«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունն այսօր առավել ենթակա է նոր խմբագրման և ճշգրտման»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է ութ տարի առաջ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը` պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգը, անկախության տարիների ընթացքում այդպես էլ իրականություն չդարձավ:

Հայ ժողովրդի կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակման և իրագործման միջոցով մեզ համար անհասանելի մնացին Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքները`

  • պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
  • իրավունքի գերակայության ապահովումը,
  • ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
  • դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
  • անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
  • արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը,
  • սոցիալական արդարության ապահովումը:

Միայն մեկ երաշխիք չնշվեց՝ դա զինված ուժերի մարտունակությունն է, որը մեզ հույս է ներշնչում մեր պատմական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հանդեպ: Այս հույսն էլ գալիս է մեր երեխաների և քաջ զինվորականների հերոսության՝ նրանց երիտասարդ կյանքերի զոհաբերության գնով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն այսօր առավել ենթակա է նոր խմբագրման և ճշգրտման` ըստ ներպետական և միջազգային իրադրության մեզ սպասվում են նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ:

Հայ ժողովրդի համազգային նպատակի իրականացումը՝ ունենալ Ազատ, Անկախ և Միացյալ Հայրենիք, Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց մնում է մեր օրակարգում:

Հայկական հարցը ոչ միայն Հայաստանի օրակարգում է, այլև կազմում է միջազգային հանրության օրակարգի մաս ևս, որը կարիք ունի, հայկական շահը սպասարկելու տեսանկյունից, արդյունավետ ղեկավարման և կառավարման:

Ժամանակակից աշխարհն արագորեն փոխվում է, իսկ մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզը, որը Հայոց ցեղասպանության հետևանքով Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված քաղաքական քարտեզ է, ևս ենթակա է փոփոխման, ինչին հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի:

Մեր տարածաշրջանի քարտեզի վերագծման ընթացքում մենք պետք է պարտադրենք մեր միացյալ հայակենտրոն օրակարգը, մեր գերված Հայրենիքում հայության անօտարելի իրավունքի իրացման պահանջը, և այդ դեպքում հնարավոր կդառնա Հայաստանի բաժան-բաժան մասերում` Մեծ Հայքում, Փոքր Հայքում և Կիլիկիայում Հայկական պետականության վերականգնումը և հայության վերադարձը դեպի իր քաղաքակրթական ակունքներ»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս