Աշխարհին հայտնի շատ արտիստներ` Ցեղասպանության մասին նոր տեսահոլովակում
Երեք ընկերներ` Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը՝ KMsounds Production ընկերության հետ համատեղ, նախաձեռնել են մի ծրագիր, որը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու աշխարհին Ցեղասպանության փաստի իսկության մասին:
Ծրագրի շրջանակներում նկարահանվել է համաշխարհային ճանաչում ունեցող մշակույթի գործիչների մասնակցությամբ տեսահոլովակ, որտեղ իրենց մասնակցությունն են բերել Շառլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալիեն, Արմեն Ջիգարխանյանը, Պատրիկ Ֆիորին, Վլադիմիր Սպիվակովը, Դմիտրի Խառատյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան և այլք:
«Միլիոնավոր կյանքեր» կոչվող տեսահոլովակի անոնսն արդեն համացանցում է, իսկ նախագիծն իրականացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ:
Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, երգի բառերի հեղինակն է ամերիկյան գրող Ռիտա Մեյնը: Երգը մի փոքրիկ աղջկա խեղված ճակատագրի մասին է, ով կորցրեց իր ընտանիքը` մնալով այս մեծ աշխարհում միայնակ:
Տեսահոլովակում նկարահանված մշակութային գործիչներից յուրաքանչյուրն իր ուղերձն է հղում առ աշխարհ` ասելով. «Այն, ինչ կատարվեց 1915թ.-ին, Ցեղասպանություն էր: Եվ այն պետք է ճանաչվի աշխարհի կողմից, որպեսզի կանխարգելվի պատմության կրկնությունը»:
Տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլի 18-ին` Մոսկվա կինոթատրոնում: