«Չկարծեք, թե աղանդավոր եմ, ուղղակի…».Վարդան Արզումանյան. life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա հյուրը դերասան Վարդան Արզումանյանն է: Զրուցեցինք ոչ միայն գործունեությունից, այլև վերափոխված աշխարհայացքից, ընկերությունից, սիրուց ու հիասթափությունից:
-Այժմ ինչ նորություններ ունեք, ինչո՞վ եք զբաղված:
-Զբաղված եմ ընկերներիս տեսակցելով ու թատրոններով շրջելով: Հետևում եմ երևանյան մշակութային կյանքին, հիանում կամ հիասթափվում:
-Չե՞ք ցանկանում որևէ թատրոնում հաստատվել:
-Առայժմ ոչ: Այժմ ինձ մոտ շատ խառը հոգեվիճակ է, հայկական և եվրոպական մշակույթների բախում: Փորձում եմ հասկանալ, թե մենք արվեստով որքանով ենք առաջ, հետ կամ ժամանակին համընթաց: Երեկ Կամերային երաժշտական թատրոնում էի, ներկայացում էի նայում: Կոլեգաներս առաջարկեցին վերադառնալ, բայց դեռ չգիտեմ, մտածում եմ:
-Պրպտումների մե՞ջ եք:
-Այո, հիմա ճաշակի խնդիր ունեմ: Պետք է գտնեմ այն տեղը, որտեղ ինձ ավելի հանգիստ, ավելի ազատ կզգամ:
-Ի վերջո կարողանո՞ւմ եք հայկական և եվրոպական մշակույթի տարբերությունները հասկանալ:
-Մենք շատ հայկականացված ենք: Դեռևս կոմունիստական մտածելակերպ ունենք: Կարծում եմ, տարիներ անց ամեն ինչ կփոխվի:
-Ի՞նչը պատճառ դարձավ, որ որոշեցիք համեմատություններ անցկացնել մշակույթների միջև:
-Կարդալով հայ և համաշխարհային գրականություն՝ նախկինում միշտ հետևություններ էի անում, մտածում, թե ինչո՞ւ քաղաքում չեմ հանդիպում, օրինակ, Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդեն» ստեղծագործության կերպարներին: Քանի որ երբեք Եվրոպայում չէի եղել, մտածում էի, որ այդ կերպարները հորինված են, միֆ: Բայց երբ Եվրոպա գնացի, շատ նման կերպարների տեսա դրսում: Ու իմ մեջ ամեն ինչ փոխվեց. ինչի՞ մեջ ենք մենք ապրում, ինչ ենք տեսնում և ինչ ստանում:
-Այնպես չի, որ մեր հերոսները մտացածին են: Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «Գիքորների» և «Զիմզիմովների»:
-Հրաշալի օրինակ բերեցիք: Այ մեր գրականությունը հենց դա է դաստիարակել: Մեզ միշտ «Զիմզիմովներ» են թելադրել, մտածել ենք, որ պետք է լինի Գիքոր ու Համբո: Ցանկացած տեղ պետք է ճիշտ շեշտադրումներ անել: Մենք ամբողջ կյանքում Գիքորին ենք հիշում և ոչ թե բազազ Արտեմ դատապարտում: Այժմ էլ, երբ մեկի զավակը գնում է այլ երկիր՝ աշխատելու, արարելու, ծնողները նորից նեղվում են, մտածում՝ էրեխես հիմա հաց կերավ, չկերավ, մրսեց, չմրսեց: Համբոյի կերպարը մեր մեջ մտած է: Բայց տղամարդ է, թող աշխատի, թող կոփվի՝ թեկուզ մրսի:
-Ձեզ ազատ մարդ համարո՞ւմ եք:
-Հայաստանում մի քիչ այլ կերպ են հասկանում այդ ազատությունը: Մարդիկ ավելի շատ տրվում են ֆիզիկական ազատությանը, բայց ներքին ազատություն պետք է ունենալ: Երեկ ընկերներիցս մեկն ասում է, որ չէր ցանկանում ներկայացման փորձին գնալ, պետք է հիվանդ լիներ, որ չգնար…Եթե չես ցանկանում գալ փորձին, մի արի: Ցանկացած գործ պետք է սիրով անել, պետք չէ հատուկ տրամադրվել, այն պետք է ներսից հուշի: Էկրաններին էլ պետք է ցույց տալ ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ պետք է: Մի առիթով ավագ հորաքույրս ասաց. «Տղա ջան, այն, ինչ քեզ տվել է տունը, քո ընտանիքը, երբեք քո միջից հանել չես կարող, այն քոնն է: Վերցրու լավ բաներ դրսից՝ ընկերոջից, շրջապատից: Մի մտածիր, թե դրանով կմոռանաս այն, ինչ քեզ տվել է ընտանիքդ: Ոչ, դա քոնն է»… Նույնն էլ վերաբերում է երկրին, ժողովրդին: Այո, մենք ունենք այն, ինչ մերն է՝ ցավ, տառապանք, բայց պետք է վերցնենք այն, ինչի անհրաժեշտությունն ունենք, ինչը մեզ կօգնի, կզարգացնի:
-Դուք Կամերային թատրոնի դերասան էիք, ինչո՞ւ հեռացաք թատրոնից:
-Որոշ շրջան աշխատելուց հետո մեկնեցի Մոսկվա: Քանի որ մոտ 5 ամիս այնտեղ եմ ապրել, ստիպված էի դուրս գալ: Մոսկվայից վերադառնալուց հետո ցանկանում էի ընդգրկվել թատրոնում, սակայն Կարեն Մկրտչյանի դեպքը եղավ, ուզած-չուզած ամեն ինչ թողեցի:
-Կարծեք թե սիրահարվել եք եվրոպական մշակույթին: Հնարավո՞ր է, միջոցներ եք փնտրում ընդմիշտ այնտեղ հաստատվելու համար:
-Ընդմիշտ՝ ոչ: Ուզեմ, թե ոչ, դաստիարակությունս այնպես է, որ իմ հողն ու ջուրը շատ եմ կարոտում, կապված եմ: Հնարավոր է, որոշ ժամանակ դրսում ապրեմ, աշխատեմ, բայց մշտական չեմ գնա:
-Առօրյայում Ձեզ ի՞նչը դուր չի գալիս Հայաստանում:
-Օրինակ, ավտոմեքենաները կարմիր լույսի տակ զիջում են միայն այն պատճառով, որ չնկարվեն ու չտուգանվեն: Այդպես չպետք է լինի, սիրով պետք է զիջեն, ոչ թե պարտադրանքով: Կցանկանամ, որ մոտեցումը փոխվի. այս երկրում ապրում է իմ մայրը, հայրը, քույրը… Բոլորս էլ արժանի ենք փոխադարձ հարգանքի ու հասկացվածության:
-Մի շրջան ձեզ սերիալներում էինք հանդիպում: Այժմ ինչո՞վ է պայմանավորված սերիալային պասիվությունը:
-Պարզապես առաջարկներ չկան: Գուցե պատճառն այն է, որ հաճախ էի բացակայում երկրից:
-Վարդան, վերջերս գտնվում էիք Գերմանիայում: Ի՞նչ նպատակով էիք մեկնել:
-Երբ Կարեն Մկրտչյանի բուժման համար մեկնեցինք Գերմանիա, այնտեղ շատ լավ ընկերներ ձեռք բերեցի: Այնտեղ ապրում են նաև Մարիկյան եղբայրները, որոնցից վերջերս անակնկալ հրավեր ստացա. նրանցից մեկը վիզայի հարցերն էր լուծել, մյուսը հոգացել էր իմ մեկնելու և ետ վերադառնալու բոլոր ծախսերը:
-Որևէ առիթ կա՞ր:
-Ոչ, ընդամենը ցանկանում էին որ միասին անցկացնենք, իրենց ընտանիքի կողքին լինեմ, կարոտներս առնենք: Սովորական ընկերական հարաբերություններ:
– Փաստորեն, դեռևս ազնիվ ու հոգատար մարդիկ կան:
-Այո, ես հիացած եմ, որ հատկապես նման հայ մարդիկ կան: Այսօր հավատը մարդկանց մեջ շատ է պակասել, բայց…
-Ճի՞շտ է, որ Գերմանիայում քթի պլաստիկ վիրահատություն եք կատարել:
-Բացառվում է, ես նման բաներն այնքան էլ չեմ ընդունում, հատկապես, երբ տղամարդկանց է առնչվում:
-Գեղեցկանալը վա՞տ բան է:
-Տգեղ կամ գեղեցիկ տղամարդ չի լինում, տղամարդը կամ տղամարդ է, կամ ոչ: Աշխարհում ստեղծված ամեն բան իդեալական է: Եթե մարդը կոմպլեքսավորվում է իր արտաքինից, թվացյալ տգեղ քթից կամ շրթունքներից, նշանակում է՝ ինչ-որ մեկն իրեն ճիշտ չի գնահատել: Հակառակ դեպքում նման խնդիր չէր ունենա: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ասեմ ավելին, երբ Կարեն Մկրտչյանի հետ Գերմանիայում էինք, ձեռքիս վրա շատ փոքրիկ ուռուցք կար: Նա խնդրեց, որ թույլ տամ՝ բժիշկները նայեն: Բայց ասացի՝ երբեք, դա ինձ պետք չի:
-Վարդան, դերասանները հաճախ անցնում են բամբասանքների, չարախոսությունների և սկանդալների միջով: Դուք ևս բացառություն չեք: Ինչպե՞ս եք վերաբերում այդ երևույթին:
-Նման խոսակցություններ բոլորի հետ էլ պատահում են, դա անխուսափելի է: Ոչինչ չես կարող փոխել, անհնար է: Ի զորու չես կառավարել այն, փորձելն անիմաստ է: Այսօր հարևանն է հարևանին չարախոսում, ընկերը՝ ընկերոջը: Մի տեսակ ազգային բնավորություն է դարձել: Ուղղակի ամեն մարդ պետք է հետևի սեփական ինտելեկտին:
-Նախորդ տարի շատերին ցույց տվեցիք, թե ինչ է նշանակում իսկական ընկերական հարաբերությունները՝ սատար կանգնելով Ձեր ընկեր և գործընկեր Կարեն Մկրտչյանին: Լա՞վ ընկեր եք Ձեր տեսակով:
-Այո, ես շատ ընկերասեր եմ: Իհարկե, մարդիկ իմ ընկերական մոտեցումը միայն այդտեղ են նկատել, բայց ես միշտ եմ նվիրվող: Այն, ինչ ունեմ, բոլորին կտամ, բոլոր բարի մարդկանց: Այսօր մարդիկ քիչ են ապրում Աստվածաշնչյան պատվիրաններով, բայց ես այդպիսին եմ: Չկարծեք, թե աղանդավոր եմ, ուղղակի հավատքով մարդ եմ, ով ձգտում է դառնալ առաքինի: Ինձ մոտ սեր ասվածը՝ կլինի հարազատի, սիրելիի, ընկերոջ, շատ թանձր է նստած: Իմ մեջ սերը շատ է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: