«Եթե ՓՄՁ-ների նախաձեռնությունների իրականացման համար ստեղծվի բարենպաստ միջավայր և ապահովվի մատչելի ֆինանսական ռեսուրսներով, ապա արդյունքները շոշափելի կլինեն ողջ տնտեսության համար»

Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկի` «Յունիբանկ» ՓԲԸ-ի համահիմնադիր Գագիկ Զաքարյանն այս տարի տոնում է իր 50-ամյա հոբելյանը: Ծննդյան տարեդարձը բանկիրը կնշի բարեկամական լայն շրջանակում, հայրենի հողում` Հայաստանում: Այդ առիթով Ռուսաստանից սպասվում է մեծաքանակ հյուրերի այց, որոնց կազմում ընդգրկված են քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, բանկիրներ, արվեստի և գիտության ներկայացուցիչներ: Հյուրերի համար նախատեսված են հետաքրքիր, պատմամշակութային միջոցառումներ և շրջագայություններ երկրով մեկ:

Գործարար շրջանակում Գագիկ Զաքարյանը հայտնի է՝ որպես լայն մտահորիզոն ունեցող մարդ, ով միշտ առաջ է շարժվում: Դեռ մանկուց, ոգեշնչված Տուպոլևով և Միկոյանով, նա ուզում էր նախագծել իր ինքնաթիռը, դառնալ ավիակոնստրուկտոր: Ընդ որում` լավագույնը: Այդ ուղենիշով նա առաջնորդվում է մինչ օրս` անմնացորդ տրվել գործին և հասնել լավագույն արդյունքի: Ներկայումս Գագիկ Զաքարյանը գլխավորում է «Յունիստրիմ» բանկի տնօրենների խորհուրդը, հանդիսանում «Յունիաստրում Բանկի» նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին կից Միջտարածաշրջանային բանկային խորհրդի անդամ, Դրամական փոխանցումների միջազգային միության (IAMTN) նախագահ: Նա երեք անգամ ճանաչվել է Ռուսաստանի լավագույն բանկիր, արժանացել «Տարվա մարդ» տիտղոսին:

«168 Ժամ» թերթին տրված բացառիկ հարցազրույցում Գագիկ Զաքարյանն անդրադարձավ ժամանակակից բանկի աշխատանքի առանձնահատկություններին, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման՝ իր տեսլականին, ընտանեկան արժեքներին, պատմեց ռուսաստանյան գործընկերների հետ ավանդական «բանկային խաշի» մասին:

– Կպատմե՞ք՝ ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բիզնեսով: Դուք ավարտել եք Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտը, ինչո՞ւ որոշեցիք դառնալ բանկիր:

– Դեռևս դպրոցական տարիներին ես տարվեցի ինքնաթիռներով, սկսեցի հաճախել խմբակ և լրջորեն զբաղվել ավիամոդելավորմամբ: Բազմիցս մասնակցել եմ Հայաստանի մրցաշարերին և զբաղեցրել մրցանակային տեղեր, 16 տարեկանում դարձա սպորտի վարպետի թեկնածու, և, որպեսզի ի կատար ածեմ երազանքս, ոչ ավելի, ոչ պակաս` «ԶԱՔ» ինքնաթիռ նախագծեմ, որոշեցի ընդունվել Ավիացիոն ինստիտուտ: Ուսանողական տարիներին բավականին ակտիվ էի, կոմերիտմիության անդամ էի, կազմկոմիտեի ղեկավար: Կուսակցությանն էլ շատ վաղ հասակում անդամագրվեցի, և պարզվեց, որ ես ունեմ լավ կազմակերպչական հմտություններ և կարող եմ հաջողությամբ կատարել հանրային աշխատանք: Ինձ դուր էր գալիս այդ ակտիվ գործունեությունը, և նույնիսկ մտածում էի՝ արդյոք չդառնա՞մ «կուսակցական խոշոր ղեկավար», թեև, կարծում եմ, 20 տարեկան հասակում և հայկական ազգանունով Մոսկվայում դա դժվար կլիներ:

Ուսանողական տարիներին և կոմերիտմիությանը հաջորդեցին «ազատ» 90-ականները: Եվ մենք բոլորս ցանկացանք զբաղվել բիզնեսով, փորձել նորը: Բացվեցին ավելի լայն հնարավորություններ, ուրվագծվեցին նոր խնդիրներ և նպատակներ: Ծագեց բիզնեսում կայանալու և իրական գումար, այսպես ասած, առաջին միլիոնն աշխատելու ցանկությունը: Բիզնեսում իմ առաջին քայլերը ևս կապված էին ավիացիայի հետ. գործընկերներիս հետ մենք ստեղծեցինք լաբորատորիա և ավիացիոն արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների հետ մշակում էինք էլեկտրոնային ծրագրեր: Հետո զբաղվել եմ շինարարությամբ, Սինգապուրից և Հնդկաստանից համակարգչային և կենցաղային տեխնիկայի, կաշվե ապրանքների ներկրմամբ:

Հենց բիզնեսում ես առաջին անգամ բախվեցի որակյալ սպասարկման կազմակերպման, հաճախորդներին համալիր ծառայությունների մատուցման խնդրին: Այդ ժամանակ էլ ծագեց սեփական բանկ ստեղծելու գաղափարը: Իսկ արդեն այսօր «Յունիաստրում Բանկը» Ռուսաստանի ամենահայտնի բանկերից մեկն է, մեզ շնորհել են մի շարք մրցանակներ, այդ թվում` Best Russian Brand, «Ֆինանսական Օլիմպ», «Ազգային բանկային մրցանակ»: «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգն աշխատում է 100-ից ավելի երկրներում, ունի ավելի քան 333,5 հազար սպասարկման կետ: Ապրանքանիշի ճանաչվածությամբ առաջինն է Ռուսաստանում:

Իսկ ինքնաթիռների հանդեպ սերը կա մինչ օրս, երեխաներիս հետ միասին մեծ հաճույքով պլաներներ եմ բաց թողնում երկինք…

 – Ի՞նչը շարժառիթ դարձավ Հայաստանում ներդրումներ կատարելու և բանկ հիմնելու համար: Տուրքը հայրենիքին:

– Այն, որ ես հայ եմ, ծնվել և մեծացել եմ Հայաստանում, իհարկե, իր նշանակությունն ունի: Մարդը պետք է միշտ հիշի և սիրի իր հայրենիքը, գնահատի այն, ինչ հայրենիքն արել է իր համար: Հաճելի է օգտակար լինել քո երկրին, երբ քո գործն ուղղված է հասարակության բարօրությանը: Նման աշխատանքը ոչ միայն նյութական օգուտ, այլև հոգու հանգստություն է պարգևում: Դրա հետ մեկտեղ, ցանկացած ներդրում պետք է ինքնածախսածածկվի և շահույթ բերի: Մենք ուսումնասիրել ենք շուկան, վերլուծել պահանջարկը, գնահատել մեր հնարավորություններն ու ռիսկերը: Դա մի մարտահրավեր էր, որը մենք հաջողությամբ հաղթահարեցինք: 2001թ.-ին, երբ մենք նոր էինք սկսում, «Յունիբանկի» կապիտալը կազմում էր 5 մլն դոլար, իսկ այսօրմոտ 50 մլն դոլար է, ակտիվները կազմում են մոտ 400 մլն դոլար: Բանկը սպասարկում է ավելի քան 270 000 հաճախորդի: «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցը ներառում է 46 սպասարկման կետ, և մենք շարունակում ենք այն ընդլայնել: Նոր աշխատատեղեր, նոր վճարումներ պետբյուջե: Ամեն տարի «Յունիբանկը» Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում է:

Մեր ձեռքբերումները ողջ թիմի համատեղ աշխատանքի արդյունք են, բանկի մենեջմենթի հետ մենք աշխատում և զարգանում ենք արդեն 14 տարի: Կրկնակի հաճելի է, որ բանկի ստեղծման օրվանից ի վեր մեզ հետ են նաև հաճախորդներից շատերը:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք 2015-ի համար: Կհաջողվի՞ իրագործել նպատակները:

– «Յունիբանկի» զարգացման առաջնահերթ ուղղությունները մանրածախ բիզնեսն է և աջակցությունը ձեռնարկատիրությանը: Հաճախորդների այդ սեգմենտները մեզ համար մնում են հիմնական, չնայած ձեռնարկատիրական ակտիվության և ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերի փոքր-ինչ նվազմանը: Պարզ է, որ Ռուսաստանում էլ, Հայաստանում էլ հեշտ տարիներ չեն սպասվում, ֆինանսավորման աղբյուրներն ավելի սուղ են: Դա պետք է ընդունել ի գիտություն և ադեկվատ գնահատել ռիսկերը: Պետք է հարմարվել իրավիճակին, փնտրել նոր հնարավորություններ, աճել ներքին ռեսուրսների հաշվին: Մենք շեշտը դնում ենք բանկի ինովացիոն զարգացվածության բարձրացման վրա, դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Դրա հետ կապված լուրջ ներդրումներ են իրականացվել ենթակառուցվածքի, բիզնես գործընթացների ավտոմատացման ուղղությամբ, որի արդյունքում բարձրացել է կայացված որոշումների որակը: Զգալի ներդրումներ ենք պլանավորել նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Միայն TIER3 միջազգային չափանիշերին համապատասխան սերվերային սենյակի ստեղծման համար ներդրումների ծավալը կկազմի 300 մլն դրամ: Այնպես որ, պետք է աշխատենք և շարժվենք առաջ:

Zaqaryan (1)

– Հաշվի առնելով Ձեր փորձը, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներդրումային գրավչությունը և հեռանկարային հնարավորությունները:

– Ներդրումային գրավչության և մրցունակության բարձրացման առանցքային գործոններից մեկը ճիշտ տեղեկատվական դաշտի ստեղծումն է, երկրի շահերի լոբբինգը: Շատ կարևոր է ի ցույց դնել առկա հնարավորությունները, բիզնեսի վարման պայմանները: Չնայած որոշ կարծրատիպերի, Հայաստանը բիզնես ակտիվության համար բավականին բարենպաստ երկիր է: Շատ այլ երկրների համեմատ՝ այստեղ ներդրումային մթնոլորտն ավելի լավ է, երկիրն ավելի բաց է ներդրումների համար: Նախագծերի ուղեկցման ենթակառուցվածքը, վարչական ընթացակարգի օպտիմալացումը, վերահսկող և ստուգող օղակների հետ հարաբերությունը և պետության ակտիվ մասնակցությունը հեշտացնում են բիզնեսի մուտքը երկիր: Հայաստանի իշխանությունները բաց են ներդրողների, բիզնեսի հետ երկխոսության համար և պատրաստակամ են հարցերի քննարկմանը, այդ թվում` օրենսդրական դաշտի վերաբերյալ: Տնտեսական նպատակահարմարության տեսակետից, կարծում եմ՝ կարելի է մեկնարկ տալ նոր հետաքրքիր նախագծերի:

Մենք, օրինակ, այս տարի ընդլայնել ենք ներկայությունը Հայաստանում և ստեղծել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ինովացիոն նոր ընկերությունը, որը զբաղվում է ֆինանսական հատվածի համար առաջադեմ ծրագրային ապահովման մշակմամբ և մատակարարմամբ: Այն մասնագիտացված է բիզնես գործընթացների ավտոմատացման, CRM-ի և Big Data-ի ոլորտներում, և հանդիսանում է ԱՊՀ երկրներում Salesforce.com-ի արտոնագրված գործընկերը: «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության լուծումներն ուղղված են ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների օպտիմալացմանը, աշխատանքի որակի բարելավմանը, արտադրողականության և վաճառքների արդյունավետության բարձրացմանը:

Ի դեպ, «Յունիբանկն» առաջինը Հայաստանում գործարկեց վարկային հայտերի հաստատման ավտոմատացված համակարգը` «վարկային կոնվեերը»՝ ամպային CRM համակարգի հիման վրա: Դա հնարավորություն տվեց մեզ ավտոմատացնել հաճախորդի վարկունակության գնահատման և պրոֆիլի կառուցման գործընթացը` բացառելով աշխատակիցների կողմից «ձեռքով» աշխատանքը: Այդ կերպ էապես կրճատվեց վարկային գործարքների ձևակերպման և սպասարկման ժամանակը, ինչը, իր հերթին, հնարավորություն տվեց ավելացնելու բանկի մանրածախ վարկերի քանակը մի քանի անգամ: Միայն 2014-ին բանկի «վարկային կոնվեերն» ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ, որից մոտ 50%-ը հաստատվել է: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվել է մեկ րոպեում: Նախատեսում ենք նաև ավտոմատացնել բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը:

– «Յունիբանկն» ակտիվ աշխատում է փոքր և միջին բիզնեսի հետ: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ աջակցություն է անհրաժեշտ ՓՄՁ-ներին այսօր:

– ՓՄՁ-ները Հայաստանում ապահովում են ՀՆԱ-ի մոտ 50%-ը: Դրանց զարգացման համար անհրաժեշտ է մշակել մտածված, երկարաժամկետ ռազմավարություն` մշտապես արդիականացնելով այն՝ ընթացիկ իրավիճակին համապատասխան: Անհրաժեշտ է ցուցաբերել համակարգված մոտեցում, որպեսզի վերհանվի, թե տնտեսության որ ճյուղերն են ավելի կայուն, որոնք ունեն հետագա զարգացման ներուժ: Իմ համոզմամբ, այս ուղղության զարգացման քաղաքականությունը պետք է լինի առաջնահերթ և համապատասխանի ձեռնարկատիրության շահերին` ընդհուպ մինչև հարկային և վարկային արտոնությունների տրամադրում: Հատկապես դա վերաբերում է ընտանեկան ոչ մեծ բիզնեսներին, սահմանամերձ կամ հեռավոր շրջաններում գործող ձեռնարկություններին:

Մենք՝ հայերս, ունենք գործարար ջիղ և, եթե ստեղծենք բարենպաստ միջավայր ՓՄՁ-ների նախաձեռնությունների իրականացման համար և ապահովենք մատչելի ֆինանսական ռեսուրսներով, ապա արդյունքները շոշափելի կլինեն ողջ տնտեսության համար:

– Իմ հաջորդ հարցը վերաբերում է ՀՀ բանկային համակարգի հետագա զարգացման սցենարին: Կենտրոնական բանկի կողմից նորմատիվների խստացման որոշումը որքանո՞վ է արդարացված:

– Իրավիճակը փոխվել է, փոխվել է նաև ԿԲ-ի քաղաքականությունը: Անցած տարվա դեկտեմբերին մենք ականատես եղանք արժույթի փոխարժեքի զգալի տատանումներին, որն իրարանցում առաջացրեց շուկայում: Դրամի թուլացումը պայմանավորված էր արտաքին տնտեսական իրավիճակով և բնակչության խուճապային տրամադրությամբ: Եվ պետք է արժանին մատուցել և՛ վերահսկողին, և՛ բանկերին, որոնց կարճ ժամանակահատվածում հաջողվեց կայունացնել շուկան:

Ո՞րն է այդ որոշման գլխավոր ուղերձը: Մեծացնել դրամային ավանդների և դրամային վարկերի ծավալը: Ես լիովին համաձայն եմ ԿԲ-ի դիրքորոշման հետ:

Նորմատիվների խստացումն այսօրվա իրողության պահանջն է, բայց վաղն իրավիճակը կարող է փոխվել, և ԿԲ-ն կարող է վերանայել դրույքները: Ցանկացած երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակն անընդհատ փոխվում է՝ կախված ներքին և արտաքին շուկաներում վերափոխումներից: Կարծում եմ՝ ցանկացած բանկիր պետք է պատրաստ լինի և կարողանա աշխատել տարբեր իրավիճակներում, օպերատիվ հարմարվել նոր պայմաններին:

– Վերջերս հնչում են կարծիքներ, որ մենք ունենք միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու բոլոր նախադրյալները:

– Հայաստանյան բանկերն իրոք ցուցադրեցին միջազգային կենտրոնի ձևավորման համար անհրաժեշտ կայունություն ու աշխատանքի արդյունավետություն: Ինչ խոսք, տեղական շուկայում տուրբուլենտությունը դեռևս զգացվում է, բայց հեռանկարում մենք կարող ենք ամրապնդել մեր ներկայությունը միջազգային շուկայում և հետաքրքիր լինել օտարերկրյա հաճախորդների համար: Արդեն այսօր Հայաստանի բանկային համակարգը մեծ պահանջարկ ունի ավանդատուների մոտ: ՀՀ բանկերի ընդհանուր ավանդային պորտֆելի մոտ 20%-ը բաժին է ընկնում ոչ ռեզիդենտներին: «Յունիբանկի» փորձով ասեմ, որ մենք նկատում ենք ավանդների աճի միտում Ռուսաստանից, Եվրամիության երկրներից և Մերձավոր Արևելքից:

Իմ կարծիքով, Հայաստանի վերածումը ժամանակակից ֆինանսական կենտրոնի՝ տարածաշրջանային մակարդակով երկրի տնտեսական աճի և երկարաժամկետ ներդրումների ներգրավման լավագույն խթանը կլինի: Վերջերս մենք դուրս եկանք արտաքին բանկային շուկա՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար նոր` U-Planet քարտի առաջարկով: Արդեն հետաքրքրությունը քարտի նկատմամբ զգացվում է: Հաճախորդներ ունենք անգամ Աֆրիկայից:

U-Planet քարտը հնարավորություն է տալիս դրամական միջոցներն ապահով պահել հայրենիքում, ստանալ լրացուցիչ եկամուտ և, անհրաժեշտության դեպքում, դրանք ծախսել ամբողջ աշխարհում: U-Planet-ը Visa միջազգային բազմարժութային քարտ է, որը կարելի է առցանց պատվիրել ցանկացած երկրից: Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ բանկը կհաշվարկի բարձր տոկոսադրույք` տարեկան 4%՝ ԱՄՆ դոլարի/եվրոյի, և 8%` ՀՀ դրամի համար: Այնպես որ, գումարը հայաստանյան բանկում պահելն ապահով է և շահավետ:

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ վերափոխումներ են անհրաժեշտ միջազգային ֆինանսական շուկայի հետ առավել սերտ ինտեգրման համար:

– Ֆինանսական կենտրոնի ձևավորումը բավականին ամբիցիոզ նպատակ է, և դրա իրագործման համար անհրաժեշտ է երկարաժամկետ համալիր ծրագիր: Բանկերն իրենք ստիպված կլինեն վերանայելու իրենց ռազմավարությունները: Փոփոխությունների կենթարկվի սպասարկման մոտեցումը, շեշտը կդրվի ինովացիոն տեխնոլոգիաների և աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա: Որպես ֆինանսական կայունության գրավական՝ կպահանջվի կայուն ենթակառուցվածք: Դրանով պայմանավորված՝ բանկերը պետք է մեծացնեն կապիտալը, միավորվեն, խոշորանան: Այնպես որ, 2017-ին մինչև 30 մլրդ դրամի կապիտալի համալրման ԿԲ-ի պահանջը համապատասխանում է համաշխարհային տնտեսության պահանջներին և ժամանակակից միտումներին: Դա զարգացման համահունչ ընթացք է, նոր իրողություն, որին, կարծում եմ, պատրաստ են հայաստանյան բոլոր բանկերը:

«Յունիբանկի» կապիտալը կազմում է մոտ 22 մլրդ դրամ, մենք նախատեսում ենք այն ավելացնել սեփական միջոցների հաշվին: Բայց ես, ինչպես և ցանկացած բիզնեսմեն, չեմ բացառում զարգացման այլ սցենարներ: Օրինակ, դիտարկում ենք կապիտալի համալրման հնարավորությունը բաժնետոմսերի թողարկմամբ: Մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավումը կբարձրացնի մանրածախ բիզնեսի որակը, կխթանի մասնավոր ներդրումների շուկայի զարգացումը Հայաստանում:

Zaqaryan (3)

– Պլանավորո՞ւմ եք արդյոք ընդլայնել օտարերկրյա հաճախորդների համար նախատեսված ծառայությունների ցանկը:

– Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդների համար «Յունիբանկը» զարգացնում է անհատական բանկային սպասարկման ծառայությունը: Unibank Privé հաճախորդներին առաջարկում ենք լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջեր, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ: Մենք առաջարկում ենք գումարի ավանդադրման շահավետ պայմաններ` մինչև 17.5% տարեկան:

Հաճախորդներին առաջարկում ենք նաև պրեմիում կարգի բազմարժութային քարտեր` օրական 24 ժամ անհատական սպասարկմամբ, բժշկական ու իրավաբանական աջակցությամբ և կոնսերժ ծառայություններով: Ծրագրում ընդգրկված է նաև Priority Pass քարտը, որը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների VIP-գոտիներ:

– Ի՞նչ է նշանակում փողն անձամբ Ձեզ համար:

– Փողն ազատության մի հատվածի ապահովումն է, բերում է ուրախություն և ոչ միայն՝ անձնական: Ավելի մեծ գոհունակություն ես ստանում, երբ ուրախություն ես պարգևում ուրիշներին: Մենք բոլորս հասկանում ենք, որ կյանքը չի վերջանում ընտանիքով և աշխատանքով, կա հասարակություն, որում մենք ապրում ենք, և այն ևս ուշադրություն է պահանջում: Մարդուն հատուկ է՝ օգնել իր մտերիմներին: Դա մեր սոցիալական պատասխանատվության մասն է: Ես, ինչպես և այլք, ովքեր կարողացել են ինչ-որ բան վաստակել, մասնակցում են բարեգործական ակցիաներին: Ակտիվորեն աջակցում ենք տարբեր մանկական հիմնադրամների, այդ թվում՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամին Հայաստանում և Ռուսաստանում: Առաջին տարին չէ, որ օգնում ենք անցկացնել սամբոյի մանկական մրցաշար: Հայաստանում ֆինանսական աջակցություն ենք տրամադրել դպրոցների բարեկարգմանը, ավիամոդելավորման խմբակին, ուր դպրոցական տարիներին հաճախել եմ նաև ես:

Zaqaryan (4)

Ընդգրկված ենք եղել Երևանի բարեկարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրում, աջակցել ենք «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիային: Ակտիվորեն մասնակցում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոներին: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք Ջիվան Գասպարյանի հետ, և, երբ նա կիսվեց դպրոց բացելու գաղափարով, մեծ հաճույքով օժանդակեցինք այդ նախաձեռնությանը:

Մեր մասնակցությամբ Ռուսաստանում անցկացվում են հայ արտիստների ելույթներ, մասնակցություն ենք ունեցել Շառլ Ազնավուրի, Շերի, Ջիվան Գասպարյանի համերգների կազմակերպմանը Ռուսաստանում, հրավիրել ենք օտարերկրյա արտիստների Հայաստան:

Որևէ մշակութային միջոցառման ֆինանսավորումը ոչ միայն օգնություն է արտիստին կամ նկարչին, այլև միջոց` հնարավորություն տալու մարդկանց՝ վայելելու նրանց արվեստը, զգալ հաճույք, բերկրանք, ամրապնդել մշակութային կապերը երկու երկրների միջև: Ինձ շատ է դուր գալիս, որ մենք Գարեգին Թոսունյանի հետ ամսական երկու անգամ հրավիրում ենք տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ավանդական «բանկային խաշի» և քննարկում վիճակն աշխարհում, տնտեսությունը…

– Այս տարի աշխարհը նշում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

– Մեր ընտանիքը և՛ մայրական, և՛ հայրական կողմից Արևմտյան Հայաստանից են: Ջարդի ժամանակ մեր ընտանիքի շատ անդամներ ևս նահատակվել են: Մենք՝ հայերս, պարտավոր ենք վառ պահել 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը և թույլ չտալ, որպեսզի նմանը կրկնվի: Մենք պետք է հիշենք դա և պահանջենք Ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում, պահանջենք, որպեսզի արժանի գնահատական տրվի այդ հանցագործությանը և նրա կազմակերպիչներին:

– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ մոտեցում եք կիրառում դաստիարակման հարցերում, տիրապետո՞ւմ են արդյոք հայերեն լեզվին: Ո՞վ է ցանկանում շարունակել Ձեր բանկային գործը:

– Ընտանեկան դաստիարակությունը շատ հետաքրքիր և կարևոր հարց է, որում գլխավոր դերը խաղում է անձնական օրինակը: Երեխան սպունգի պես ներծծում է այն ամենը, ինչ կատարվում է շուրջը: Եթե ընտանիքում կա սեր, հարգանք, օրինակ, թե ինչպես պետք է զբաղվես քո գործով, վերաբերվես ծնողներիդ, կնոջդ, դա, իմ կարծիքով, դաստիարակման լավագույն տարբերակն է: Մենք շատ ենք ծանրաբեռնում երեխաներին` տարբեր խմբակներ, սպորտ, լեզուների ուսուցում, շախմատ: Շատ ծնողներ խնայում են իրենց երեխաներին: Բայց ընդհակառակը` նրանց ամեն ինչ հետաքրքիր է, երեխան ձգտում է զարգացման: Որքան շատ ներդնես նրա մեջ, այնքան շատ նա կիմանա և կկարողանա: Շատ կարևոր է հենց վաղ հասակում զարգացնել տրամաբանական մտածողությունը: Սա է մեր մոտեցումը դաստիարակությանը:

Zaqaryan (2)

Ես հպարտանում եմ իմ երեխաներով, նրանք մեծանում են կրթված, ինքնուրույն, կյանքի, ընկերների, կանանց հանդեպ ճիշտ վերաբերմունքով: Ավագ տղաս զբաղվում է բիզնեսով` ապահովագրական բրոքերությամբ: Դուստրս սովորում է Լոնդոնում, ընտրել է բարդ մասնագիտություն` գեոֆիզիկա: Վերջերս նա հետաքրքրություն է ցուցաբերում նաև բիզնեսի նկատմամբ, հնարավոր է՝ մագիստրատուրան շարունակի այդ ուղղությամբ: Երկու փոքրերը դեռ դպրոցական են:

Հայերենն ակտիվորեն սովորում են: Համալսարանում, որտեղ սովորում է աղջիկս, գործում է ուսանողական հայկական ակումբ, ընկերների հետ միասին Լոնդոնում հաճախում են հայկական եկեղեցի: Կրտսեր երեխաներիս ամռանը նախատեսում եմ ուղարկել Հայաստան` հայերենի իմացությունը զարգացնելու և ներծծվելու հայկական մենթալիտետով:

 

Տեսանյութեր

Լրահոս