
Քաղաքացիներին «տկլորացնում են, որ ավելի շատ լցնեն իրենց գրպանները

Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը խուսափում էր խոսել բյուջեի ընթացիկ հարկային եկամուտների վերաբերյալ։ Կառավարության նիստերը շոուների վերածելու սիրահար վարչապետը, որը նախկինում ամիսը չլրացած՝ հարկային մուտքերի ցուցանիշներ էր հրապարակում, «պատմական ու աննախադեպ» ռեկորդներ էր գրանցում, երկար ժամանակ հարկերի հավաքագրմանն ընդհանրապես մոտ չէր գալիս։ Բայց օրերս կրկին հիշել էր ու ֆեյսբուքյան գրառումով ավետել, որ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ այս տարվա հունվար-ապրիլին, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։
Անցած տարի, երբ բյուջեի հարկային եկամուտները մեծապես թերակատարվում էին, Նիկոլ Փաշինյանն ընդհատակ էր անցել. Ոչ մի անգամ այդ մասին գրառում չկատարեց, ոչ մի անգամ կառավարության նիստերում չասաց, թե ինչո՞ւ չեն հավաքվում հարկերը, ինչպե՞ս է դա ազդում բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքի վրա։ Այս տարի մի պահ մուտքերի ժամանակավոր ակտիվություն է արձանագրվել, այն էլ՝ հիմնականում ապրիլի ցուցանիշների արդյունքում, դեռ կասենք, թե ինչի հաշվին, կրկին դերի մեջ է մտել, չի ուզում բաց թողնել ժողովրդին կեղծ հաջողություններով խաբելու ու մոլորեցնելու առիթը։ Հատկապես որ, հետագայում նման առիթներ չի ունենալու։
Հարկերի աճերից ու ավելացումներից է խոսում՝ լավ իմանալով, որ դա ժամանակավոր է, որ առաջիկայում այդպիսի աճեր այլևս չեն լինելու։ Ընդհակառակը՝ մեծ հավանականությամբ, կրկին կանգնելու ենք հարկերի հավաքման խնդիրների ու մուտքերի թերակատարման փաստի առաջ, ինչպես եղավ նախորդ տարի, երբ բյուջեում հսկայական ճեղք առաջացավ՝ նախատեսված եկամուտները հավաքել չկարողանալու հետևանքով։
Հարկային մուտքերի թերակատարումն անցած տարի հասավ 223 մլրդ դրամի։ Դեռ չենք ասում, որ թերակատարումը շատ ավելի մեծ կլիներ, եթե Հայաստանի ամենախոշոր հարկատուից՝ ի դեմս Զանգեզուրի կոմբինատի, տասնյակ-միլիարդավոր դրամների հասնող գերավճարներ չհավաքեին։
Անգամ այդքան գերավճարներից հետո, հարկային մուտքերի պլանի հսկայական թերակատարում արձանագրվեց։ Բայց Նիկոլ Փաշինյանն այդ մասին ոչ մի անգամ ֆեյսբուքյան գրառում չարեց ու երբեմնի հպարտ քաղաքացուն չիրազեկեց, թե ինչո՞ւ են տապալել բյուջեի կատարողականը, ինչո՞ւ չեն հավաքել նախատեսված հարկերը։ Նույնիսկ կառավարության անցած տարվա գործունեության հաշվետությունն Ազգային ժողովում ներկայացնելուց, ամեն ինչից խոսեց, բայց մի բառ չասաց 2024թ. բյուջեի հարկերի հավաքման թերակատարումների մասին։
Այսօր հիշել է, որ հունվար-ապրիլին հարկային մուտքերն աճել են։ Չնայած բյուջեի կատարողականը որոշվում է ոչ թե նրանով, թե նախորդ տարվա համեմատ հարկային մուտքերը որքանով են ավելացել, այլ նրանով, թե բյուջեով հաստատված ցուցանիշները որքանով են կատարվել։
Խնդիրները հիմնականում այստեղ են, ինչին բախվեցինք անցած տարի։ Ու չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվար-ապրիլի աճերով փորձում է, սովորության համաձայն, տպավորիչ հաջողությունների պատրանք ստեղծել, նույնը լինելու է նաև առաջիկայում։
Տարեսկզբի առանձին ամիսներին արդեն նկատվում են մտահոգիչ միտումներ՝ մուտքերը նույնիսկ զիջում են նախորդ տարվա ցուցանիշները։ Եվ դա՝ այն պարագայում, որ հունվարի 1-ից տնտեսության բազմաթիվ ոլորտներում էապես ավելացրել են հարկային բեռը։ Հարկային բեռն ավելացրել են, բայց օրինակ՝ մարտին ավելի քիչ հարկ հավաքվեց, քան անցած տարի։ Անցած տարի հավաքվել էր 190,8 մլրդ դրամ, այս տարի հավաքվեց 186,9 մլրդ դրամ։ Գրեթե 4 միլիարդով քիչ։
Այն տպավորությունը, որը փորձում է հաղորդել Նիկոլ Փաշինյանը, խաբուսիկ է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչի արդյունքում են ավելացել հարկերը։
Հարկերն ավելացել են հիմնականում ապրիլի մուտքերի հաշվին, որն ուղիղ կապ ունի շահութահարկի և առաջին հերթին՝ բանկային համակարգում անցած տարի կուտակված հսկայական շահութների դիմաց վճարված շահութահարկի հետ։
Ապրիլը շահութահարկի հաշվետու ամիս է ու այդ ամսին վճարում են անցած տարվա գործունեության արդյունքում կուտակված շահութահարկերը։ Այս առումով բանկային համակարգը ռեկորդակիր է։ Բայց դրանք միանգամյա վճարներ են, որոնք հաջորդ ամիսներին այլևս չեն լինելու։
Այդ գումարների հաշվին գուցե հաջողվի երկրորդ եռամսյակի համար նախատեսված բյուջետային մուտքերն ապահովել։ Սակայն հետագա ամիսները հարցականի տակ են, անգամ այն բանից հետո, երբ հարկային համատարած բեռ են ավելացրել՝ մանր ու միջին բիզնեսի հարկերն են 100 տոկոսով բարձրացրել, տնտեսական գործունեության որոշ ոլորտներում ընդհուպ 5-6 անգամով ծանրացրել են հարկերը, ենթաակցիզային բազմաթիվ ապրանքների ակցիզային հարկն են ավելացրել, տուգանքներն ու տույժերն են խստացրել։ Գնացել են համատարած հարկային ճնշման ու քաղաքացիների գրպանի հաշվին ուզում են բյուջե լցնել։
Ի դեպ, մինչև վերջերս հայտարարում էին, թե եկամուտների հայտարարագրումը հարկման հետ կապ չունի, դա չեն անում քաղաքացիների եկամուտները հարկելու համար։ Բայց օրերս Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներից արդեն 1 մլրդ դրամի հարկ են հավաքել։ Խոսքը հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցողների ընդամենը 5 տոկոսից գանձված հարկերի մասին է։
Դժվար չէ պատկերացնել, թե 100 տոկոսանոց հայտարարագրման պարագայում քաղաքացիներից գանձվող գումարներն ինչ չափերի կարող են հասնել։
Հարկերը բարձրացնելով ու հարկային ճնշումը մեծացնելով՝ քաղաքացիներին «տկլորացնում» են, որ ավելի շատ լցնեն իրենց գրպանները։ Հասարակ քաղաքացիները միայն հարկային ճնշումն են զգում, հավաքվող հարկերի ավելացումներից նրանց ո՛չ աշխատավարձերն են բարձրանում, ո՛չ էլ թոշակներն ու նպաստները։
Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հարկերի աճերից է խոսում ու փորձում մոլորեցնել հասարակությանը, գուցե նաև ասի, թե Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացին մինչև հիմա ի՞նչ է ստացել ու ստանում դրանից։ ՔՊ-ականների աչքը լույս, որքան շատ հարկեր հավաքեն, այնքան շատ կկարողանան պարգևատրել իրենց ու շռայլություններ թույլ տալ։ Իսկ հասարակ քաղաքացին, ինչպես միշտ, կկրի միայն հարկային բեռի ավելացման ծանրությունն ու դրա հետևանքով առաջացող հավելյալ գնաճի ազդեցությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ