Արամ Մանուկյանին ծեծի ենթարկած անձը միջնորդեց կիրառել արագացված դատաքննություն

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի ներկայացուցչի կողմից դատախազի նկատմամբ հայտնված բացարկը։

Գործով դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռունցքով մեկ անգամ հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս։

Ամբաստանյալ Արշակ Սվազյանը հայտարարեց, որ լիովին ընդունում է մեղադրանքը, միջնորդում է կիրառել արագացված դատաքննության կարգ, հայտնեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, գիտակցում է միջնորդության բնույթը, հետևանքները, խորհրդակցել է իր պաշտպանի հետ։

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ տուժողից նյութական պահանջ չունի։ Նրա ներկայացուցիչն առարկեց միջնորդության դեմ, պնդեց, որ դատաքննության ընթացքում ակնհայտ կդառնա, որ սխալ որակում է տրվել հանցագործությանը, արագացված կարգ կիրառելով ցանկանում են դատարանից թաքցնել իրական հանցագործությունը։

Կարդացեք նաև

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ։ Դատարանը մերժեց միջնորդությունը և որոշեց նախ հարցաքննել տուժողին, ապա հետազոտել գործի այլ ապացույցներ, ապա հարցաքննել ամբաստանյալին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին։

Տեսանյութեր

Լրահոս