հարցին, թե ՌԴ-ն առաջարկում է միջնորդական առաքելություն Հայաստանի և Թուրքիայի միջև, որքանո՞վ դա կարող է արդյունավետ լինել, Հարութ Սասունյանը պատասխանեց. «Ես վստահ չեմ, թե ինչ կարելի է սպասել դրանից, երբ Թուրքիան ենթակա չէ ոչ մի ճնշման: Բայց եթե Ռուսաստանը կամ Ամերիկան մտածում են, որ կարող են միջնորդել և հայ ժողովրդին տալ այն, ինչ մեր իրավունքն է, մենք պատրաստ ենք լսելու և գործակցելու նրանց հետ, ով կտանի մեր շահերի վերստացմանը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս