Ինչու է Նարիշկինը գնացել Թուրքիա. պարզաբանում է Բորիս Ռեզնիկը
«Ռուսաստանը վաղուց և միանշանակ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Ավելին՝ այսօր Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Այն, որ մեր ռազմաբազան այստեղ է գտնվում, նշանակում է, որ մենք ստանձնել ենք անվտանգության ապահովման պարտավորությունն այստեղ: Դա թանկ արժե, իսկ մնացածը խոսքեր են, քաղաքականություն: Իհարկե, մեն պետք է հարաբերություններ հաստատենք ու պահպանենք ամբողջ աշխարհի հետ, այդ թվում՝ Թուրքիայի: Իհարկե ես հարգում են Սերգեյ Նարիշկինին, ով մեկնել է Թուրքիա, բայց ՌԴ առաջին դեմքի այցը Երևան ցույց է տալիս առաջնահերթությունները»,- այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Բորիս Ռեզնիկը:
Նա նշեց, որ այս իրադարձությունը միջազգային մասշտաբի է, որ հզոր երկրի ղեկավարը կարճ ժամանակաշրջանում արդեն ոչ մեկ անգամ է այցելում Հայաստան. «Ես կարծում եմ դա է ցույց տալիս Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ»:
168.am-ի հարցին՝ արդյոք Ս.Նարիշկին այցը Թուրքիա չի՞ նշանակում, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիային պատմության խեղաթյուրման գործում, Ռեզնիկը պատասխանեց՝ ոչ, չի նշանակում. «Հասկանում եք, դա նշանակում է՝ մենք պետք է ստեղծենք հարաբերություններ ողջ աշխարհի հետ, այդ թվում՝ Թուրքիայի: Ճիշտ չէ խզել կապերը, եթե պետությունն այսօր սխալ քայեր է անում, չի ճանաչում Ցեղասպանությունը, հարկավոր է նրանց հետ աշխատել, համոզել: Քաղաքական գործիչները, ինչպիսին Նարիշկինն է, գնում են Թուրքիա աշխատելու, համոզելու և բացատրելու, թե ինչու այսօր մեր նախագահ Պուտինը եկել է Երևան և չի գնացել Անկարա»:
Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում այն, որ թուրքերը որոշեցին հենց ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի տոնակատարությունը, Բ.Ռեզնիկը պատասխանեց, որ, իհարկե, կա որոշակի հակադրություն. «Հավանաբար թուրքերն այսօր շատ անհանգստացած են այս միջոցառումների զանգվածայնությամբ, նշանակությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն, իհարկե, նշում է ամբողջ աշխարհը: Այն, ինչ տեսնում ենք Երևանում, դա աշխարհի վերաբերմունքն է այդ երևույթի հանդեպ: Նրանք էլ ուզում են հակադրվել և իրենց սեփական միջոցառումն են կազմակերպել»: