Բաժիններ՝

«Հայաստանում համաներումը անհրաժեշտություն է». Ավետիք Իշխանյան

Հայաստանում հաճախակի համաներման որոշումները կոմպրոմիս են հասարակության և իշխանության միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով՝ կայացած դատական համակարգ ունեցող պետություններում, որտեղ լինում են արդարացման դատական ակտեր, կալանքը համատարած չի ընտրվում որպես խափանման միջոց, նորմալ աշխատում է վաղաժամկետ ազատման համակարգը, համաներման կարիք չի լինում, պարզապես պետությունը հատուկ տոների պայմաններում համաներում է հայտարարում:

«Հայաստանում համաներումը անհրաժեշտություն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ Հայատանում, որտեղ անկախ դատարան չի գործում, արդարացման դատական ակտերի թիվը մեկ տոկոսի է հասնում, և այլ խնդիրներ կան, միակ լուծումը լինում է համաներումը:

«Իրավուքի գերակայություն» հ/կ նախագահ Արտակ Զեյլանյանն ասաց, որ համաներումը պետք է իրականացվի ժողովրդի կամքով, ժողովուրդը իր մեծահոգությունը պետք է ցուցաբերի հանրության դեմ ոտնձգություն արած անձանց ներելու գործում, սակայն իրականում սա կարծես թե դարձել է մեխանիկական արարողակարգ: «Համաներումը հանրության նկտամամբ հանցագործություն կատարած անձի կողմից չի ընկալվում որպես հանրության կողմից ներում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ իշխանությունները համաներումն իրականացնում են բանտերը բեռնաթափելու պատրվակ գտնելու համար:

Կարդացեք նաև

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ իրականում համաներման անհրաժեշտություն կա, որովհետև մեր իշխանությունները չեն ցանկանում հիմնական խնդիրները լուծել, որպեսզի, օրինակ, մարդկանց նկատմամբ կալանքը համատարած չկիրառվի որպես խափանման միջոց: Նրա խոսքով՝ համաներման տեքստերը կազմելուց առաջ նախօրոք բոլոր ՔԿՀ-ներից հավաքվում են այնտեղ գտնվող անձանց ցանկը, թե նրանցից յուրաքանչյուրը որ հոդվածով է մեղադրվում, ապա որոշում, թե գերծանրաբեռնվածությունը բեռնաթափելու համար որ հոդվածներն է պետք ներառել համաներման ակտում. «Սա ուղղակի խայտառակություն է»:

Բացի դա՝ ըստ փաստաբանի՝համաներման որոշումներում երբեմն չեն ներառվում այն հոդվածները, որոնցով մեղադրվում են քաղաքական հետապնդումների ենթարկվողները, այսինքն՝ համաներման տեքստը պատրաստվում է ոչ ըստ անհրաժեշտության:

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ 1991թ. ի վեր Հայաստանում 9 անգամ համաներում հայտարարելու մասին որոշում է ընդուվել, սակայն նշեց, որ չի կարող ասել՝ դա շա՞տ է, թե՞ քիչ: Նրա խոսքով՝ չի կարելի ասել, թե համաներումը պայմանավորված է միայն և միայն դատարանների սխալ աշխատանքով:

Նրա խոսքով՝ նախորդ համաներման արդյունքում 700 դատապարտյալ և 169 կալանավոր ազատվել է, և պետք է նաև հաշվի առնել, որ իրավապահները պնդում են, որ դա բարդացնում է կրիմինոգեն իրավիճակը:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ եթե Հայաստանում արդար դատական համակարգ գործեր, չլինեին մի շարք խնդիրներ, ապա Հայաստանի պատմության ընթացքում 1 կամ 2 անգամ համաներում հայտարարելու անհրաժեշտություն կլիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս