Գալիպոլիի մարտերը չեն մեկնարկել և չեն ավարտվել ապրիլի 24-ին. Սերժ Սարգսյան

Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.

«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը բնականաբար կարևոր իրադարձություն է աշխարհասփյուռ հայության համար: Պատահական չէ, որ որպես դրա խորհրդանիշ ընտրվել է անմոռուկը՝ ծաղիկ, որի անվանումն աշխարհի շատ լեզուներում իրենում պարունակում է հիշատակի իմաստ, և որի 5 թերթիկները խորհրդանշում են 5 մայրցամաքները, որոնցում ապաստան են գտել ցեղասպանությունից հրաշքով փրկված մեր եղբայրներն ու քույրերը:

Բնականաբար, համայն աշխարհում անցկացվում և անցկացվելու են միջոցառումներ, այդ թվում նաև պատարագներ, որոնք չեն անցկացվելու միայն հայ առաքելական եկեղեցիներում, աշխարհի հանրահայտ թանգարաններում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, հանրահայտ հարթակներում կազմակերպվելու են համերգներ՝ հանրահայտ երգիչների մասնակցությամբ: Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցելու Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

Սակայն, բնականաբար, հիմնական միջոցառումներն անցկացվելու են Հայաստանում՝ Երևանում, ապրիլի 23-24-ին: Ապրիլի 24-ին մենք միջազգային հանրության հետ համատեղ կհավաքվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ և մեզ հետ միասին կլինեն շատ ժողովուրդների ներկայացուցիչները, այդ թվում նաև ղեկավարները:

Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում գտնվելու են մեր եղբայրական երկրների ղեկավարները և ցանկանում եմ հատուկ ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն այդ միջոցառումներին՝ այլ երկրների ղեկավարների մեկտեղ: Յուրաքանչյուր հայի համար այդ օրը սուրբ օր է»:

Պատասխանելով ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստանի ու Թուրքիայի նախագահների կողմից միմյանց արված հրավերներին առնչվող հարցին՝ Սարգսյանը հայտարարել է. «Մենք հարաբերությունների կարգավորման համար երբևէ որևէ նախապայման չենք ներկայացրել Թուրքիային, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Մի քանի տարի առաջ ես փորձեցի հասնել դրան (հարաբերությունների կարգավորմանը), սակայն որոշակի պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց պարտավորություններ ստանձնելուց, և այդ արձանագրությունները չվավերացվեցին թուրքական խորհրդարանի կողմից:

Ոչ վաղ անցյալում ես նամակ ուղարկեցի Թուրքիայի նախագահին՝ հրավիրելով գալ Երևան և ապրիլի 24-ին համատեղ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերին: Սակայն Թուրքիայի ղեկավարությունը այս անգամ էլ վարվեց այնպես, ինչպես վավում է միշտ, և ոչ միայն հրաժարվեց միջոցառումներին  մասնակցելուց, այլև՝ այսպես ասած հակաառաջարկ արեց՝ ապրիլի 24-ին մասնակցելու համար Գալիպոլիի մարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Սակայն բոլորին է հայտնի, որ Գալիպոլիի մարտերը չեն մեկնարկել և չեն ավարտվել ապրիլի 24-ին, և բոլորին հայտնի է, որ թուրքերը երբևէ այդ մարտերում հաղթանակը չեն նշել ապրիլի 24-ին:

Այսինքն, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է իր ժխտման գործիքակազմը, և այս անգամ նույնպես փորձում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությամբ վերստին թերևս ինչ-որ բան ապացուցել մեզ կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը շեղել ցեղասպանության հիշատակի միջոցառումներից:

Չգիտեմ, թե որքան արագ թուրքական հասարակությունում կավելանա այն անձանց թիվը, ովքեր հիրավի պատրաստ են ճանաչել ցեղասպանությունն ու ձերբազատվել այդօրինակ ծանր բեռից, իսկ դա բեռ է: Սակայն ամեն դեպքում մենք այստեղ նկատում ենք դրական դինամիկա, ես շնորհակալ եմ Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»:

Տեսանյութեր

Լրահոս