Բաժիններ՝

«Ամենամեծ խնդիրը մասնագետների պակասն է». Թոնի Մորոյան

Հարցազրույց «Viasphere International» ընկերության հիմնադիր-նախագահ,
ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանի հետ

– Պարոն Մորոյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

– Ուզում ենք շատ ավելի լավ, շատ ավելի հաջող, շատ ավելի բարձր արդյունքների հասնել: Այս 10-15 տարում այնպիսի հաջողություններ ենք ունեցել, որ անհավատալի է աշխարհում: Եթե համեմատենք Հնդկաստանի հետ, ապա Հնդկաստանը 70-80 տարում է հասել այսօրվա արդյունքին: Հայաստանը սոսկալի ձևով արագ զարգացավ: Սա, անշուշտ, սփյուռքի և տեղական կառույցների, կառավարության, համալսարանների ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության արդյունքն է:

Առաջխաղացումը շատ զորավոր է: Եթե որևէ մեկը ցանկանում է այստեղ գործ գտնել, ապա գործ շատ կա, բայց բավարար մասնագետներ չկան: Դա է խնդիրը: Աշխատում ենք բավարար չափով մարդկանց հրավիրել, օրինակ, ուսանողներն ավարտելուց 2 տարի առաջ գալիս ու աշխատում են «Սինոփսիս» ընկերությունում և ավարտական դիպլոմը ստանալիս` արդեն 2 տարվա փորձառություն են ունենում: Նման ծրագրեր ենք կիրառում, որ մարդիկ ավելի շատ ներգրավվեն: Շատ-շատ սքանչելի ծրագրեր են իրականացվում: Ինձ միշտ հարցնում են, թե ինչպես է փոքրիկ երկիրը նման խոշոր գործեր անում: Մեծ երկրներում, օրինակ` ԱՄԷ, Ռուսաստան, որ միլիոններ են ծախսում, նման արդյունքներ չկան:

– Այսօր ՏՏ ոլորտում ի՞նչ խնդիրներ կան:

– Ես չեմ ուզում ասել` խնդիրներ, կասեմ՝ մարտահրավերներ: Առաջին մարտահրավերն այն է, որ բավարար մասնագետ չունենք: Եթե կրկին Հնդկաստանի հետ համեմատենք, մենք մի փոքր կաթիլ ենք, նրանք միլիոններ ունեն: Կարծում եմ, եթե շատ արագ մեծ ընկերություններ բերենք Հայաստան, իրավիճակը կփոխվի: Խոշոր ընկերություններ բերելու ուղղությամբ շատ բան ենք արել ու անում ենք: Օրինակ` «Մայքրոսոֆթն» այստեղ մասնաճյուղ բացելու համար 5000 մասնագետ է ուզում, ինչն անկարելի է, այդքան մասնագետ միանգամից հնարավոր չէ հավաքել: Ես իրենց հետ շատ եմ խոսել, բայց ինձ ասում են՝ այդտեղ գալուց չենք ուզում 500 մասնագետով սկսել: Դա է խնդիրը, որ և՛ դրական է, և՛ բացասական: Լավն այն է, որ բոլոր մասնագետները գործ են գտնում, բացասականն այն է, որ խոշորանալը դժվար է: Այսպիսով, պետք է խելամիտ գործել:

Այն ընկերությունները, որ բերել եմ այստեղ, ասել եմ, որ ճիշտ չի լինի միանգամից 5000-10000 մասնագետ պահանջել, առավել ճիշտ է 1000-2500 մասնագետով սկսել: Նաև ասել եմ, որ եթե գան Հայաստան, ամենազարգացած ինժեներական միտքն ու խնդիրները պետք է բերեն, ոչ թե փորձարարական, կոդավորման կամ այլ ուղղություններ, որովհետև ամերիկյան ընկերություններն այդպես են վարվում, իսկ մենք դրա կարիքը չունենք, մենք այստեղ պետք է հայկական ուղեղն օգտագործենք: Հայի ուղեղն ուզում է միշտ մրցակցել և միշտ մարտահրավեր ունենալ: Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտի մարտահրավերներն են՝ առաջինը՝ միշտ ամենաառաջատար դիրքերում մնալ, երկրորդ` աշխատավարձերի բարձրացումը, որ նախկինում 300-400 դոլար էր, հիմա հասել է 3000-4000 դոլարի, և դա ազդում է մրցակցության վրա, սակայն առայժմ կարողանում ենք մրցակցել՝ ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ: Եթե ՏՏ ընկերությունների փորձարարական կամ այլ բաժինները լինեին այստեղ, հիմա արդեն գոյություն չէինք ունենա, բոլորը կհեռանային: Երրորդ մարտահրավերը՝ մարդկանց պակասությունն է:

– Աշխատավարձերի բարձրացումը նվազեցնում է մրցակցությունը, բայց հայ մասնագետները բավականին պահանջարկ ունեն արտերկրում, ու շատերը մեկնում են: Ինչպե՞ս պետք է լուծվի այդ խնդիրը, որ տեղացի մասնագետը չհեռանա, կարողանա այստեղ ապրել ու զարգանալ:

– Դա մեր ու կառավարության գլխավոր խնդիրներից մեկն է: Ուզում ենք, որ մարդիկ չգնան, քանի որ լավագույններն են գնում: Մենք ուզում ենք այդ իրավիճակը փոխել: Ոմանք, իհարկե, պետք է գնան, ի՞նչ կարող ես անել: Դա փախուստ չէ, բոլոր երկրներից էլ գնում են: Վիճակագրությունը եթե նայենք, մարդիկ պետք է գնան, բայց չեմ ուզում, որ շատ գնան: Դրա համար պետք է ճիշտ ռազմավարություն իրականացնել, որ աշխատավարձերի բարձրացման պայմաններում դեռ մրցակցային լինենք:

Միաժամանակ շատերը նախընտրում են այստեղ մնալ, իսկ շատերն էլ մեկնել են, բայց ետ են վերադարձել: Երևանը երիտասարդների համար շատ լավ, հրաշալի վայր է: Մի բան էլ կա, որ այլ երկրները չունեն, բայց մենք դրան ուշադրություն չենք հրավիրել մամուլում, որ մարդիկ այնտեղ գնում են, բայց մի քանի տարի հետո վերադառնում են: Ու վերադարձողների տոկոսը մեծ է: Հայաստանը ձգողական հատկություն ունի, և մենք իրապես ազգասեր ժողովուրդ ենք: Օրինակ` 90-ական թվականներին ես բավականին մարդկանց օգնել եմ, երբ գալիս էին Սիլիկոնային հովիտ: ԱՄՆ-ի հայերն ինձ ասում էին` լավ չէ, Հայաստանը դատարկվում է, բայց դա իրականություն չէր, քանի որ այդ ժամանակ էլեկտրաէներգիա չկար, խավար էր, և այլն, ու իրենք այնտեղ գործ գտան: Իսկ այսօր իրենց 80%-ն արդեն ետ է եկել, ոմանք եկել են այստեղ գործ են հիմնել, ոմանք էլ այստեղ գործ են սկսել ու ԱՄՆ գնում-գալիս են:

Այսինքն` մենք Սիլիկոնային հովտի հետ այդ կամուրջը շատ հզորացրել ենք: Այսինքն` ճիշտ չէ ասելը, որ եթե գնում են, ապա կորցնում ենք մարդկանց: Սա մի ուժ է, որ այլ երկրներում չկա: Օրինակ` ռուսներն ասում են, որ Սիլիկոնային հովտում շատ ռուսներ կան, բայց նրանց ու հայրենիքի միջև ոչ մի կապ չկա: Հայերը շատ զորավոր ծրագրեր են արել, օրինակ, 2007թ., 2010թ., 2011թ.` Սթենֆորդում, 2012-ին` Նյու Յորքում միջազգային մակարդակով կազմակերպվեց «ԱրմՏեք» համաժողովը, ու դա ազգասիրության շնորհիվ է: Հայերը շատ սիրում են մրցակցել, ինչը և՛ լավ է, և՛ վատ, եթե ծայրահեղության է հասնում: Հայաստանին ես շատ լավատես ձևով եմ նայում: Այս մի քանի տարվա մեջ մի այլ բան էլ նկատեցի, որ կառավարությունը շատ ուշադրություն է դարձնում, ուզում են` օտարերկրյա ներդրումներ լինեն այստեղ: Դա ավիշն է, հատկապես ՏՏ-ի, որ պակասել է, և ուզում են ավելացնել: Դա անելու համար շատ կարևոր է աշխարհում Հայաստանը ճանաչելի դարձնել:

Օրինակ` «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան, որ անցած տարի Հայաստանում էր Նախագահի մրցանակը ստանալու համար, շատ զարմացած էր, որ ՀՀ-ում ՏՏ-ն շատ զարգացած է, և նա նախագահի մոտ էլ ասաց, որ ներդրումները շատանալու թիվ մեկ պայմանը կանխատեսելիությունն է, բիզնեսի համար անակնկալները ցանկալի չեն: Ներդրողն ուզում է իմանալ, թե ապագան ինչ է լինելու, ներդրողին նաև անհրաժեշտ է իրավունքների պաշտպանություն: Այդ փոքրիկ գործոնները եթե լինեն, Հայաստանը կզարգանա: ՀՀ-ն ռազմավարական կենտրոն է: Այս բոլոր մարդկային ծովերի մեջ, որ շատ զորավոր ազդեցություն ունեն աշխարհում՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան և այլն, այս փոքրիկ երկիրը պետք է կենտրոն լինի՝ Շվեյցարիայի պես:

Դժվար է որոշել, թե ինչ քաղաքականություն վարես, ես քաղաքականության մեջ չկամ, բայց ես զգում եմ, կարծում եմ, որ ՀՀ-ն կարող է կրթական, բժշկական կենտրոն լինել Միջին Արևելքի, նույնիսկ Եվրոպայի համար: Այժմ մարդիկ նույնիսկ ԱՄՆ-ից են գալիս ատամները բուժելու: Այս բոլոր հնարավորություններն օգտագործելու դեպքում, չէ՞ որ փոքր երկիր ենք, կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ, և տնտեսությունը զարգանա:

– Առաջիկայում ի՞նչ սպասելիքներ ունեք, նոր ներդրողների կտեսնե՞նք ՀՀ-ում, ի՞նչ զարգացումներ են ակնկալվում:

– Երբ ՏՏ ոլորտում նախագահի մրցանակաբաշխությունը սկսվեց, ասացին, որ` մենք դրամ չունենք, որ միլիոն տանք, սա պարզապես հայկական Նոբելյան մրցանակ է: Բայց մենք ասացինք, որ դրամի կարիք չկա, մենք հրավիրում ենք մարդկանց, որ կարողանանք Հայաստանի մասին քարոզել: Hitachi-ի ղեկավար Ցուգիո Մակիմոտոյի գալուց հետո այստեղ Ճապոնիայի դեսպանատուն բացվեց: Մացոլան եկավ և Ամերիկյան համալսարանին 1 մլն օժանդակություն արեց, ու ինքը շատ զգացված հեռացավ այստեղից: Այն եռանդը, որ այստեղ ՏՏ-ում կա, այլ վայրերում չեք կարող տեսնել: Ապագայում ևս շատ զորավոր մարդկանց այցելություն է սպասվում, և կարծում եմ` անակնկալները կշարունակվեն:

Տեսանյութը՝ Սիլվա Խնկանոսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս