Քարդաշյանական նորաձևություն. Հայ աղջիկներն արդեն կրկնօրինակում են Քիմին
Քիմ Քարդաշյանն իր տեսակով ֆենոմեն է: Նա ո՛չ երգչուհի է, ո՛չ դերասանուհի, ո՛չ հաղորդավարուհի: Նա մեդիա դեմք է: Այսքանով ամեն ինչ ասված է: Նրա անվան հետ կապված յուրաքանչյուր դետալ հետաքրքրության տեղիք է տալիս: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու շուրջ կարելի է անվերջ խոսել: Հատկապես երիտասարդների շրջանում մի յուրահատուկ դրական տրամադրություն է իշխում Քիմի Հայաստան այցի առաջին իսկ օրից: Իսկ երիտասարդության անմասն կողմերից է նաև նորաձևությանը հետևելու մոլուցքը: Թե ի՞նչ հետք թողեց Քիմը հայ երիտասարդ աղջիկների նորաձևության մասին պատկերացումների մեջ և ինչպիսի՞ն էր Քիմի ոճը Հայաստանում, 168.am-ը փորձեց ճշտել մոդելավորող Ֆաինա Հարությունյանից:
– Ֆաինա, ինչպե՞ս կմեկնաբանեք Քիմի ոճը մասնագիտական տեսանկյունից: Քիմին սովոր ենք տեսնել բաց հագուստներ կրելիս: Հայաստանում, սակայն, նա բավականին զուսպ էր իր հագուստների ընտրության հարցում: Անգամ Գյումրի այցելության ժամանակ նա կրում էր այն նույն մարմնագույն զգեստն ու վերարկուն, ինչ դրանից մեկ օր առաջ՝ «Հաղթանակ» այգի այցելության օրը:
– Նախ՝ սկսենք նրանից, որ, այո, և՛ Երևանում, և՛ Գյումրիում նա նույն զգեստով էր: Ես կարծում եմ, որ դա կապված էր նկարահանումների հետ: Այսինքն, ըստ երևույթին, իրենց հեռուստաշոուի մեջ այդ բոլորը պետք է տեղի ունենա մեկ օրվա մեջ: Երևի թե դա էր պատճառը: Նրա կրած մարմնագույն զգեստը և երկար վերարկուն՝ համադրված նույն երանգի բաց կոշիկների հետ, ամբողջությամբ արտահայտում են Քիմ Քարդաշյանի այսօրվա ոճը: Նա արդեն տևական ժամանակ շատ է սիրում հագնվել այդպիսի մինիմալիստական ոճով: Բացի այդ, փաստ է, որ մարմնագույն կոշիկները հասակ են հաղորդում կնոջը, ու Քիմը դա շատ լավ գիտի: Ի դեպ, Երևանում այս օրերի ընթացքում ես արդեն հասցրել եմ նկատել աղջիկների, ովքեր կրում էին երկար վերարկուներ՝ համադրած բաց կոշիկներով: Դա ակնհայտորեն քարդաշյանական ազդեցություն է: