«Գազի գինը պետք է նվազի». Վահագն Խաչատրյան

Հարցազրույց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, Իրանի և «Վեցնյակի» միջև շրջանակային համաձայնագրի կնքումն ի՞նչ հնարավորություններ է բացում Հայաստանի համար:

– Կարծում եմ, մենք պետք է մի քիչ համբերատար լինենք, մինչև ավարտվի այդ ամենը և վերջնական համաձայնագիր կնքվի: Թե՛ Արևմուտքը, թե՛ Իրանն այսքան ժամանակ սպասել են, իրականում բոլորն էլ հասկանում են, որ երկար չի կարող շարունակվել այս հակամարտությունը: Հիմա, երբ այն մոտենում է ավարտին, Հայաստանում բոլորը շատ ակտիվ քննարկում են սպասելիքները, թե ինչ կլինի: Հավատացնում եմ Ձեզ, որ ինչքան էլ կանխատեսենք, քննարկենք, իրական կյանքն անակնկալներ կմատուցի: Իրանը լուրջ տնտեսական ներուժ ունեցող երկիր է, սակայն այդ ներուժն այս տարիներին չի օգտագործվել, Իրանին զրկել էին այդ հնարավորությունից: Եվ ամենամեծ խնդիրն այն է եղել, որ Իրանը զրկված է եղել ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից:

Օրինակ` նավթագազային բնագավառում մինչ օրս Իրանը չունի ժամանակակից նավթավերամշակման գործարան: Ունենալով խոշորագույն նավթի պաշարներ, այն նավթամթերք ներմուծող երկիր է, ոչ թե արտահանող, և արտահանում է միայն պատրաստի նավթ, այն էլ` սահմանափակումների թույլատրած ծավալներով: Այսինքն՝ Իրանը բավականին ետ է մնացել տեխնոլոգիական զարգացումից, իսկ այժմ կկարողանա օգտվել: Դրանից ելնելով էլ մենք` որպես երկիր, կարող ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք օգտվել Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակից: Դա վերաբերում է թե՛ նավթային, թե՛ էներգետիկ, թե՛ տրանսպորտային, թե՛ գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությանը: Իրանը, որ ստեղծված վիճակում դարձել է ինքնաբավ երկիր` փակ, պետության կողմից վերահսկվող տնտեսությամբ, հիմա կարծես իր քաղաքականությունը պետք է փոխի: Եվ այսքան սպասելուց հետո պետք է մի քիչ էլ սպասել, ու վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո կարելի է լուրջ քննարկել Իրան-Հայաստան համատեղ տնտեսական տարբեր ծրագրերի հարցեր:

– Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, Հայ-ռուսական գազային համաձայնագիրը խոչընդոտ չի՞ հանդիսանա գազային ոլորտում մեր հարաբերությունները զարգացնելու համար:

– Միանշանակ կհանդիսանա: Դրա մասին խոսել ենք 2013-ին, երբ «Գազպրոմին» փոխանցվեց ՀՀ գազային համակարգի 20%-ը: «Գազպրոմը», միգուցե հասկանալով, որ Իրանի խնդիրը մոտենում է հանգուցալուծմանը, սահմանափակումներ դրեց երրորդ երկրների՝ Հայաստանի գազի համակարգից օգտվելու հարցում: Դա ամենահեռանկարային բնագավառն էր, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ՀՀ իշխանությունները բաց թողեցին այդ հնարավորությունը` Հայաստանը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործել` իրանական գազը Եվրոպա հասցնելու համար: Դա ամենահարմար, ամենաէժան տարբերակն էր, որից կօգտվեինք մենք` Հայաստանի Հանրապետությունը, և այն երկրները, որ ՀՀ-ի միջոցով կստանային գազ:

Մասնագիտական բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ՀՀ-ով տեղափոխման ծախսերը 25-30% քիչ են, քան այլ ճանապարհներ ընտրելու դեպքում, նույնը վերաբերում է նաև ադրբեջանական գազին ու նավթին: Բայց քանի որ քաղաքական գործոնն առկա է, ՀՀ-ն միշտ դուրս է մնացել տարածաշրջանային նման ծրագրերից: Իսկ Իրանի դեպքում ոչ թե ՀՀ-ին են դուրս թողել, այլ մենք ինքներս ենք մեզ դուրս հանել իրանական գազը ՀՀ-ով դեպի Եվրոպա արտահանելու հնարավորությունից:

– Վերջին շրջանում կրկին խոսակցություններ են տարածվում, որ ռուսական գազը ՀՀ-ի համար կարող է թանկանալ: Թեև ԱԺ գազային հանձնաժողովն էլ, որի զեկույցն այս օրերին քննարկվում է խորհրդարանում, գտնում է, որ հնարավորություն կա գազի գինը նվազեցնելու: Այս հակասությունն ինչպե՞ս կգնահատեք:

– Անհասկանալի ու անընդունելի է այսօրվա իրավիճակում գազի թանկացման մասին հարց բարձրացնելը: Հիմա պետք է խոսվի հակառակի` գազի գնի նվազեցման մասին: Որևէ հիմնավորում չկա գազի գնի բարձրացման համար: Ինչ ուզում են` ասեն, ինչպես ուզում են` մեկնաբանեն, հատկապես իշխանության ներկայացուցիչները, բայց որևէ տնտեսական հիմնավորում չկա, որ այսօր գազի գինը պետք է ՀՀ քաղաքացիների համար բարձրացվի: Հակառակը` այն պետք է իջեցվի, և դրա համար կան բոլոր պայմանները: Նման խոսակցություններ են սկսում շրջանառել, հետո ասում են, թե ամեն ինչ արեցին, որ գազի գինը չբարձրանա, ու պետք է ուրախանալ:

Ոչ, գազի գինը պետք է իջնի և «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը, որ մեծ գովասանքի էր արժանանում ՀՀ իշխանությունների կողմից, իբր գազի գնի բարձրացում չի լինի, պարզվեց` դա այսօրվա պայմաններում ծիծաղելի է դառնում, որովհետև համաշխարհային շուկայում գազի գնի այնպիսի անկում է տեղի ունեցել, որ այսօր ՌԴ-ն Ուկրաինային առաջին եռամսյակի համար գազ պետք է վաճառի` 1000 խմ-ն` ընդամենը 225-245 դոլարով, երբ ուղիղ 1 տարի առաջ 400 դոլար էր:

Նվազել է նաև Եվրոպա առաքվող գազի գինը` դառնալով 245-250 դոլար: Այսինքն` համաշխարհային շուկայում տեղի է ունենում հակառակը, և Հայ-ռուսական գազային պայմանագիրը պետք է այլ գնահատականի արժանանա` ինչքանո՞վ է այն արդյունավետ: Այսինքն՝ ՀՀ-ում այսօր որևէ առիթ չկա, որպեսզի գազի գինը բարձրանա, այլ պետք է խոսենք միայն գազի գնի իջեցման մասին: Եվ մամուլի միջոցով նման տրամադրություններ տարածելը ծիծաղ է առաջացնում: Իշխանությունը ոչ թե պետք է թանկացման մասին մտածի, այլ պետք է ամեն ինչ անի, որ սակագինն իջեցնի: Առավել ևս` այսօրվա տնտեսական պայմաներում, երբ ՀՀ քաղաքացիների գնողունակությունը կտրուկ անկում է արձանագրել, և այդ պայմաններում խոսել գնի բարձրացման մասին` խաբեություն է, քան թե իրական վիճակի գնահատում:

– Ի՞նչ եք կարծում, իշխանությունը կարո՞ղ է գնալ քայլի, որ պահանջի վերանայել պայմանագիրը և բանակցություններ սկսի Իրանի հետ:

– Այդ հնարավորությունից իշխանությունն ինքն իրեն զրկել է, երբ 2013-ին այդ պայմանագիրը ստորագրվեց «Գազպրոմի» հետ:

– Այսինքն, այն վերանայման ենթակա չէ:

– Իհարկե, որովհետև այդ ժամանակ էլ ասվեց, թե` ինչո՞ւ եք զրկում ՀՀ-ին այլընտրանքային աղբյուրներից: Ընդհանրապես, ցանկացած դեպքում, սա տնտեսագիտության աքսիոմա է, միշտ պետք է այլընտրանք ունենալ: Եթե չկա այլընտրանք, պետք է ստեղծել, իսկ մենք այլընտրանք ունեինք և դրանից զրկեցինք մեզ:

Այդ այլընտրանքից չզրկելու դեպքում կարող էինք այսօր ունենալ ոչ թե սահմանին 189 դոլարով գնված գազ, այլ առնվազն 10-30% ավելի էժան: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, անգամ դրա փաստաթղթերով ապացուցվում է այն, ինչի մասին խոսել ենք` ՀՀ-ում կա անարդյունավետ գազային համակարգ, և դա փորձում է իր անարդյունավետությունը և իր գոյությունը հիմնավորելու համար բարձր սակագներ սահմանել:

Այդ տրամաբանությամբ և նման ոճով աշխատանքի հետևանքը միշտ լինելու է գազի գնի բարձրացումը, ու մենք երբեք չենք տեսնի գազի օպտիմալ գին, որը տրամաբանված ու հիմնավոր կլինի: Հանձնաժողովի եզրակացությունում որևէ ձևով չի հիմնավորվում, թե ինչո՞ւ գազի գինը սահմանից սպառողին հասնելու համար պետք է գրեթե 2 անգամ բարձրանա, ինչո՞ւ սպառողների թվաքանակի նվազման դեպքում գազի աշխատողների քանակը պետք է ավելանա, կամ ինչո՞ւ պետք է նրանց միջին աշխատավարձը ՀՀ-ում միջին աշխատավարձից 30% ավելի լինի: Ցավոք, այդ եզրակացության քննարկումը կարող է ձևական բնույթ կրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները հակված չեն իրականությունը ներկայացնել: Այն իրականությունը, որ «Գազպրոմ-Արմենիան» տարիներ շարունակ անարդյունավետ կառույց է եղել, անարդյունավետ ծախսեր է արել, որի արդյունքում ոչ թե իրենք են տուժել` որպես կազմակերպություն, այսինքն` պետք է շահույթ չստանային և վնասներ կրեին, այլ տուժում են գազօգտագործողները` ՀՀ քաղաքացիները:

Մի հանգամանք էլ կա, որ վերաբերում է նաև էլեկտրացանցին: Մեզ մոտ` գազի համակարգում, երբ սկսվեց զանգվածային գազիֆիկացումը և նման էր ԽՍՀՄ տարիների ոճին, որ ասում էին` ամենաշատ բժիշկներն ունենք, ամենաշատ ուսուցիչներն ունենք, ամենաշատ գազ սպառող երկիրն ենք և ամենաշատն ենք գազիֆիկացված ու էլեկտրիֆիկացված, հիմա մեզ մոտ այդ լոզունգը կիրառվեց, և դարձանք 90% և ավելի գազիֆիկացված երկիր: Բայց ապագային ուղղված ծրագրերը` գազի սպառման ծավալների աճ, էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի սպառման ծավալների աճ, արտահանում, դարձավ զրո, հատկապես` վերջին 6 տարում:

Այսինքն` այս համակարգը պետք է սպասարկեր ընդհանրապես այլ տնտեսություն, բայց սպասարկում է նախկին տրամաբանությամբ ստեղծված համակարգի հակառակը, և ունենք մի համակարգ, որի հիմնական սպառողը քաղաքացին է, և դրա կրած վնասները պետք է փոխհատուցեն սպառողները` մենք: Ու փոխանակ մտածեն սպառողների թիվը մեծացնելու մասին, ամեն ինչ անում են այն կրճատելու համար: Իսկ սակագնի բարձրացման արդյունքում գազի սպառումը կրկին կկրճատվի:

Տեսանյութեր

Լրահոս