Էրդողանը մեկնել է Իրան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր առավոտյան մասնավոր ինքնաթիռով Անկարայի «Էսենբողա» օդանավակայանից մեկնել է Իրան: Այցն իրականացվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնական հրավերով:
Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, առևտրի ու մաքսային հարցերով նախարար Նուրեթթին Ջանիքլին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը:
Վերջին անգամ Թուրքիայի նախագահն Իրան այցելել է 4 տարի առաջ: Այցը կապված է նաև Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստի անցկացման հետ:
Ակնկալվում է, որ Էրդողանը Թեհրանում հանդիպումներ է ունենալու Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ու նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այցի շրջանակներում քննարկվելու են թուրք-իրանական երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ: