Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Համերգային ծրագրում ընդգրկված են մաեստրոյի երգացանկի լավագույն կոմպոզիցիաները:
Ազնավուրը Մոսկվայում համերգ է տվել նաև նախորդ տարի, ինչը համարվեց ամփոփիչ համերգ նրա կարիերայում: Սակայն բազմաթիվ երկրպագուների խնդրանքով 90-ամյա Ազնավուրը Մոսկվայում ելույթ կունենա նաև այսօր:
Համերգի ժամանակ կհնչեն Ազնավուրի լավագույն երգերը: Մաեստրոյի ծրագրում առկա են 7 լեզուներով, այդ թվում՝ նաև ռուսերենով կոմպոզիցիաներ: Ազնավուրի հայտնի երգերի ցուցակում ընդգրկված են «Հավերժ սեր», «Ավե Մարիա», «Բոհեմա», «Դեռ երեկ» երգերը:
Որպես դերասան՝ Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում: CNN հեռուստալիքն ու TIMES պարբերականը Շառլ Ազնավուրին ճանաչել են դարի լավագույն էստրադային կատարող: Իր 70-ամյա կարիերայի ընթացքում Ազնավուրը վաճառել է 100 միլիոն սկավառակ, թողարկել է 294 ալբոմ և աշխարհի 94 երկրում տվել է ավելի քան 1000 համերգ: