Արդյոք երկխոսության հնարավորություն կա՞. Պարզաբանում է թուրք իրավապաշտպանը

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ եթե Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնի, Հայաստանը պատրաստ է վերադառնալ այդ հաշտեցման գործընթացին: Այսօր հրավիրված ասուլիսում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ, Թուրքիայում գործող Մարդու իրավունքների գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը՝ պատասխանելով հարցին՝ Դուք դեռևս տեսնո՞ւմ եք երկխոսության հնարավորություններ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ եղավ, ասաց. «Մենք մարդու իրավունքների պաշտպաններ ենք և այդ պատճառով մենք ստիպված ենք հույս ունենալ, ես այն մարդկանցից եմ, ովքեր հավատում են, որ այդ երկխոսությունը կարող է հաստատվել, որովհետև Թուրքիայի հասարակության մեջ այս հարցում մեծ փոփոխություններ են լինում, և կարծում եմ՝ երկու օր առաջ էր, երբ Թուրքիայի վարչապետը ստիպված եղավ ասել, որ իրենց կյանքը կորցրած հայերի վիշտը կիսում է»:

Հիշեցնենք, որ այն կազմակերպությունները, որոնց անդամ է Յ. Ալաթաշը, տարիներ առաջ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Բանախոսի խոսքով՝ այդ երկխոսության համար առաջին քայլը Ցեղասպանության ընդունումն է Թուրքիայի կողմից, իսկ երկրորդը՝ սահմանների բացումը:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Թուրքիան դեմ գնում պատմական արդարությանը, ինչի՞ց է վախենում, թուրք իրավապաշտպանն այսպես պատասխանեց.

«Ինչո՞ւ են պետությունները դա անում. եթե պետություններն այդպիսի քաղաքականություն չվարեին, այսօր պատերազմները չէին լինի: Եվ ցավով եմ ասում, որ աշխարհի պատմությունը լի է պետությունների այսպիսի կույր հայացքներով: Այդ առումով՝ եթե Թուրքիան այդ սպանություններ գործած անձանց ոչ թե հերոսներ դարձնի, այլ դատապարտի, խնդիրը մեծ առումով լուծված կլինի»:

Լրագրողներից մեկի հարցին՝ 1990-ականներին, գուցե նաև 2000-ականների սկզբին էլ Թուրքիայի իշխանությունները ճնշում էին այն մարդկանց, ովքեր խոսում էին Հայոց ցեղասպանության մասին, ի՞նչ վիճակ է հիմա, դուք Ձեր վրա ճնշում զգո՞ւմ եք, Յ. Ալաթաշն այսպես արձագանքեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունն այնպիսի բան է, աշխարհի բոլոր անկյուններում մարդու իրավունքները պաշտպանելը դժվար բան է: Եթե դուք մտածեք՝ ինչ կլինի ձեզ հետ, ինչ կգա ձեր գլխին, դուք չեք կարող լինել մարդու իրավունքների պաշտպան: Բայց պետք է նաև ընդունել, որ վերջին տարիներին Թուրքիայում այս հարցում լուրջ փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունեցել»:

Նա նշեց, որ ինքը նկատել է, որ ազգի մեջ տաբու համարված թեմաները սկսել են ավելի շատ արծարծվել: Ըստ նրա՝ և՛ ազգը, և՛ հասարակությունը հիմա գտնվում են այնպիսի կետերում, որ մի քիչ ավելի հեշտ են կարողանում խոսել նման հարցերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս