
Հայերի ու ռուսների համախմբմանը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. Ժիրինովսկի

Ldpr.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի պատերազմել Հայաստանի դեմ, երկու երկրների միջև մշտապես եղել են լավ հարաբերություններ, որոնք այդպիսին են մնում նաև այսօր.
«Դա հիմնավորված է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով, որը գտնվում է ռիսկային գոտում` Իրանի, Թուրքիայի, Իսրայելի հարևանությամբ: Այսօր տարածաշրջանի ամենացավոտ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղն է:
Ռուսաստանը չունի որևէ հիմք` բանակի ուժերով միջամտելու համար, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների դեպքում Ռուսաստանը կկարողանար մտցնել խաղաղապահ կոնտինգենտ` արյունահեղությունը բացառելու համար:
Թեև բնականաբար մշտապես կան օտար միջամտության ու սադրանքների ռիսկեր, ինչպես որ դա եղավ Աբխազիայի դեպքում»: Ժիրինովսկին հետխորհրդային երկրների ճամբարում հակառուսական տրամադրությունների ու քաղաքականության գլխավոր հրահրող է համարել ԱՄՆ-ին:
Ժիրինովսկին Հայաստանին կոչ է արել ինքնուրույն հստակեցնել սեփական ճակատագիրը, սակայն դրա հետ մեկտեղ զգուշացրել է, որ, առանց Ռուսաստանի, Հայաստանը մեն-մենակ կմնա Իրանի ու Թուրքիայի դեմ:
Ժիրինովսկին կարծում է, որ հայերի ու ռուսների համախմբմանը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. «Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է Ցեղասպանության հիշատակի միջազգային ընդհանուր օր:
Հայոց ցեղասպանությունը եղել է ամենամասշտաբայինը, սակայն այդ ժամանակներում ոչնչացվել են նաև այլ ժողովուրդներ. ռուսները` Ավստրո-Հունգարիայում, ավելի ուշ` հրեաները, գնչուները և մյուս ժողովուրդները: Այժմ ռուսներին ոչնչացնում են Ուկրաինայում:
Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում քրիստոնյաներին սպանում են իրենց հավատի համար, ոչնչացնում են նրանց մշակութային հուշարձանները: Անհրաժեշտ է վերջնականապես կանխել այդպիսի մեթոդները»: