Ինչպես է Սիրիայի հյուրանոցի թուրք կառավարիչը սպառնացել Դանիել Դեքերին «Ադանա» երգի համար

Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը երգիչ-երաժիշտ Դանիել Դեքերից հետաքրքրվեց՝ արդյոք երբևէ չեն սպառնացե՞լ նրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Հայոց ցեղասպանության թեման բարձրացնում է ամենուր: Սկզբում հարցին պատասխանեց երգահան Արա Գևորդյանը՝ ասելով. «Ասեմ, որ շատ հարվածների է արժանանում: Ես ականատես եմ եղել մի դեպքի՝ Սիրիայում, երբ մենք Հալեպի ամրոցում համերգ ունեցանք: Հյուրանոցի պատասխանատուն՝ ազգությամբ թուրք, մոտեցել էր Դանիելին՝ խնդրելով նրանից հրավիրատոմս՝ համերգին մասնակցելու համար: Եվ երբ Դանիելի ելույթից հետո վերադարձել է հյուրանոց, նա Դանիելին ընդդիմացել է, սպառալով դիմել միջազգային դատարաններ, որ Թուրքիայի դեմ երգ է երգում և թուրքին մտցնում է ցեխը:

Այս առումով նա շատ վտանգված է: Այդ իսկ պատճառով ես միշտ կոչ եմ անում, որ մեր Դանիելին լավ պահենք, ոգևորենք, և ինչ-որ կերպ կարողանանք նրան նաև շնորհակալություն հայտնել: Մարդ, որ կապ չունի մեր ազգի, երկրի հետ՝ ցանկություն է հայտնել դառնալ ՀՀ քաղաքացի, պետք է պաշտպանված լինի մեր կողմից»:

Իսկ Դեքերն իր կողմից ավելացրեց, որ երբ Սիրիայի հյուրանոցի թուրք կառավարիչը մոտեցել է իրեն և հայտնել իր բողոքը «Ադանա» երգի վերաբերյալ, չափազանց զայրացած է եղել: «Նա ասել էր, որ շատ զզվելի էր, որ ինչ-որ մեկը գրել էր նման բառեր. նա դեռ չգիտեր, որ բառերի հեղինակն իր առջև է կանգնած: Երբ նրան ասացի, որ գրողը ես եմ, նա սպառնաց ինձ դատարաններով: Ես նրան ընդամենը մի հարց տվեցի և խնդրեցի նշել որևէ բան այդ երգում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Նա չկարողացավ ասել որևէ խոսք»:

Տեսանյութեր

Լրահոս