Հայ-թուրքական ստատուս-քվոն կարծես երկու կողմերի համար էլ ընդունելի է՝ որպես լավ մոդել. թուրք վերլուծաբան

«Հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա ապագան լավատեսական չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքական «Զաման» թերթի սյունակագիր, Թուրքիայի Ռազմավարական հեռանկար քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օզթարզուն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների և շփումների վատթարացմանն ու փոխադարձ կտրուկ հայտարարություններին:

Նա նշեց, որ իր կանխատեսումը Հայաստանի և Թուրքիայի առաջիկա հարաբերությունների վերաբերյալ լավատեսական չէ: Ըստ փորձագետի` կողմերն ագրեսիվ են տրամադրված միմյանց նկատմամբ, ինչը բարդացնում է կարգավորման հեռանկարի տեսանելիությունը: «Թվում է, որ երկու երկրները պատրաստ չեն որևէ կարգավորման: Այդ պատճառով էլ ներկայիս ստատուս-քվոն կարծես կողմերի համար ընդունելի է՝ որպես լավ մոդել»,- նկատեց նա: Մեհմետ Ֆատիհ Օզթարզուի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում պետք է լինի քաղաքացիական երկխոսության առաջմղումն ու զարգացումը, որը, նրա կարծիքով, լավ հիմք կդառնա երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը ևս զարգացնելու համար: «Հայերն ու թուրքերը բազում հանդիպումներ են կազմակերպում, դա պետք է շարունակական աշխատանք լինի: Նույնիսկ հայերը կարող են հանդիպում կազմակերպել Թուրքիայի Բայեզիդ հրապարակում: Սա է քաղաքացիական հասարակության իրական ուժը»,- ասաց նա` հավելելով, որ, երբ այս գործին քաղաքական գործիչներն են միջամտում՝ կամուրջներն այրվում են:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս