Հանքատիրուհի Հերմինե Նաղդալյանի վերջին շանսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ անցած տարվա սեպտեմբերին, նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի պահվածքի շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց ընդունել հակահայկական մի փաստաթուղթ:

Եվ այսօր արդեն ստիպված ենք արձանագրել, որ ԵԽԽՎ նստաշրջանում քննարկելու համար շուտով կպատրաստվի մի զեկույց` այսպիսի վերնագրով. «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»:
Հիշո՞ւմ եք՝ այս թեմայի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այն աստիճան անթույլատրելի պահվածք էր դրսեւորել` փորձելով սպառնալ ներկաներին, որ դրա արդյունքում հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս էին հրավիրել, և փաստաթուղթն ընդունվել էր առանց մեր մասնակցության:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մայիսին զեկույց-նախագծի հեղինակը` ԵԽԽՎ անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վալտերը, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով, կայցելի Հայաստան` փաստաթղթի առնչությամբ փաստեր հավաքելու: Իսկ մինչ այդ, նույն աղբյուրների համաձայն, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ապրիլի 20-ից 24-ը մասնակցելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին:
Սա թերևս Նաղդալյանի վերջին հնարավորությունն է՝ ուղղելու իր սխալը` փորձելով կանխել նման զեկույցի պատրաստումը կամ նվազագույնը հասնելու այն բանին, որպեսզի գոնե փաստաթղթի վերնագիրը փոխվի: Իսկ եթե նրան չհաջողվի այդ անել, ապա բարոյականության նշույլ ունենալու դեպքում անգամ նա պարտավոր է հրաժարական տալ եւ գնալ տուն` շարունակելով զբաղվել իր բիզնեսներով: Այդ դեպքում նա Հայաստանին գոնե միայն ֆինանսապես կվնասի, ոչ թե նաև հեղինակությունը ոտատակ տալով: Ծիծեռնակաբերդում կազմակերպած խրախճանքն արդեն բավական է մեզ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս