Հրանուշ Խառատյան. «Սկսվել են զանգվածային ձերբակալություններ՝ «կանխելու համար հանրային անկարգությունները»»
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ 50 տարի առաջ, 1965թ. ապրիլի 24-ին, հայոց Ցեղասպանության 50-ամյա տարելիցին, Խորհրդային Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես, բայց գլխավորը՝ հանրայնորեն հիշվեցին հրեշավոր հանցագործությունը և դրա զոհերը: Այդ «իրավունքը» ձեռք էր բերվել Մոսկվայի հետ տևական բանակացությունների արդյունքում և «հանրային անկարգությունները» բացառելու խոստումով:
Խորհրդային Հայաստանի իշխանությունները մեծ տագնապեր ունեին, որ այն կարող էր վերաճել «հանրայի անկարգությունների», բայց, չնայած Մոսկվայից ունեցած մեծ վախին, համարձակություն ունեցան նախնական ձերբակալություններ կամ «տնային կալանքներ» չկիրառել: «Հանրային անկարգությունները», այսինքն՝ պլանով նախատեսված միջոցառումերից շեղումներ, իհարկե, եղան, որոնց, իհարկե, հետևեցին նաև ձերբակալություններ, ընդ որում՝ ձերբակալավածներին ԿԳԲ-ի սպաները բացատրում էին, որ նրանք «բռաբարել են մեր մորալը», այլ կերպ ասած՝ «մեր բարոյականությունը», որը խարսխված է թուրք եղբայրների հետ համերաշխության վրա:
Համենայն դեպս, այս խոսակցությունը եղել է ԿԳԲ-ի գնդապետի և այն ժամանակ ուսանող Գևորգ Բարդակչյանի միջև, և վերջիս հետագայում հրատարակել է իր այդ հուշերը: Սփյուռքահայ ուսանող Գևորգ Բարդակչյանն այն ժամանակ դեռ ռուսերեն չգիտեր, և «մորալ» բառը նրա մոտ ասոցացվել էր «եղջերու» /մարալ/ բառի հետ, որից վախեցած երիտասարդն սկսել էր հավաստիացնել, որ ինքը կենդանական հակումներ չունի: Հետագայում այդ մարդիկ ըկալվեցին որպես վտանգավոր, բացասական տաբուները և կաղապարները քանդող հերոսներ: Անցել է ուղիղ 50 տարի, հիմա 2015թ. է, հայոց Ցեղասպանության 100 տարին լրանում է խորհրդանշական ապրիլի 24ին:
Դեռևս մոտ 17 օր կա, և այսօր սկսվել են զանգվածային ձերբակալություններ՝ «կանխելու համար հանրային անկարգությունները», որոնք, պետք է ենթադրել, հիմա էլ սպառնում են օլիգարխիայի հետ համերաշխության «մեր մորալին»: Ժիրայր և Թորոս Սեֆիլյաններ, Մանուկյան, Ավետիսյան… Մի՞թե ևս հիսուն տարի պետք է անցնի, որպեսզի «հանրությունը» հերթական անգամ ապրի իր իրավունքները, անկյունաքարային բարոյականությունն ու առաքինությունները դրսևորելու հնարավորությունների ոտնահարումը կանխարգելելու գիտակցությունը»: