Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդագրով քաղաքապետը հոգևորականներին բնակարաններ նվիրեց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. «Արարատյան hայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը միջնորդել է, որ յուրայիններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկացնի բնակարաններ:

Ավագանու որոշմամբ երեկ 2 բնակարան անհատույց հատկացրին մի սարկավագի եւ եկեղեցու մեկ այլ աշխատակցի: Ընդ որում՝ երկուսն էլ երիտասարդ են ու հազարավոր երիտասարդների պես կարող էին բնակարաններ ձեռք բերել հիպոթեքային վարկերով կամ օգտվել Սերժ Սարգսյանի կառուցած շուկայականից ցածր վարկերով ու տոկոսադրույքներով սոցիալական ծրագրից:

Թե ծայրահեղ աղքատներով, անտուն մարդկանցով լեցուն քաղաքում եկեղեցականների կողմից ձրի տներ կորզելու քայլը որքանով է համապատասխանում նրանց դավանած քրիստոնեական արժեքներին, թողնում ենք այս մարդկանց խղճին:

Ահա ավագանու որոշումները. «Թույլատրել Երեւանի քաղաքապետին Երեւան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ. 22 շենքի հ. 45՝ 75.9 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Հովհաննես Ներսեսյանին: Թույլատրել Երեւանի քաղաքապետին Երեւան համայնքի սեփականությունը համարվող Քանաքեռի 14-րդ փողոցի հ. 40 շենքի հ. 7՝ 85.16 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Հասմիկ Եղիազարյանին:

Որոշման նախագծի նախապատրաստման համար հիմք է հանդիսացել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի միջնորդագիրը»»:

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս